Գրքեր

«Մարդ չպիտի ապրի միայն հացով, այլև Աստծով»

Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները, եթե ավելի օր ծոմ պահեր, ապա Նրա մարդեղացման ճշմարտությունը շատերի համար կասկածանքի առիթ կդառնար: Հին կտակարանյան քառասնօրյա պահեցողության շրջանները առանձնահատուկ հանգամանքների համար էին կոչված և առանձնահատուկ պտուղներ էին տալիս: Մովսես մարգարեի մասին կարդալով՝ տեղեկանում ենք, որ նա այն խոնարհ մարդկանցից էր, ով արժանացավ Աստծո հետ դեմ հանդիման խոսելու պարգևին: Հրեա ազգին դեպի Քանանի երկիր գլխավորելու ճանապարհին նա մշտական և ծանր պայքարի մեջ էր Աստծո դեմ տրտնջացող հրեաների դեմ: Տիրոջ խոսքի համաձայն՝ նա երկրորդ անգամ Սինա լեռը բարձրացավ և «Տիրոջ հետ էր քառասուն օր և քառասուն գիշեր: Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները» (Ելք 34:28): Երանելի Մաքսիմ Խոստովանողը նշում է, որ Մովսեսը՝ որպես առաջին օրենսդիր և մանուկ հրեաներին օրենք տվող, քառասուն օր ծոմ պահեց, ինչը նշանակում էր, որ նրա օրենսդրությունը պատվիրում էր հեռու մնալ մեղքերից:    

Քառասուն թիվը Սուրբ Գրքում մեզ հիշեցնում է կամ մեղքերի համար պատիժ (երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ, հրեաները քառասուն տարի թափառեցին անապատում), կամ զղջում (Մովսես մարգարեի ծոմապահությունը):  

Քառասնօրյա պահքը մարդկանց հնարանքը չէ, այլ՝ Աստծո կամքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ Քրիստոս քառասուն օր ծոմ պահեց երկու պատճառով. առաջին հերթին՝ որպեսզի մեզ օրինակ ծառայի, թե ինչպես կարելի է պահքով հակադրվել փորձությանը, երկրորդ՝ որպեսզի սահմանի մեզ համար քառասնօրյա պահեցողության շրջանը: Երեք տեսակի ցանկասիրական մեղքերով փորձեց չարը մեր նախածնողներին դրախտում. ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ՝ ըմբռնելու համար (Ծննդ. 3:6): Նույն կերպ փորձիչը փորձեց Քրիստոսին անապատում: Երբ Տերը զիջեց բնությանը, այն ժամանակ քաղց զգաց, որպեսզի անոթությամբ չարին առիթ տար Իրեն մոտենալու և Իր դեմ պայքարելու, որպեսզի հարվածեր և տապալեր նրան՝ մեզ հաղթանակ պարգևելով: Առաջին Ադամը խախտեց պահքը դրախտում, իսկ Քրիստոս՝ երկրորդ Ադամը, լրացնելով այն, պահեց խստագույն պահքը և հաղթեց չարին: Քրիստոս, Իր օրինակի համաձայն, ուղղորդեց մարդկանց պահեցողության՝ որպես թշնամու դեմ հաղթելու փրկարար միջոց: Կարևոր նշանակություն ունի այն, որ Քրիստոս հենց պահեցողության ժամանակ հանդիպեց սատանային և որ հետագայում ասաց, թե նրան ոչնչով հնարավոր չէ հաղթել, «եթե ոչ աղոթքով և ծոմապահությամբ» (Մատթ. 17:20):

«Սատանան Ադամին այցելեց դրախտում, Քրիստոսին՝ անապատում: Նա գնաց երկու քաղցած մարդկանց մոտ՝ ասելով՝ կե՛ր, որովհետև քո քաղցը ցույց է տալիս, որ ամբողջովին կախված ես կերակուրից, որ քո կյանքը հացով է պայմանավորված: Ադամը հավատաց ու կերավ, բայց Քրիստոս մերժեց այդ փորձությունը՝ ասելով՝ մարդ չպիտի ապրի միայն հացով, այլև Աստծով: Նա չընդունեց այն տիեզերական խաբեությունը, որին սատանան ենթարկեց աշխարհը»,- ասել է Հայր Ալեքսանդր Շմեմանը: Ապա Հայր Ալեքսանդրը ցավալիորեն փաստում է, որ մարդը դեռևս Ադամ է, դեռևս «կերակրի» ստրուկը: Մարդը կարող է պնդել, թե հավատում է Աստծուն, բայց Աստված նրա կյանքը, նրա կերակուրը, նրա գոյության բովանդակ իմաստը չէ: Մարդը կարող է պնդել, որ իր կյանքն ստանում է Աստծուց, բայց նա չի ապրում Աստծով և Աստծո համար: Նրա գիտելիքի, փորձառության, ինքնագիտակցության հիմքում նույն սկզբունքն է՝ «միայն հացով»: Մենք ուտում ենք, որ կենդանի լինենք, բայց կենդանի չենք Աստծով: Սա բոլոր մեղքերի մեղքն է: Սա մեր կյանքին ուղղված մահվան դատավճիռն է:  

Ուրեմն ի՞նչ է պահեցողությունը մեզ՝ քրիստոնյաներիս համար, այս հարցին Հայր Ալեքսանդրը պատասխանում է և ասում. «Պահեցողությունը մեր մուտքն ու մասնակցությունն է հենց Քրիստոսի այն փորձառությանը, որով Նա մեզ ազատագրում է հացից, նյութից և աշխարհից ունեցած մեր ամբողջական կախվածությունից: Մեր ազատագրումը լիակատար չէ: Ապրելով անկյալ աշխարհում՝ հին Ադամի աշխարհում, լինելով նրա մասնիկը՝ մենք դեռ կախված ենք հացից: Բայց քանի որ մեր մահը Քրիստոսի մահվան միջոցով դարձել է ճանապարհ դեպի կյանք, ուրեմն մեր ճաշակած կերակուրն ու նրա պահպանած կյանքը կարող են դառնալ կյանք Աստծով և Աստծու համար»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․