Գրքեր

Մայիսի 28-ը նշանավորվեց խաղաղության ուխտով

Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով, որ ուղղված էր Հայոց երկրի խաղաղությանն ու անսասանությանը: Այս անգամ ուխտավորների աղոթքի ուղին անցավ Կոտայքի թեմի եկեղեցիներով: Մայիսի 28-ը այս տարի համընկել էր Հինանց շրջանի վեցերորդ կիրակիի՝ Երկրորդ Ծաղկազարդի հետ, որ խորհրդանշում է Հիսուսի Քրիստոսի՝ խաղաղության իշխանի փառավոր մուտքը Երկնային Երուսաղեմ:

Առաջին ուխտավայրում՝ Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում (1031 թ.), ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի մատուցմամբ: Ուխտավորների սրտաբուխ աղոթքները միահյուսվել էին Սուրբ Պատարագի ընթացքում հանուն խաղաղության հնչող խնդրանքներին՝ «Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամեն մտքից ու խոսքից, պահպանի՛ր մեզ և աներկյուղ պահի՛ր ամեն չարից», «Սրանով սեր, հաստատություն և ըղձալի 

խաղաղություն շնորհիր Քո սուրբ եկեղեցուն»: Ինչպես այդ օրը, այնպես էլ յուրաքանչյուր Ս. Պատարագին, ի պատասխան խաղաղություն հայցողների, Տիրոջ օրհնությունն է բաշխվում՝ պատարագչի շուրթերով հնչած՝ «խաղաղություն ամենեցուն»: 

Ս. Պատարագի ավարտին, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու գեղատեսիլ բակում ուխտավորները սիրո ճաշը վայելեցին: 

Այնուհետև ուխտավորները ոտքով անցան Արզական գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք ձգվող նեղ ու երկար ճանապարհով, որ տանում էր դեպի Նեղուցի Ս. Աստվածածին վանքը (X-XI դդ.): Անվան ընտրությունը, հին ավանդույթի համաձայն, երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհի անվանումն է, որը գյուղը կապում է վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու:

Նեղուցի Ս. Աստվածածին եկեղեցում, Տիրամոր բարեխոսությունը հայցելով, ուխտավորները կրկին անգամ, հանուն Հայոց աշխարհի խաղաղության, իրենց աղոթքը վերառաքեցին առ Տեր:

«Քրիստոնյա ազգերի դարավոր փորձառությունը փաստում է, որ կայուն ու մնայուն խաղաղությունը կարելի է ձեռք բերել միայն Տիրոջով: Ազգի խաղաղությունը պայմանավորվում է անհատների աստվածային խաղաղությունը ձեռք բերելու ձգտումով, մի խաղաղության, որ, Տիրոջ խոսքի համաձայն, տարբեր է աշխարհի տված խաղաղությունից. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ 

տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից» (Հովհաննես 14:27)»,- ասաց Տեր Գրիգորը:

Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին, Թեղենիքի Ս. Նահատակաց (2000-2003 թթ.) եկեղեցին էր, ուր նրանք փառաբանեցին Աստծուն Հանգստյան ժամերգության աղոթքներով և «Փառք Քեզ Տէր Աստուած մեր» շարականի երգեցողությամբ:

Ուխտավորների աղոթքի ուղին՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղությանն ուղղված, հաստատեց այն ճշմարտությունը, որ խաղաղության միակ աղբյուրն Աստված է, Ով Իր խաղաղությունն է բաշխում ամենքին՝ երանի տալով նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն (Մատթեոս 5:9):

 

Կարինե Սուգիկյան

28.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․