Գրքեր

Կրթության մասին

Հնուց ի վեր հայոց մեջ կարևորվել է կրթությունը: Մինչև 5-րդ դարում հայոց գրերերի գյուտը մեր նախնիներն օգտագործել են հունարեն, ասորերեն գրերը, ազնվականներն իրենց կրթությունն ստացել են նաև օտար երկրների նշանավոր ուսումնական հաստատություններում: Ինչպիսի՞ն է եղել կրթության դերն ու նշանակությունն անցյալում:           

Կրթության և դրա նպատակի մասին պատկերացումները փոփոխվել են տարբեր ժամանակներում: Հնում` հատկապես նախքան քրիստոնեությունը, հասարակ ժողովուրդը կրթության մատչելի հնարավորություն չի ունեցել: Հիմնականում բարձր խավ համարվողներն են տառաճանաչ եղել, հաղորդվել տարբեր գիտություններին, սովորել մասնավոր ուսուցիչների մոտ կամ օտարերկրյա հայտնի ուսումնական հաստատություններում: Կրթությունը համարվել է սովորելու ձև, որով մինչ այդ ժամանակն ամբարված գիտելիքները, հմտությունները, հավատալիքները, սովորույթները փոխանցվել են մի սերնդից մյուսը: Կրթվածությունը, սակայն, սոցիալական դիրքի, պաշտոնի ձեռքբերման համար երկրորդական է եղել, քանզի առաջնային էր համարվում ժառանգականության գործոնը, անձնական հմտությունը: Թագավորների և նրանց տարբեր պաշտոնյաների տոհմերը հաճախ դարերով շարունակել են իրենց գործառույթները: Հասարակ ժողովրդի մոտ կրթությունը գրաճանաչության կամ գիտությունների հետ չի կապված եղել, այլ արհեստների, հմտությունների, բանավոր իմաստության փոխանցման:

Հին Կտակարանը բազմիցս գովերգում է իմաստությունը, խոսում դրա անհրաժեշտության մասին, ինչն ավելի շուտ հինկտակարանյան ժամանակաշրջանում հասկացվում էր Աստծո կամքի իմացություն և դրան համապատասխան վարմունք, իմաստուն, խելացի, աստվածահաճո վարքի դրսևորում կենցաղում, մարդկանց հետ հարաբերություններում:

 

Դարերի ընթացքում մարդկանց ընկալումները, հավատալիքները փոխվել են: Այդ իրողությանը զուգահեռ փոխվե՞լ է արդյոք կրթության մասին պատկերացումը:

Քրիստոնեության ընդունումից հետո կրթության վիճակը Հայաստանում զգալիորեն բարելավվեց: Եկեղեցիներին կից դպրոցներում, մեծ ուսուցչապետների կողմից հաստատված համալսարաններում հնարավորություն ստացան սովորելու նաև հասարակ ժողովրդի զավակները, ովքեր լրացնում էին հոգևորականության շարքերը, ըստ իրենց ընդունակությունների և հոգևոր փորձառության, զբաղեցնում տարբեր պատասխանատու պաշտոններ եկեղեցական անդաստանում: Կրթությունը համարվեց միջոց կարող մարդկանց կրթելու, նրանց ունակություններ ու գիտելիքներ հաղորդելու` Եկեղեցուն ու ժողովրդին ծառայության մատուցման համար:

