Գրքեր

Մայիսի 14-ին կրկին անգամ բաշխվեց «Զորավոր» Ավետարանի օրհնությունը

Տիրոջ ողորմածությամբ 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Սբ. Թադեի վանքում, ապա՝ Սբ. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն չորրորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում:

Եվ այս տարի ևս մայիսի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» հրաշագործ Ավետարանը: Եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորները Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, ապա իրենց մասնակցությունը բերեցին Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակի առթիվ մատուցվող Սբ. Պատարագին:

Պատարագիչը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանն էր: Մինչ քարոզը Տեր Հայրը շնորհակալական խոսք ուղղեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ արդեն մի քանի տարի է, որ յուրաքանչյուր հայորդի ապրում է «Զորավոր» Ավետարանին հաղորդակից լինելու ուրախությունը: Ապա, քարոզի ընթացքում անդրադառնալով Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի գործունեությանը, նշեց, որ սերունդները հավիտենապես երախտագետ պետք է լինեն մեծ հայրապետին, ով հայ եկեղեցու Սբ. Սեղանից որպես հրավառ և անշեջ կանթեղ լուսավորեց խավար դարաշրջանը՝ վառ պահելով հայ եկեղեցու ջահը: «Սբ. Մովսեսը շենացրել ու պայծառացրել է ավերակ դարձած Սբ. Անանիա անապատը, որ գտնվել է ներկայիս Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու վայրում՝ դառնալով Անանիայի անապատի հիմնադիրը: Իսկ նրա լուսարարապետությամբ Սբ. Էջմիածնի վանքի համար բացվել է հոգևոր և նյութական առումով առաջադիմության նոր շրջան: Մեծ հայրապետի շնորհիվ Հայ եկեղեցին վերազարթոնքի դարագլուխ ապրեց և վերստին ծաղկեց: Եվ յուրաքանչյուրս, Սբ. Մովսես Տաթևացու օրինակի համաձայն, մեր լուման ունենանք մեր եկեղեցու և հայրենիքի շինության ու անսասանության նվիրական գործում: Եվ թող Ամենակալը Սբ. Մովսես Տաթևացու բարեխոսությամբ խաղաղություն պարգևի Հայոց աշխարհին, «Զորավոր» Ավետարանի զորությամբ թող ապաքինի մեր վիրավոր զինվորներին և մխիթարի որդեկորույս մայրերին»,- ասաց Տեր Հայրը:

Սբ. Պատարագի ավարտին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ ճաշակեցին Տիրոջ Մարմինն ու Արյունը և Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին:

Անդրադառնալով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն և «Զորավոր» Ավետարանին՝ նշենք, որ ըստ որոշ արձանագրությունների և մատենագիտական աղբյուրների, Սբ. Աստվածածին անունը կրող եկեղեցին Զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. այս եկեղեցում է ամփոփված Սբ. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և այս եկեղեցում է ժամանակին պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը:

Այսօր ընթերցասերն արդեն «Զորավոր» Ավետարանի մասին մանրակրկիտ և գիտական ուսումնասիրությանը կարող է ծանոթանալ «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրությունից, որ հրատարակվել է այս տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, եկեղեցու համայնքի անդամներ Գեղամ և Արամ Ղուկասյանների մեկենասությամբ և Մատենադարանի գիտաշխատողներ Արսեն Հարությունյանի և Արփինե Սիմոնյանի աշխատասիրությամբ:

Ըստ պատկերագիրք-ուսումնասիրության՝ «Զորավոր» Ավետարանը գրվել է մինչև 1405թ-ը: Եվ ակադեմիկոս Լ. Խաչիկյանը նշում է, որ ձեռագիրը գրվել է Երևանում, իսկ գրչին համարում է Մանուել եպիսկոպոսին: Բայց ուսումնասիրության շարունակության մեջ կարդում ենք, որ այնքան էլ համոզիչ չէ Մանուել եպիսկոպոսին վերագրելը ողջ ձեռագիրը, այլ նա միայն Ավետարանի հիշատակարանի հեղինակն է, ուր ասվում է, որ Երևանցի Վիշապի (Ուշապի) որդի Հակոբը դառն ու ծանր ժամանակներում իր «հալալ արդեանց» գնում է ձեռագիրն ու մեկ ձեռք զգեստի և արծաթյա սկիհի հետ միասին ընծայում Երևանի Երկուերեսնի (երկու բեմանոց) եկեղեցուն՝ իր, ծնողների, կնոջ ու զավակների հիշատակին:

15-րդ դարավերջին, ձեռագիրը կազմողի կամ նորոգողի հիշատակարանում, Երկուերեսնի եկեղեցու սպասավոր Ներսես Մոկացին վկայում է, որ ի պատիվ նվիրատուների՝ «Վիշապկենց» կոչվող Ավետարանը հիշյալ շրջանում արդեն հռչակված էր իր զորությամբ: Եվ Ներսես Մոկացին էլ իր իսկ միջոցներով ձեռագիրը վերստին նորոգել ու կազմել է տալիս՝ Զաքարիա երեցի ձեռամբ: Պակերագիրք-ուսումնասիրության միջոցով ծանոթանում ենք նաև «Զորավոր» Ավետարանի մանրանկարչության՝ խորանների, անվանաթերթերի, ավետարանիչների, լուսանցային մանրանկարների և լուսանցազարդերի, զարդագրերի վերաբերյալ տեղեկություններին:

Անդրադառնալով ձեռագրի պահպանման առաջին վայրի՝ Երևանի Երկուերեսնի եկեղեցու մասին՝ պատկերագիրք-ուսումնասիրությունը տեղեկացնում է, որ եկեղեցին եղել է Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, սակայն, թե ստույգ որտեղ է այն գտնվել, դժվար է ասել: Ըստ Զաքարիա Ագուլեցու և Երվանդ Շահազիզի՝ Երկուերեսնին ենթադրաբար նույնացվել է Երևանի Սբ. Պողոս-Պետրոս և Ձորագյուղի Սբ. Գևորգ եկեղեցիների հետ, որ այնքան էլ հավանական չէ: Իսկ Հ. Ժամկոչյանը նշել է. «Երկուերեսնի Սբ. Նշան հին եկեղեցին գտնվում էր հետագայում կառուցված Սբ. Սարգիս եկեղեցու տեղում (որն այժմ գոյություն ունի)»: Շահազիզը նաև վկայակոչել է ճարտարապետ Թ. Թորամանյանի տեսակետը, որ Երևանի երբեմնի ամենանշանավոր Երկուերեսնի եկեղեցին կառուցված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (1869-1900 թթ.) տեղում, ուր այժմ Չարենցի անվան դպրոցն է: Եկեղեցու ավերման ստույգ ժամանակը ևս հայտնի չէ:

Անդրադառնալով ձեռագրի պահպանման երկրորդ վայրի՝ Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մասին՝ պատկերագիրք-ուսումնասիրությունը տեղեկացնում է, որ Երկուերեսնի եկեղեցու ավերումից կամ անշքանալուց հետո ձեռագիրը հանգրվանել է Սբ. Անանիա առաքյալի մատուռի տեղում՝ Մովսես վարդապետ Տաթևացու (հետագայում կաթողիկոս՝ Մովսես Գ Տաթևացի) հիմնած համանուն վանքում, ուր ներկայումս Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Նահապետ Ա Եդեսացի (1691-1705թթ.) կաթողիկոսի օրոք՝ 1693-1694 թթ., խոջա Փանոսի միջոցներով:

Երվանդ Շահազիզը նկատում է, որ տևական ժամանակ այստեղ պահվող մի հրաշագործ ձեռագիր Ավետարանի պատճառով Սբ. Աստվածածինը կոչվել է նաև Սբ. Զորավոր: Նա նշում է նաև, որ 1835 թ. եկեղեցին կամ Սբ. Անանիայի անապատը դադարել է լինել մենաստան ու դարձել է ծխական եկեղեցի՝ հանձնվելով Մարաղայի գաղթականներին, որոնց խոսակցական լեզվում էլ ընդհանրացվել է եկեղեցուն՝ Սբ. Զորավոր կոչելու սովորությունը:

Իսկ «Զորավոր» Ավետարանի հետ կապված մի բանավոր ավանդությունն էլ կա, ըստ որի՝ Ավետարանը գրվել է Սևանի անապատում և թշնամու ասպատակություններից մեկի ժամանակ հայտնվելով լճում՝ Հրազդան գետով հասել է մինչև Երևան: Այստեղ այն գտել է մի կին ու նվիրել Սբ. Անանիա առաքյալի անապատին, որտեղ Ավետարանը մնացել է մինչև 19-րդ դարի վերջը:

Այսպիսով, «Զորավոր» Ավետարանը, թերևս, Մատենադարանի այն եզակի ձեռագիրն է, որն իր անունով օժտել է նաև Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցուն՝ տևական ժամանակ՝ 18-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի կեսերը, այդտեղ մնալու պատճառով:

 

 

Կարինե Սուգիկյան

14.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․