Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ | Mayr Ator Surb Ejmiatsnum Gumarvats Miabanakan Joghovy Handes Ekav Haytararutyamb



Գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:

Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.

«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,

Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ:

Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:

Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:

Հորդորում ենք մեր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիվների և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող ամեն մի խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասումներին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի մեր երկրի զորացման:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն պարգևի ամենքիս, իմաստության շնորհով պայծառացնի մեր միտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր ամենախնամ հովանու ներքո միշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մեր Հայոց աշխարհը:

«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

06.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․