Բացի դրանից, անուսումնությունը, տգիտությունը, հատկապես հայոց պատմիչ Եղիշեի ազդարարմամբ, համարվեց չարիքի կամ դրա տարածմանը նպաստող պատճառ. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից: Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից: Լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից: Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա, որ ամենից մեծն է: Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չանի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել: Իսկ եթե մարմնավոր բաների վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է: Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ: Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»: Տգիտությունն այստեղ նկատի է առնվում առաջին հերթին աստվածային կամքի իմացությունից զուրկ լինելու, ինչպես և իմաստության համաձայն` ճիշտ, հոգածու, արդար ձևով չապրելու, խելացիություն չդրսևորելու առումով: Տառաճանաչությունից, գրականության ընթերցումից, ճշգրիտ գիտությունների տիրապետումից առավել է համարվում նախ Աստծո կամքն իմանալը, քանզի մարմնավոր իրողությունների պարագայում, եթե կարևոր է գիտելիքը, ապա որքան առավել ևս համապատասխան իմացություն է անհրաժեշտ հոգևոր կյանքի համար: Հայոց պատմիչը, տգիտության վնասակարությանը, մտքի զարգացման անհրաժեշտությանն անդրադառնալով, աշխարհական և հոգևոր իրողությունների շրջագծում շեշտում է հոգևորի առաջնայնությունը:

Մուսուլմանական երկրներում ևս համատարած կրթություն չի եղել: Կանանց համար հատկապես կրթությունը դժվար հասանելի իրողություններից էր: Ներկայումս մուսուլմանական առավել հետադիմական երկրներում հասարակական ու պետական կյանքում տղամարդկանց իշխանության և կանանց ստորադասության պայմանների ներքո կանանց ոչ միայն բարձրագույն, այլև տարրական կրթության հարցը բավականին լուրջ է: Կրթությանը խոչընդոտում է նաև որոշ մուսուլմանական պետություններում դեռ մանուկ հասակից աղջիկների` տարիքով մեծ տղամարդկանց հետ ամուսնացնելու սովորույթը:

Նոր ժամանակներում անձի կրթության իրավունքի գիտակցումով բավականին առաջխաղացում եղավ այս ասպարեզում: Կրթությունը հասանելի եղավ շատերին, մինչդեռ հնում կրթության հնարավորությունն ունեին «բարձր խավի» մարդիկ: 20-րդ դարում Խորհրդային Միությունը, չնայած իր աթեիստական և եկեղեցամարտ բնույթին, համատարած կրթությունը հասանելի և պարտադիր դարձրեց Միության կազմի մեջ մտած բոլոր երկրների բնակչության համար: Սակայն ոչ միայն հավատալիքների, այլև հասարակարգերի փոփոխություններով կրթության նպատակի այլ ընկալում ի հայտ եկավ: Կրթությունն սկսեց համարվել ոչ միայն գրագիտության, գիտելիքների ստացման, միջանձնային հաղորդակցության ընդունակության զարգացման միջոց, այլև միտվեց դեպի գիտելիքի և հմտությունների ձեռքբերմանը` արժեք ստեղծելու, ապրուստի միջոց հայթայթելու, նյութական հարստություն ունենալու, անհատական ներուժը զարգացնելու համար:

 

Արդի աշխարհի պետություններն իրենց հսկողության կամ հովանավորության ներքո են պահում կրթական համակարգը, կրթության մատուցման հարցը, օժանդակում են ուսումնական հաստատությունների գործունեությանը: Պետության համար ո՞րն է կրթության նշանակությունը:

Պետությունն այլ դիրքից է նայում կրթությանը: Պետության համար կրթության և դրա առաջընթացի հիմնական նպատակը ոչ միայն անձի մտավոր ունակությունների, մարդու հմտությունների, ստեղծագործական ընդունակությունների զարգացումն է, այլև դրանով հանդերձ` երկրի մտավոր և մշակութային ներուժը բարձրացնելը: Կրթության գործը կազմակերպվում է բնակչության կամ հասարակության, ինչպես և աշխատանքի շուկայում առկա պահանջարկին համապատասխան: Առանձին անձի շահի կողքին նկատի է առնվում հատկապես տարբեր մասնագետների առնչությամբ պետության պահանջարկը:

