Գրքեր

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2017 թ. նոյեմբերի 1-3-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության լրամշակված նախագիծը։ Կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ ի․ գ․ դ․, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը լուսաբանություններ տվեց նախագծի վերաբերյալ։ ԳՀԽ անդամները քննարկեցին նախագծի հետ առնչված Հայ Եկեղեցու թեմերից ստացված դիտարկումներն ու առաջարկները։ Կարևոր նկատելով փաստաթղթի վերջնական խմբագրման աշխատանքը՝ հանձնարարվեց պատրաստված կանոնադրությունը ներկայացնել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի վավերացմանը։

2018 թվականը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է Երիտասարդության տարի։ Այս կապակցությամբ ծրագրվող միջոցառումների և երիտասարդական ուխտագնացությունների մասին հանգամանալի զեկույց ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Տեղեկացվեց, որ հիմնական միջոցառումները անցկացվելու են հուլիսի 4-8-ը ժամանակահատվածում և եզրափակվելու են ուխտի պատարագով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այս առիթով տարվա ընթացքում նախատեսվում են երիտասարդական խմբերի այցելություններ Սփյուռքի թեմերից։

Գերագույն հոգևոր խորհուրդը, կատարելով անհրաժեշտ թելադրությունները, ողջունեց իրականացված նախապատրաստական աշխատանքները։

Ժողովի երկրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Տեղեկացնելով կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին՝ տիար Ասո Դավիդյանը նաև պատասխանեց ԳՀԽ անդամներին հուզող հարցերին։

Տրված պարզաբանումներից հետո Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց տիար Ասո Դավիդյանին իր եկեղեցանվեր օգտաշատ ծառայության համար։

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման նպատակով Մայր Աթոռում ստեղծված կազմակերպիչ հանձնախմբի աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Տեղեկացվեց 100-ամյակի առիթով կազմակերպվելիք գիտաժողովների, ցուցահանդեսների, արխիվային նյութերի հրատարակությունների ու նախատեսվող այլ միջոցառումների, ինչպես նաև համապետական տոնախմբման ծրագրին Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների գործունեության հայեցակարգի մշակման և կրթական գործընթացի կազմակերպման վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին հոգևոր բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցները՝ կարևորելով եկեղեցականների պատշաճ պատրաստության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ընդհանուր հայեցակարգի մշակումը։

Ժողովի վերջին նիստին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Անցյալ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է 110-ից ավելի պաշտոնական հանդիպումներ եկեղեցական ու պետական բարձրաստիճան պատվիրակությունների, ազգային, հասարակական և մշակութային գործիչների հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 51-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 35-ը` աբեղա, 480-ը` քահանա, 138-ը` սարկավագ: Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում հաշվետու տարում աշխատել է 1194 անձ:

Անցնող տարին արդյունավետ եղավ եկեղեցու ժողովական կյանքում: 2017 թ․ գումարվեցին Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը, ԳՀԽ 4 ժողովները Մայր Աթոռում և Սփյուռքի թեմերում, հայաստանյան թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի պաշտոնավարող եպիսկոպոսների հավաքներ, քահանայից ավանդական ամենամյա հավաքը, ինչպես նաև Վանական Խորհրդի, Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի, Կարգապահական հանձնախմբի, Վարդապետական և Ծայրագույն վարդապետական թեզերի պաշտպանության հանձնախմբի, Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի և Ճարտարապետաշինարարական խորհրդի նիստեր:

Անցյալ տարի Հայոց Եկեղեցին շարունակել է իր առաքելությունն իրականացնել նաև հոգևոր-մշակութային ոլորտներում: Կարևոր ձեռքբերումների շարքում պետք է արձանագրել Մայր Աթոռի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ուսումնական հաստատության նոր շենքի և Երևանում Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացումը, որոնց ներկա գտնվեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 225 սաներ, որոնցից 106-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 74-ը` Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցում, 32-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում: Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորում է նաև ազգությամբ սերբ մեկ ուսանող:

Անցնող տարում հոգևոր-կրթական հաստատություններում կազմակերպվել են մի շարք համերգներ և աստվածաբանական, հայագիտական, պատմաբանասիրական դասախոսություններ, ճեմարանականները նաև մասնակցել են տարբեր մշակութային, սոցիալական միջոցառումներին, «Էջմիածին» երգչախումբը համերգային ծրագրով եղել է Մոսկվայում, Գրոդնոյում և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում կրթություն է ստանում 45 աշակերտ: «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի 32 դասարաններում ուսանում է 453 աշակերտ, «Էօրնեկեան մանկապարտեզ» հաճախում է 43 երեխա:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող յոթ Հայորդյաց տներ հաճախել է շուրջ 3500 երեխա, իրականացվել է 150 միջոցառում։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին տեղեկություններ փոխանցվեցին Մայր Աթոռի կողմից կյանքի տարբեր ոլորտներում իրականացված քարոզչական գործունեության մասին:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորումը կազմակերպել է տարբեր գիտաժողովներ և ուխտագնացություններ Հայաստանի սրբավայրեր, շարունակել է իրականացնել նաև «Ճանաչենք մեր Եկեղեցին» ծրագիրը:

Հաշվետու տարում ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն է բերել թվով 54 հոգևոր սպասավոր։ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորություն են իրականացրել 11 եկեղեցականներ։

Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով արդյունավետ քարոզչություն է իրականացվել նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի, «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնյա Հայաստան» թերթի, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի և «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից:

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի, Հայաստանի ու Արցախի թեմերի համապատասխան կառույցների կողմից իրականացվել են շուրջ 500,000,000 ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր: Մասնավոր ուշադրություն է դարձվել ազգաբնակչության կարիքավոր խմբերին` սիրիահայերին, իրաքահայերին, ազատամարտիկներին, զոհված զինվորների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:

1663 ընտանիքների ցուցաբերվել է դրամական օգնություն, իրային աջակցությունն են ստացել 6223 ընտանիքներ, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, ուր ամենօրյա սնունդ է տրվել շուրջ 900 անապահով քաղաքացու:

«Իզմիրլյան» հիվանդանոցում իրականացվող «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրից օգտվել են շուրջ 300 սիրիահայեր, Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել Հրազդանի երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնին: Գումարային աջակցություն են ստացել նաև գլխուղեղի հիվանդությամբ տառապող երեխաներ ունեցող 10 ընտանիքներ:

Մայր Աթոռի կողմից գնվել է 2 բնակարան` Արցախի պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ունեցող բազմազավակ մեկ ընտանիքի համար

Աբովյանում և հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին Մեծամորում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործող 33 թեմերի և 3 Հայրապետական Պատվիրակությունում ևս 2017 թ. իրականացրել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:

Հաշվետու տարում Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում օծվել են թվով 30 եկեղեցիներ:

Ժողովականների ուշադրությանը հանձնվեց նաև Մայր Աթոռի ֆինանսական հաշվետու զեկույցը։

Վերջում Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու գործունեությունը ներկայացնող ընդարձակ զեկույցները։

23.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․