Գրքեր

Կյանքի գագաթնակետ նպատակը

Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1:27) և պատվիրեց՝ ասելով. «...․Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17): Ադամն ու Եվան իրենց ազատ կամեցողությամբ կերան բարու և չարի գիտության ծառից, և այսպիսով մահը մտավ աշխարհ իր ֆիզիկական, բարոյական և հոգևոր բաժիններով: Ինչքան էլ մարդիկ ուշադիր լինեն իրենց ուտելիքին, խմելիքին, ապրելակերպին, ժամանակի ընթացքում պիտի մեծանան, ծերանան, մեռնեն և մի օր  վերադառնան հողին՝ Աստծու խոսքի համաձայն. «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ. 3:19), և այսպիսով մարդու կյանքը երկրի  վրա դարձավ ժամանակավոր՝ բաղկացած սահմանափակ տարիներից:

Անցած հազարավոր տարիների ընթացքում մարդու երկրավոր կյանքը դարձել էր գլխավոր թեմա բազմաթիվ փիլիսոփաների, աստղագետների, պատմաբանների, բժիշկների, ֆիզիկոսների, բանաստեղծների և այլ մտավորական մարդկանց համար: Նրանք մտածեցին, խոկացին և վերլուծեցին մարդու ապրած կյանքը, որպեսզի ճանաչեն դրա իմաստն ու շեշտեն գագաթնակետ նպատակը: Սակայն բոլորի մոտ կյանքը նույն իմաստը չուներ, օրինակ՝ Մաքսիմ Գորկին ասում էր. «Կյանքն ի սկզբանե միշտ ձանձրալի է և այդպես մնում է հավիտյան», մինչ Կիկերոնն ասում էր. «Հույսը շարունակվում է կյանքի շարունակությամբ»: Սրանից անկախ, բոլոր մտավորականներն ու գիտնականները չէին հավատում, որ կյանքի գոյության պատճառը հենց Աստված ինքն է, որովհետև նրանց մեջ կային անաստված մարդիկ:

Կյանքն Աստծու կողմից մարդուն տրված պարգև է, որովհետև Նա Իր անսահման սիրով ստեղծեց մարդուն (Ծննդ. 1:26): Մարդու երկրավոր կյանքի բոլոր նպատակները չեն դասվում նույն մակարդակի վրա, որովհետև մարդը սոսկ միտք և մարմին չէ, այլ նաև հոգի (Ա Թես. 5:23): Աշխարհում ապրում է շուրջ 2,5 միլիարդ քրիստոնյա, որոնք ունեն կյանքի զանազան նպատակներ, օրինակ՝ ուսանել, աշխատել, վաստակել, ընտանիք կազմել և հոբբիներով զբաղվել: Այո, այդ բոլորը շատ կարևոր են, սակայն երբ խորապես մտածենք, պիտի տեսնենք որ դրանցից յուրաքանչյուրը ժամանակավոր է: Ուստի դրանք չեն կարող մրցակցել կյանքի գագաթնակետ նպատակի հետ, որը չիրագործելը համարվում է կյանքի ամենամեծ սխալը:   

Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ կյանքի իմաստին, վերլուծել կյանքի ընթացիկ նպատակները՝ ուսումը, աշխատանքը, վաստակը, ամուսնությունը,  աստվածաշնչական, տրամաբանական և վերլուծական մոտեցումներով՝ հասնելու համար կյանքի գագաթնակետ նպատակին:

Ուսում: Այո, ուսումը դպրոցներում և հետո համալսարաններում՝ իրենց  ֆակուլտետներով, ամբիոններով, առարկաներով, ընթերցանություններով, ստուգարքներով և քննություններով, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու կյանքում: Սակայն, երբ մարդու ուսմանը նայենք ժամանակի ակնոցով, այն պիտի թվա ժամանակավոր: Օրինակ՝ նորզելանդացի լրագրող Հարոլդ Ուիլյամսը, տարիներ շարունակ սովորեց և եկավ մի պահ, երբ նա կարողանում էր խոսել մինչև իսկ 58 լեզվով: Չնայած որ Հարոլդի ուսումն ու լեզվաբանական կարողությունը եզակի էին պատմության մեջ, սակայն դադարեցին նրա մահով: Ուստի, մարդու կյանքի գագաթնակետ նպատակը չի կարող համալսարաններում ստացած ուսումը լինել:

Աշխատանք: Աստված աշխատելու պատվիրանը տվեց Ադամին՝ ասելով. «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես» (Ծննդ. 3:19): Աշխատանքը մեր երկրավոր կյանքի մեծ բաժինն է գրավում, և դա համարվում էր բուժում Ռոբինսոնի համար, ուրախություն՝ Արիստոտելի համար, կյանք՝ Թոմաս Էդիսոնի համար, գիտության ճամփա՝ Բեռնարդ Շոուի համար, ընկեր՝ Մարգարեթ Ուայթի համար, անհրաժեշտություն՝ Բոդլերի համար:

