Գրքեր

«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»

«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»: (Յովհաննէս Երզնկացի-Պլուզ)

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Երեկ ուրախությամբ նշեցինք Խաչվերացի տոնը՝ հիշելով պարսկական գերությունից Տիրոջ Խաչափայտի ազատագրման և Երուսաղեմ վերադարձի հրաշալի իրադարձությունը, և ինչպես հաստատված է մեր Մայր Եկեղեցու օրացույցում՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է կոչվում, ուստի, այսօր հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ՝ ի Քրիստոս ննջած մեր հավատավոր ու առաքինասեր հարազատների հիշատակության համար:

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»,- ավետում է Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի ավետարանում (20:38): Եվ մենք, որպես հաղթանակած և հարուցյալ Աստծո հետևորդներ, գիտենք, որ կյանքն ամենևին էլ տարիների խղճուկ թվով սահմանափակված երկրային այս ժամանակաշրջանը չէ, որ ավարտվում է սառն ու անշունչ գերեզմանաքարով, այլ իրական, հավիտենական կյանքը սկսվում է մահվան եզրագծից անդին, երբ մարդու անմահ ու աստվածապատկեր հոգին ազատվում է իր ժամանակավոր թաղանթից և գնում միանալու իր Արարչին: Սրանից ավելի հուսադրող պատկեր երևի թե դժվար է պատկերացնել, սիրելի՛ հավատացյալներ, սակայն, արի ու տես, որ մահվան լուրը, որ միշտ անսպասելի ու անժամանակ է թվում, անասելի դառնացնում և վշտացնում է մեր սրտերը: Մահը գալիս է անորսալի գողի պես և իր հետ տանում մեր թանկագին, մեր սիրելի մարդկանց: Զավակին կորցրած ծնողի արցունքներն այդպես էլ չեն չորանում մինչև կյանքի վերջը, ծնողին կորցրած զավակի սրտում միշտ էլ մնում է որբության դառնությունը… Ցավի զգացումը մնում է բոլորի հոգիներում, մեկի մոտ քույր, մյուսի՝ եղբայր, ամուսին կամ կին անուններով տարբերվելով միայն: Եվ եթե հավատը տկարացած է մարդու սրտում կամ ամենևին բացակայում է, ապա նա մեն-մենակ է մնում հոգին կրծող ու մաշող ցավի հետ դեմ հանդիման: Իսկ քանի որ հոգին շատ ավելի նուրբ է ու զգայուն՝ մարմնի համեմատությամբ, ապա հոգեկան ցավը բազմապատիկ անտանելի է դառնում մարմնական ցավից: Եվ մարդուն այլ ելք չի մնում, քան խելագարվել ու հուսահատվել այդ ցավից, կամ մխիթարության ուղիներ փնտրել՝ այն մեղմելու համար: Չեմ ուզում թվարկել այն կարծեցյալ ուղիները, որ գտնում է անհավատ մարդը, քանզի բոլորդ էլ գիտեք, սիրելինե՛ր, որ դրանք խաբուսիկ են, փուչ ու ժամանակավոր, և ի վերջո բերում են ցավի այն նույն կետին, որից, որ մարդը փորձում էր ազատվել:

Այսօր ես ուզում եմ խոսել այն իրական, միակ, ճշմարիտ ու հավիտենական մխիթարության մասին, որ միայն Ճշմարիտ Աստված է պարգևում: Եվ զուր չէ, որ այս մասին որոշեցի հենց Խաչվերացի մեռելոցին խոսել, քանի որ ինչպես Ավանդությունն է պատմում՝ Տիրոջ Խաչափայտն իր ողջ ճանապարհին աննկարագրելիորեն մխիթարում և ոգևորում էր բոլոր բարեպաշտ հավատացյալներին, և եթե երեկ ևս ներկա եք գտնվել Սուրբ պատարագին և հաղորդակցվել տոնի ոգուն, ապա ինչ-որ չափով հաղորդակից եք դարձել նաև յոթերորդ դարում տեղի ունեցած այդ սքանչելի իրադարձությանը ականատես հավատացյալների ուրախությանը և մխիթարվել այն իրական մխիթարությամբ, որ միայն ճշմարիտ հավատքի միջոցով է հնարավոր:

«Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերվի՛ր, սիրտդ թող ամրապնդվի, Տիրո՛ջն սպասիր»,- սաղմոսերգում է Դավիթ մարգարեն (Սղմ. 26:14): «Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց»,- ասում է Պողոս Առաքյալը կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում (1:3, 4): «Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ»,- քաջալերում է Տեր Հիսուս Քրիստոս (Հովհ. 16:7) և հավելում. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11:25):

