Գրքեր

Մարդիկ արդեն այնտեղ են հասել, որ Աստծուն են դատում

- Հա՛յր, իսկ ամենքին և ամեն ինչը դատելու միտումը մի՞շտ է մարդկանց մոտ եղել, թե՞ միայն ներկայիս երիտասարդ սերնդի մոտ է առաջացել:

- Ո՛չ, նախկինում նման բան չկար, դա ներկայիս ժամանակաշրջանի ոգին է: Այժմ աշխարհիկներին են դատում, քաղաքական և եկեղեցական բոլոր գործիչներին, սակայն դա էլ քիչ է՝ նույնիսկ սրբերին են դատում և արդեն այնտեղ են հասնում, որ Աստծուն են դատում: Նման մարդիկ ասում են. «Աստված չպետք է այս ու այս բաներն աներ: Նա պետք է այսպես և այսպես վարվեր, իսկ Նա ճիշտ չվարվեց»: Լսո՞ւմ ես, թե ինչ են դուրս տալիս: «Ի՞նչ է, եղբա՛յր, դո՞ւ պետք է Նրան ցուցումներ տաս»: «Իսկ ի՞նչ կա, որ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում»,- պատասխանում է՝ չհասկանալով, թե որքան անամոթություն կա դրա մեջ: Աշխարհիկ ոգին շատ բարիք է կործանել: Չարը զարգանում է և հասնում գարշելի, հրեշավոր վիճակի, աստվածհայհոյության է հասնում: Մարդիկ դատում են Աստծուն և այն միտքը, որ դա հայհոյանք է Նրա նկատմամբ, նրանց նույնիսկ չի անհանգստացնում: Իսկ որոշ կտրիճներ, ում Աստված հասակի հարցում չի նեղացրել, եթե մտածելու թեկուզ մի փոքր կարողություն ունեն, այլոց մասին սկսում են ասել. «Սա ի՞նչ պիգմեյ* է: Իսկ սա ի՞նչ ծուռթաթ է: Հապա մի սրան նայիր», և ոչ ոքի հետ հաշվի չեն նստում:

Մի անգամ մի մարդ եկավ իմ խուցն ու հայտարարեց. «Այսինչ հարցում Աստված չպետք է այնպես վարվեր, ինչպես որ արեց»: «Իսկ դու կարո՞ղ ես օդում թեկուզ մի փոքրիկ քար պահել,- հարցրի նրան:- Աստղերը, որ երկնքում տեսնում ես, փայլուն խաղալիք գնդակներ չեն: Վիթխարի չափերի երկնային մարմիններ են, որ գլխապտույտ արագությամբ են շարժվում և չեն բախվում իրար, ոչ էլ իրենց ընթացքից են շեղվում»: «Իսկ իմ կարծիքով,- կրկին ասում է նա,- դա պետք է այլ կերպ դասավորվեր»: Դու միայն լսիր, թե ինչ է ասում: Ախր մի՞թե մենք պիտի դատենք Աստծուն: Տրամաբանությունն ավելացել է և Աստծո հանդեպ վստահությունը՝ անհետացել: Իսկ եթե նման մարդկանց ասես, որ նրանք ճիշտ չեն, ապա կպատասխանեն. «Կներես, բայց ես իմ կարծիքը հայտնեցի: Մի՞թե դրա իրավունքը չունեմ»: Ինչե՜ր ասես, որ Աստված չի լսում մեզնից: Հուրախություն մեզ, Նա մեզ լուրջ չի վերաբերվում:

