«Մարդը մա՛րդ է մարդով» | Mardy Mard E Mardov



Գրքեր

«Մարդը մա՛րդ է մարդով»

Մայիսի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Նաիրային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բարսեղյան Էդուարդը: Նաիրան Դաունի համախտանիշ ունեցող իր տասնմեկամյա որդու՝ Պետրոսյան Արմանի հետ բնակվում է Րաֆֆու 111/24ա հանրակացարանում: Երկու սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է կարիքավոր ընտանիքը, զուրկ է տարրական կենցաղավարության պայմաններից: Ընտանիքի հայրը չորս տարի առաջ լքել է ընտանիքը, և Նաիրան մեծ դժվարությունների ու խնդիրների առջև է կանգնել: «Տղաս մինչև յոթ տարեկան չէր կարողանում խոսել և քայլել, մեծ դժվարությամբ էի նրան դպրոց տանում, բայց մկրտությունից հետո աստվածային հրաշքով Արմանը սկսեց խոսել և քայլել: Երեխայիս խնամքով զբաղված լինելով՝ չեմ կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի և տղայիս հաշմանդամության թոշակի գումարները չեն բավարարում, որ հոգամ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Նաիրան:

Նաիրան անչափ զգացված էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ: Տեր Գրիգորի միջնորդությամբ՝ այսուհետև Արմանի ուսման, բուժհետազոտության, բուժման և այլ կարիքները կհոգա «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնը, որ զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խնդիրներով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելելը, Տեր Գրիգորի հետ ծանոթանալը, նրա հետ զրուցելը և միասին աղոթելը մեծ ոգևորություն էր պատճառել Արմանին: Նա ուրախությամբ կախեց այն խաչը, որ նվեր էր ստացել Տեր Հորից, իսկ մեկնելուց առաջ խոստացավ Տեր Հորը, որ մայրիկի հետ հաճախակի է գալու եկեղեցի:

Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը, ի դեմս Ավետարանի մեծահարուստ երիտասարդի, այս հարցումն ու հորդորն է ուղղում բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Քրիստոսի հետևորդ. «Ո՞ր արևն ես սիրում քո կյանքում, ա՞յն, որ երկնակամարում է շողում՝ իր ճառագայթները արտերի վրա սփռելով, թե՞ այն արևը, որ խավարել է ամպերի ետևում: Աստված արև է տվել քեզ, բայց դու կյանքդ դարձրել ես ամպ՝ արևի դիմաց և հիմա տառապում ես արևիդ խավարումից: Ահա, թե որտեղից է գոյանում և խորանում սրտիդ դատարկությունը: Լսի՛ր, որդիս, միայն քեզ համար ապրածդ կյանքը, գերեզման է դառնալու քեզ համար, իսկ կյանքը՝ ուրիշի համար ապրած, դրախտ է դառնալու քեզ համար: Չմոռանաս՝ մարդը մա՛րդ է մարդով»:

 

Կարինե Սուգիկյան

25.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․