Տիրոջ սուրբ շուրթերից հնչած քաջալերանքի այս խոսքերը, Սուրբ Հոգու ներշնչանքով գրված սուրբգրային մեջբերումներն ավելի քան բավական են, որպեսզի ճշմարիտ քրիստոնյայի սիրտը առ Աստված հույսով և մեծ մխիթարությամբ լցվի: Այո՛, սիրելինե՛ր, մահը բաժանում է: Այն բաժանում է մեզ սիրելիներից ու հարազատներից՝ կորստի անասելի ցավ ու դառնություն պատճառելով, երազանքներ ու հույսեր խորտակելով, սակայն պիտի հիշենք, որ նախ դա սոսկ ժամանակավոր բաժանում է, քանի որ բոլորս էլ հարության հույսն ունենք, ապա՝ մենք երբեք միայնակ չենք մեր ցավի հետ: Մենք անսահման սիրող ու հոգատար Երկնային Հայր ունենք, որ Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ սրբում է մեր արտասուքն ու մեղմացնում հոգու ցավը: Մենք անչափ գորովալից Երկնային Մայր ունենք, որ շարունակ աղաչում է մեզ համար և բարեխոսում իր Միածնի առջև, և որին Սուրբ հայրերն, իրավամբ, տառապյալների Պատսպարան են կոչում: Եվ եթե դուք երբևէ մխիթարության ու սփոփանքի աղերսով դիմել եք Ողորմությունների Տիրոջը կամ Բարեգութ Աստվածածնին, ապա վստահաբար միանգամից զգացել եք ձեր խնդրանքի պատասխանը: Հավատացյալներից մեկը պատմում էր, որ երբ առաջին անգամ Երուսաղեմում, Տիրոջ գերեզմանի մոտ Սուրբ պատարագի է մասնակցել, հանկարծ այնպիսի ուժով է գիտակցել իր մեղավորությունը, սիրտն այնպիսի ցավով է լցվել և հոգին այնպես տակնուվրա եղել, որ բավականին երկար ժամանակ անզուսպ հեկեկացել է: Նրան համակած ցավը գնալով ուժգնացել է, և որոշ ժամանակ անց նա զգացել է, որ սիրտն ուր որ է կպայթի այդ վշտից: Ոչ մի աղոթք այլևս չի հիշել, ուստի մի կերպ հավաքել է միտքն ու աղաչել Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ողորմի՜ր ինձ և մխիթարիր, քանի որ սիրտս ուղղակի պատառ-պատառ է լինում»: Եվ ասում է, դեռ չէր հասցրել միտքն ավարտել, երբ զգացել է, թե ինչպես է դադարում արցունքների հոսքը, և աննկարագրելի թեթևության ու խաղաղության զգացումով լցվում սիրտը:

«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մտթ. 7:7): Տիրոջ օգնությունը երբեք չի ուշանում, սիրելի՛ հավատացյալներ: Բավական է միայն մեր բեկյալ սրտերը Նրա հոգածությանը հանձնենք և անմիջապես կզգանք, թե ինչպիսի սիրով ու քաղցրությամբ են դրանք լցվում: «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ»,- կանչում է Բարեգութ Տերը (Մտթ. 11:28): Սակայն, այս ամենից առաջ պիտի հիշենք, որ մեր վիշտը սգալուց, մեր մխիթարությունից շատ ավելի կարևոր մի բան կա, որ պիտի անենք հարազատի մահվան դեպքում: Դա անդադար աղոթքն ու ողորմության գործերն են նրա հոգու հանգստության համար: Եկեղեցին զուր չէ, որ կարգել է հոգեհանգիստն ու մեռելոց Պատարագները: Քանի որ մեր հարազատներն այնտեղ նույնքան և առավել մեր խնամքի և օգնության կարիքն ունեն, որքան այստեղ՝ երկրային կյանքում: Այստեղ նրանք ժամանակ ունեին իրենց մեղքերի համար զղջալու և ապաշխարելու, իսկ այնտեղ այդ հնարավորությունն այլևս չկա: Ուստի, նրանց մնում է միայն հուսալ Եկեղեցու և իրենց սիրող ու հիշող մարդկանց աղոթքներին, քանի որ մեր ջերմեռանդ աղոթքներն ու ողորմություններն են, որ գնում են նրանց օգնելու օդային իշխանությունների միջով անցնելիս և Ամենակալի առջև կանգնելիս: Միայն դրանք են ի զորու թեթևացնել նրանց վիճակը, սրբել այն ոչ ծանր մեղքերը, որոնց համար չեն հասցրել ապաշխարել: Եվ դա շատ մեծ ու չափազանց կարևոր օգնություն է մեր կողմից, քանի որ սիրող սրտից բխած աղոթքն ի զորու է Տիրոջ բարկությունը մեղմել և ողորմություն ակնկալել Նրանից: Պատմում են, որ վանքերից մեկում մի վանականի մահվանից հետո թաքցրած ոսկի են գտնում նրա խցում: Վանահայրը կարգադրում է նրան վանքի գերեզմանոցից դուրս թաղել և ոսկին էլ լցնել գերեզմանի վրա, որպեսզի մյուս վանականների համար էլ խրատ լինի: Սակայն երեսուն օր հետո վանահայրն անասելի ցավ է զգում այդ մոլորյալ հոգու համար, և երեսուն հոգեհանգստյան կարգ են կատարում ու բոլոր եղբայրներով ջերմեռանդորեն աղոթում, որպեսզի նրա վիճակը մի փոքր թեթևանա: Դրանից հետո այդ վանականը տեսիլքով հայտնվում է վանահորն ու ասում. «Մինչ այժմ սարսափելի տանջվում էի, բայց հիմա լավ եմ ու լույսի մեջ եմ գտնվում»:

Ահա՛, այս պատճառով շատ կարևոր է, որ չմոռանանք մեր ննջեցյալ մտերիմներին, սիրելի՛ հավատացյալներ, այլ մեր անկեղծ աղոթքներով և նրանց անունով արված ողորմություններով աշխատենք թեթևացնել այն վիճակը, որում նրանք գտնվում են: Եվ ինքներս էլ սուրբ և արդար կյանքի ձգտենք, մաքրենք մեր սրտերն ու Տեր Հիսուս Քրիստոսին հրավիրենք այնտեղ բնակվելու, որպեսզի չվախենանք մահից, այլ երբ գա այս կյանքից մյուսը փոխադրվելու ժամանակը, մահն ապաշխարած գտնի մեր հոգիներն ու դառնա մեր սիրելի Տիրոջը միավորվելու և Նրա երանելի լույսի մեջ խաղաղությամբ հանգրվանելու միջոցը միայն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․