Այսպիսով, պետությունը հովանավորում և կարևորում է կրթությունը` երեխաներին քաղաքացիության նախապատրաստելու, պատրաստելու հմուտ, փորձառու աշխատուժ, զարգացնելու մտավոր կամ նյութական արտադրողական ուժը, օգնելու աշխատանքային ասպարեզ մտնողներին կրթությամբ ստացած իրենց գիտելիքներով մրցակցելու տեղական, նաև համաշխարհային աշխատաշուկայում: Կրթության բնագավառի զարգացումը դիտվում է որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:

 

Այսօր առաջատար են համարվում արևմտյան կրթական համակարգն ու ծրագրերը: Տարբեր երկրներ, այդ թվում և Հայաստանը, հրաժարվում են կրթության մատուցման նախկինում ընդունված ձևերից` ընդունելով արևմտյան նոր չափանիշներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Կրթության ասպարեզում տարբեր շեշտադրումները կախված են տվյալ երկրի տնտեսական, հասարակական, հոգևոր, մշակութային, նաև քաղաքական իրադրությունից: Հասարակական պատվերը, կրթության ասպարեզում պետության և հասարակության պահանջարկներն ազդում են մանկավարժության բովանդակության ձևերի վրա, թելադրվում է մասնագետների պատրաստում, որոնց կարիքը կա նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում: Այդ ամենն իրականացվում է երկրների Կրթության նախարարության միջոցով:

Ներկա ժամանակներում քաղաքական գործոնն իր կշիռն ունի կրթության մեջ: Պետությանը և իշխանություններին անհրաժեշտ են այնպիսի կրթական դաստիարակություն ու քարոզչամիջոցներ, որոնցով կտարածվի և կարմատավորվի իրենց գաղափարախոսությունը, որով հիմք կհաստատվի պետական տվյալ համակարգի գոյատևման համար: Դրա վառ օրինակն են Խորհրդային Միությունը, որը միջնակարգ ու բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում տարածում էր աթեիզմի և սոցիալիզմի իր գաղափարաբանությունը, ինչպես և այսօր` Չինաստանը, որը կրթության միջոցով կոմունիզմի գաղափարներն է տարածում, Հյուսիսային Կորեան, որտեղ ևս գիտելիքի մատուցումից զատ ակնհայտ քաղաքական և գաղափարաբանական կրթություն է իրականացվում: Այդպիսի երկրներում ձևափոխվում և նույնիսկ աղավաղվում է «պատմություն» առարկան` ընդունված գաղափարախոսության շահերի համաձայն: Պետություններում քաջալերվում է ենթակա մարդկանց և տվյալ պետության քաղաքական համակարգում գերիշխող գաղափարախոսությանը հարող անձանց պատրաստումը` հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների, կառավարման մարմինների կազմում քաղաքական գործիչների լայն ներգրավվածությամբ կամ իշխող կուսակցության կողմից աջակցությամբ, ինչպիսի օրինակներ կան նաև Հայաստանում:

20-րդ դարի կեսերից սկսյալ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսնելով Խորհրդային Միության ձեռքբերումներն ու նվաճումները հատկապես տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության մեջ, լրջորեն մտահոգվեց ամերիկյան կրթության արդյունավետության առնչությամբ և ըստ Խորհրդային Միության կրթական համակարգի չափանիշների` փոփոխություններ կատարեց իր կրթական ասպարեզում: Այսօր, ընդունելով արևմտյան կրթական մոտեցումներ, չպետք է մոռանալ նաև ամեն երկրի ու ժողովրդի համար առանձահատուկ պայմանների, պահանջարկի, մշակութային յուրահատկության, ավանդույթների և հավատալիքի առկայությունը:

Նոր ժամանակներում կրթությունը միտում ունի վերածվելու կրթական արտադրության` ըստ տրված ցուցանիշների: Երբեմն թվում է, որ կարծես կրթության կաղապարով միանման մարդիկ են ձուլում: Տարբեր առարկաների գիտելիքները փոխանցելով` հետո ստուգում են, թե որքանով են սովորած աշակերտները համապատասխանում կրթության արտադրության չափանիշներին: Ներկա աշխարհիկ կրթության ասպարեզում մեկ այլ բացասական մոտեցում է նկատվում` մատերիալիստական տեսակետի պարտադրանքը մարդկության պատմության, մարդու ծագումնաբանության հետ կապված: Կրթության ոլորտում մատերիալիստական հայացքի մենաշնորհը գալիս է այն իրողությունից, որ երբեմն գիտության որոշ գործիչներ գիտությունը փորձել և փորձում են դարձնել գաղափարախոսություն ընդդեմ քրիստոնեության:

Թերևս առավել արդյունավետ կլիներ զարգացնելու մտածողության ստեղծարարության, ինքնուրույն վերլուծելու, նախաձեռնող լինելու ընդունակությունները, քան ուշադրությունը սևեռել բարդ բառապաշարով տեքստերի բերանացի վերարտադրության և թվականների անգիր սովորելու պարտադրանքի վրա, այսինքն` ավելի զարգացնելու ստեղծարար մտածողությունը, գիտելիքը բարօրությանը ծառայեցնելու ունակությունը և ոչ թե մտածողության հիշելու կարողությունը: Քրիստոս Իր աշակերտներին ընտրեց ոչ թե գիտուններից ու գիտնականներից, այլ մարդկանցից, ովքեր ոչ շատ իմաստուններ էին, ոչ շատ հզորներ, ոչ շատ ազնվականներ (Ա Կորնթ. 1.26), ովքեր ճշմարտությունը, ճշմարիտ գիտելիքն ընդունելով` իրենք վերափոխվեցին դրանով և իրենց նախանձախնդրության, ջերմեռանդության, նվիրվածության, նաև անձնուրացության հատկանիշների շնորհիվ առաջադեմ գաղափարներ տարածեցին մարդկության մեջ և բարեշրջեցին աշխարհի ընթացքը: Մինչդեռ իմաստություն, գիտելիքների հսկա պաշարներ ունեցողները դրանք ճիշտ օգտագործելու, ինքնանպատակ չլինելու, վեհ և առաքինի կյանքով ապրելու, մարդկությանը ծառայություն բերելու, համընդհանուր շահի համար գործունեություն ծավալելու նախանձախնդրություն չունեին: Դրա համար է Սուրբ Գրքում ասված. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ: Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր` բանգետը, ո՞ւր` այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը. քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն Նրա իմաստությամբ» (Ա Կորնթ. 1.19-20), «իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և hիմարացան» (Հռ. 1.22): Արդ, «Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25):

 

Որո՞նք են կրթության վերաբերյալ աշխարհիկ և քրիստոնեական տեսակետների հիմնական տարբերությունները:

Քրիստոնեական կրթության նպատակը տարբերվում է աշխարհիկ կրթության նպատակից: Քրիստոնեական աշխարհընկալման մեջ մարդն ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Եվ մարդու աստվածանմանության գիտակցման ու հաստատման ջանքը մարդու ձևավորման գործընթաց է, որով կրթությունն ու քրիստոնեական դաստիարակությունն իրականացվում են համատեղ:

Վերածննդի ժամանակաշրջանից, երբ մարդն սկսեց համարվել արժեք` մարդակենտրոնության ընդգծումով, կրթությունը նկատվեց սոսկ որպես ինքնազարգացման, մշակույթին հաղորդվելու, աշխարհայացք, արժեքներ ձևավորելու միջոց: Կարծիք կա, որ այդ մոտեցմամբ կրթությունն Աստծո պատկերով մարդու ձևավորման ու զարգացման միջոցից դարձավ գործիք՝ անձնավորության ներաշխարհում սեփական պատկերի ստեղծման, Աստծուց անկախ, աշխարհում ինքնուրույն մարդու կազմավորման:

