Գրքեր

«Մարդու ողորմածությունը նրա հոգու պտուղն է»

Մեր Տերն ակնկալում է, որ Իրեն միացած որևէ անձ հավատքից բխող բարի պտուղներ տա և իր հոգին զարդարի աստվածնմանության առաքինությամբ՝ ողորմածությամբ, ինչը Սողոմոն արքան անվանում է հոգու պտուղ (Առակներ 19:22):

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, աստվածնմանության առաքինությանը հետևելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով սոցիալապես անապահով ընտանիքների: Օգոստոս 30-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Միքայելյան 33 հասցեում բնակվող Զաքարյան ընտանիքին: Համայնքի այցը նպատակ ուներ աջակցել ընտանիքին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ հնարավորինս հոգալով երկու զավակների՝ Հասմիկի (15 տ.) ու Արգինեի (11 տ.) դպրոցական ծախսերը, ովքեր գերազանց առաջադիմությունների են հասել ուսման և երաժշտության բնագավառում: Ի դեպ նշենք, որ Զաքարյան ընտանիքը հայտնվել է սոցիալապես վատ վիճակում, քանի որ ընտանիքի հայրն ու մայրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու, իսկ նրանց երկու զավակների ուսմամբ և խնամքով զբաղվում է նրանց մորաքույրը, ով նույնպես չի աշխատում՝ զբաղված լինելով քրոջ ընտանիքի խնամքով:

Հերթական այցին Տեր Գրիգորն օրհնեց Հասմիկին ու Արգինեին և նրանց հանձնեց գրենական պիտույքներ և դրամական օգնություն (50 000 դրամ), որ այս անգամ տրամադրել էր համայնքի անդամ Մոնթե Գրիգորյանը: Թե՛ երեխաները և թե ՛ընտանիքի մյուս անդամները զգացված էին այն ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերում է իրենց հանդեպ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը:

«Հասարակության մեջ և հասարակության համար կիրթ քրիստոնյա անձի ձևավորմանը նպաստում է թե՛ընտանիքը, թե՛դպրոցը և թե՛ եկեղեցին: Ուստի հնարավորինս նպաստենք, որ հայ ընտանիքում մեծացող հայորդին ունենա կրթական և բարոյական դաստիարակության այն ամուր հիմքը, որը և հիմքն է կենդանի Աստծո տաճարի: Այդ տաճարների առկայությամբ է, որ ուրախություն են ապրում մեր սրտերը՝ Սբ. Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքի համաձայն. «Ինձ համար չկա ավելի մեծ ուրախություն, քան լսել, որ իմ որդյակներն ապրում են ճշմարիտ հավատի համաձայն» (Ա Հովհաննես 3:4)», իսկ առակագիրը հիշեցնում է՝ երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից (Առակներ 22:6)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

30.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․