Աշխարհի հին և նոր յոթ հրաշալիքները կառուցվել են մարդկանց տքնաջան և բծախնդիր աշխատանքի շնորհիվ, սակայն երբ մարդու աշխատանքի թեման քննարկենք տրամաբանական մոտեցումով, պիտի տեսնենք, որ Աստված չստեղծեց մարդուն, որ պարզապես տասնյակ տարիներ աշխատի և մեծամեծ գործեր կատարի: Այդ պատճառով մարդու կյանքի գագաթնակետ նպատակը հնարավոր չէ, որ ֆիզիկական աշխատանքը՝ գործը, լինի:   

Հարստություն: Իսրայելի երրորդ թագավորը՝ Սողոմոն իմաստունը, որ «...․իր հարստությամբ ու իմաստնությամբ գերազանցեց այն ժամանակ աշխարհի բոլոր թագավորներին» (Գ Թագ. 10:23), ասաց Ժողովող գրքում, թե այդ բոլորը «Ունայնություն ունայնությանց» է: Ամերիկյան «Ֆորբս» պարբերականը համացանցի իր էջում ցույց է տալիս, որ 2022 թ.-ին աշխարհում կա 2668 միլիարդատեր, որոնց ընդհանուր հարստությունը կազմում է 12,7 տրիլիոն դոլլար: Հսկայական այդ գումարները հիշեցնում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մարկ. 8:36):

Հարստության հասնելը չի կարող մարդու կյանքի գագաթնակետ նպատակը համարվել, որովհետև Աստված չստեղծեց մարդուն, որ սոսկ գանձեր դիզի երկրում, «․...որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են» (Մատթ. 6:19): Մարդու կյանքի գագաթնակետ նպատակը չի կարող լինել թղթե դրամը, բանկային բաժնետոմսը, արժեքավոր մետաղը, կալվածքը և այլն, որովհետև մահով այդ բոլորը թողնելու ենք երկրի վրա:   

Ամուսնություն: Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը.  «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1:28): «Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է» (Եբր. 13:4), և դա մեզ հիշեցնում է Քրիստոսի առաջին հրաշքը, որ կատարվեց Կանայի հարսանիքին, երբ Նա քարե վեց թակույկների ջուրը վերածեց գինու (Հովհ. 2:1-11): Սխալ է այն գաղափարը, թե ամուսնությունը կյանքի գագաթնակետ նպատակն է, որովհետև Աստված չստեղծեց մարդուն, որ պարզապես սերնդաբանությամբ աշխարհը լցվի: Մարդու կյանքի գագաթնակետ նպատակը ամուսնական կյանքի, կենակցելու և զավակներ ունենալու ուրախությունից վեր նպատակ է:

Կյանքի գագաթնակետ նպատակը: Մարդն ունի հոգի, որ պատկանում է երկնքին և ոչ երկրին, հետևաբար նրա կյանքի գագաթնակետ նպատակն ուրիշ բան չէ, եթե ոչ իր հոգու փրկությունը՝ Աստծու երկնային թագավորությանն արժանանալը: Ճիշտ չէ, որ մարդ արարածը երկիրը սիրի երկնքից ավելի, ժամանակավորը նախընտրի  հավիտենականությունից, մարմինը առավել չափով խնամի, քան հոգին:

Ոչ բոլոր մարդիկ փրկեցին իրենց հոգին: Աստվածաշունչը մեզ տալիս է զանազան օրինակներ, որոնց մեջ որոշ մարդիկ կորցրին իրենց հոգին, հակառակ որ ունեին բարձր պաշտոններ և կարգեր, օրինակ՝ Սավուղ թագավորը. «Տիրոջ հոգին վերացավ Սավուղից, և Տիրոջ կողմից առաքված մի չար ոգի նեղում էր նրան» (Ա Թագ. 16:14), Բաաղամ մարգարեն. «Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց» (Բ Պետ. 2:15), Հուդա Իսկարիովտացի առաքյալը. «Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց» (Մատթ. 27:5), Հեղի քահանան. «․...երդվել եմ Հեղիի տան վրա, որ նրա տան անօրենությունը խնկերով և զոհերով քավություն չի ստանալու հավիտյան» (Ա Թագ. 3:14), Պողոս առաքյալի աշակերտը՝ Դեմասը. «․...Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե...․» (Բ Տիմ. 4:10) և ուրիշներ:

Մարդ մեկ անգամ ապրում է երկրի վրա, ուստի մեկ անգամ ունի առիթ, որպեսզի փրկի  իր հոգին՝ ժառանգելով երկնային հավիտենական կյանքը: Ղպտի ուղղափառ եկեղեցու երջանկահիշատակ Շնուդա Գ Պատրիարքը, խոսելով հավիտենական կյանքի առաջնահերթության մասին՝ ասում է. «Եթե ​​դու իսկապես սիրում ես ինքդ քեզ, դիր քո առջև հավիտենական կյանքը: Երկրային ամեն ինչ կորուսյալ է, ամենը ջնջյալ է»:

Ճշմարիտ քրիստոնյա անձի համար հոգու փրկությունը կյանքի գագաթնակետ նպատակն է, և դրա իրագործման համար նա ամենայն գիտակցությամբ աշխատում է,  որ դրա պայմանները իրագործի՝ մկրտվելով, դրոշմվելով, խոստովանելով, ապաշխարելով, հաղորդվելով, բարի գործեր կատարելով, որովհետև «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մարկ. 8:36):

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

12.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․