Կրթությունը միայն գիտելիքներ փոխանցելու միջոց չէ, այլև հոգևորապես կայացման կարևոր պայմաններից մեկը: Այս իմաստով Եկեղեցու առաքելության մեջ կրթությունը քրիստոսակենտրոն է: Մինչդեռ աշխարհիկ կրթությունը հումանիստական կամ մարդակենտրոն է, ըստ որի` կրթությունը նպատակաուղղված է անձնական ներուժի զարգացմանը, տարբեր գիտելիքների տիրապետմանը, դրանք իրականության մեջ կիրառելու ունակության և հմտության հնարավորության հաստատմանը: Թվարկվածից զատ Եկեղեցին կարևորում և առաջնային է համարում գիտելիքների մատուցումը երեխայի հոգևոր աշխարհի ձևավորմամբ, որը մաս չի կազմում կրթության վերաբերյալ աշխարհիկ տեսակետի:

           

Կրթության վերաբերյալ հոգևոր և աշխարհիկ տեսակետներում տարբերություններ են առաջ գալիս մի կողմից մարդու ձևավորման` որպես Աստծո պատկերով ստեղծվածի, արարչագործության պսակի ու մտավորի միջոցով նաև նրա հոգևոր ունակությունների զարգացման, մյուս կողմից` սոսկ տառաճանաչություն սովորեցնելու, գիտելիքներ տալով` քաղաքացի, մասնագետ պատրաստելու, կրթությամբ ստացված գիտելիքները պետության շահերին ծառայեցնելու նպատակով: Այս տարբերությունները, սակայն, համագործակցության եզրեր թողնո՞ւմ են կրթության ասպարեզում Եկեղեցու և պետության միջև:

Կրթության մասին աշխարհիկ ընկալումն ուղղված է դեպի ժամանակավորը, իսկ քրիստոնեականը ներառում է նաև հոգևոր ոլորտը և միտված է ժամանակավորից անդին` դեպի հավիտենությունը: Եկեղեցու համար կրթությունը զորացնում է մարդկանց ու աշխարհին բերվող ծառայության և դրանով իսկ աստվածանմանության մեջ` բարի կյանքով ու գործերով հավիտենական կյանքին արժանանալու համար: Այսինքն` մինչ պետության համար կրթության նպատակը երկրային է և իրականացվում է վերջավոր ժամանակի մեջ, հոգևոր տեսակետով` կրթությունը պիտի նպաստի նաև մարդու հոգևոր զարգացմանը և նպատակաուղղված լինի դեպի հավիտենություն:

Պետությունը գիտակցում է, որ Եկեղեցու հոգևոր-բարոյական ուսուցումն ու հոգևոր նպատակները մեծապես նպաստավոր են պետության մեջ օրինահարգության, կարգավորության, հայրենասիրության, ազգասիրության համար: Հայաստանի Հանրապետությունը կրթության մասին օրենքով հայտարարել է, որ կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է, և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին: Ակնհայտ է, որ պետության կողմից կրթության թիրախներից թվարկվում է հոգևորը: Այս դեպքում էլ, սակայն, նպատակն աշխարհային է: Քրիստոնեական տեսակետով կրթվելու, պետության օգտին հավատացյալի կողմից ծառայություններ մատուցելու վերջնական նպատակ է համարվում հոգևորը, Աստծո կամքի իրագործումը, հոգևոր և հավիտենական իրողությունների նկատառումը:

Թերևս Հայաստանի համար կարելի է ասել, որ այս տարբերությունները փոխլրացնող են, և Հայ Առաքելական Եկեղեցին սերտ համագործակցության մեջ է Կրթության և գիտության նախարարության հետ` նոր սերնդին կրթելու, գիտելիքներ մատուցելու, պատրաստելու պետության քաղաքացիներ և Եկեղեցու արժանավոր անդամներ, Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, Երկնքի արքայության ժառանգորդներ:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

02.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․