Հին Կտակարանում խոսվում է այն մասին, որ Աստված իսրայելացիներին պատվիրեց քանանացիներին իրենց երկրից անմնացորդ դուրս քշել (Երկրորդ Օրենք 7:2-11): Եթե Աստված նման բան պատվիրեց, ուրեմն ինչ-որ բան կանխատեսում էր: Սակայն իսրայելացիներն ասացին. «Դա այնքան էլ մարդասիրական չէ: Եկեք քանանացիներին թողնենք, չոչնչացնենք նրանց»: Սակայն որոշ ժամանակ անց, քանանացիներից վարակվելով, նրանք ներքաշվեցին անբարոյականության, կռապաշտության մեջ և սեփական երեխաներին զոհաբերում էին կուռքերին, ինչպես որ այդ մասին սաղմոսում է ասվում (Սղմ. 106:37): Աստված գիտի, թե ինչ է անում: Իսկ ոմանք անամոթաբար հարցնում են. «Աստված ինչո՞ւ ստեղծեց դժոխային տանջանքը»: Մարդը սկսում է դատել և այդ պահից կորցնում է բարի հոգևոր վիճակը: Նա Աստծո շնորհի [նույնիսկ] մի մասնիկ չունի, որպեսզի ինչ որ բան ավելի խորությամբ հասկանա, այսինքն հասկանա, թե այս կամ այն բանն ինչու է Աստված ստեղծել: Դատաստան, հպարտություն, եսասիրություն՝ ահա՛, թե ինչ են այդ բոլոր «ինչու»-ները:

- Հա՛յր, որոշ երիտասարդներ հարցնում են. «Իսկ ի՞նչ կարիք կար, որ Քրիստոս խաչվեր: Մի՞թե չէր կարող աշխարհն այլ կերպ փրկել՝ առանց խաչելության»:

- Նա աշխարհը խաչելությամբ փրկեց և դա մարդկանց չի հուզում: Իսկ ի՞նչ կասեին, եթե Նա այլ կերպ փրկեր աշխարհը: Իսկ ոմանք ասում են. «Հայր Աստված ոչ մի կերպ չտուժեց: Որդին էր, որ Իրեն զոհաբերեց»: Սակայն իմ կարծիքով յուրաքանչյուր հայր կնախընտրեր իրեն զոհաբերել, միայն թե իր զավակին չզոհաբերի: Հոր համար ավելի մեծ տառապանք է տեսնել, թե իր զավակն ինչպես է իրեն զոհաբերում, քան՝ ինքն իրեն զոհաբերի: Բայց ի՞նչ ասես մարդկանց, եթե նրանք չեն հասկանում, թե ինչ է սերը:

Իսկ մի մարդ էլ ինձ հետևյալն ասաց. «Ադամը երկու զավակ ուներ՝ Աբելն ու Կայենը: Այդ դեպքում Կայենի կինը որտեղի՞ց առաջացավ»: Սակայն Հին Կտակարանը կարդալով, մարդն իմանում է, որ Սեթի ծնունդից հետո Ադամը «ծնեց ուստրեր ու դուստրեր» (Ծննդ. 5:4): Իսկ Կայենը լեռները փախավ իր եղբորն սպանելուց հետո (Ծննդ. 4:14-15): Նա չգիտեր էլ, որ այն կինը, որին կնության էր առել՝ իր քույրն էր: Աստված այդպես էր կարգավորել, որպեսզի մարդիկ մեկ ազգից ու ցեղից լինեին, «որպեսզի նրանց միջև չարություն և հանցագործություններ չլինեին, որպեսզի նրանք ասեին. «Մենք միևնույն ծնողների՝ Ադամի և Եվայի զավակներն ենք», և դա կզսպեր մարդկային չարությունը: Սակայն չնայած դրան՝ տես, թե այսօր ինչպիսի չարություն է բնակվում մարդկանց միջև:

Որքա՜ն եմ տանջվում որոշ մարդկանց հետ, որոնք նման են նրանց, ում մասին արդեն վերը նշեցի, երբ նրանք իմ խուց են գալիս: Վերջ ի վերջո [տեսնելով, որ անօգուտ է շարունակել նրանց հետ զրույցը] ասում եմ. «Գլուխս ցավում է, իսկ ասպիրին չկա»: Իսկ նրանք հեռանալով դեռ տխրում են, վիրավորվում: «Մենք այսքան երկար ճանապարհ ենք կտրել-անցել, իսկ նա մեզ ասում է, թե գլուխն է ցավում»,- տրտնջում են նրանք, չհասկանալով, թե ինչու եմ գլխացավից բողոքում: Իսկ ոմանք առաջարկում են. «Միգուցե գնամ և քեզ համար ասպիրի՞ն բերեմ»:

 

* Պիգմեյներ – նեգրոիդ ռասային պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

31.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․