Գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը

Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական Եվրոպայում Հայրապետական պատվիրակությունից այս առիթով ժամանած քահանաներ։ Ժողովին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի 50 միաբաններ և 205 քահանաներ:

Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, եկեղեցականները Մայր Տաճարում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:

Ժողովի սկզբում բացման խոսք ասաց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, գոհունակությամբ արձանագրելով, որ քահանայից ժողովը գումարվում է մայիսյան տոների շրջանում, մաղթեց, որ Հայոց Եկեղեցու քահանայից դասը, զորացած այդ հաղթական ոգով և լցված Սուրբ Հոգու շնորհներով, նորանոր հաջողություներով պսակի իր հոգևոր նվիրական առաքելությունը։

Այնուհետև «Ծխական քահանայի իրավունքներն ու պարտականությունները» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը (Արմավիրի թեմ): Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում ժողովի մասնակիցներն անդրադարձ կատարեցին հովվական կյանքում ծխատեր քահանաների պարտականություններին և իրավունքներին։ Մասնավորապես խոսվեց հովվություններում համայնք-եկեղեցի կապի ամրապնդման, ինչպես նաև ծիսական արարողությունների կազմակերպման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։ Ընդգծվեց նաև խորհրդակատարություններից առաջ արարողությունների մասնակիցների հետ նախապատրաստական և ուսուցողական աշխատանքների իրականացման կարևորությունը:

Երկրորդ զեկույցը («Քահանան և հասարակական կազմակերպությունները») ներկայացրեց Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Արագածոտնի թեմ): Ծխական քահանաների հովվական ծառայության շրջագծից ներս արծարծվեց նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարցը՝ ի նպաստ տվյալ համայնքի զորացման և զարգացման։ Ժողովի մասնակից քահանա հայրերը ներկայացրեցին տարբեր հասարակական կազմակերպությունների հետ գործակցության վերաբերյալ իրենց ունեցած փորձառությունը։ Քննարկվեցին նաև հովվություններից ներս իրականացվող զանազան կրթական, սոցիալական ծրագրերում ՀԿ անդամների ներգրավման հնարավորությունները։

Քահանայից գործադիր մարմնի և Քահանայից ընդհանուր ժողովի արդյունավետության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ գործադիր մարմնի անդամ Արաժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Տեր Հայրը քահանայից դասին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ստեղծված գործադիր մարմնի կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և արձանագրված արդյունքները։ Այս առնչությամբ ժողովականները մասնավորապես քննարկեցին քահանայից դասի կողմից գործադիր մարմնի ուշադրությանը հանձնվող բազմաբնույթ նյութերի և խնդիրների ուսումնասիրության և արծարծման ընթացակարգը:

Ժողովը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միքայել Սրբազանին և կազմակերպիչ հանձնախմբին՝ ուրախությամբ արձանագրելով, որ ժողովին տարեցտարի քահանաների թիվը աճում է և Սփյուռքի հայոց թեմերի հոգևոր սպասավորները ևս մասնակից են դառնում այս հավաքներին։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ներկայացված զեկույցների և քահանաների ծառայության հետ առնչված բարձրացված խնդիրների, արտահայտված մտահոգությունների առիթով։

Խոսելով հոգևորականի պարտականությունների և իրավունքների մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ եկեղեցականների պարտականություններից են ծնվում իրավունքները, իսկ պարտականությունների ընկալումը սերտորեն կապված է քահանայական կոչման գիտակցության հետ։ «․․․Երբ կոչման գիտակցությունը, ծառայության պատասխանատվությունն առկա է հոգևորականի մոտ, որոնք խարսխված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձի և Նրա կերպարի վրա, նա կերպարանավորում է իր անձի ու ծառայական գործերի մեջ մեր Տիրոջը։ Եվ այս իմաստով մեր պարտականությունների և իրավունքների շրջագիծը հստակ պատկերվում է մեզ, երբ մենք ուսումնասիրում ենք մեր Տիրոջ կյանքը և տեսնում, թե Նա ինչպե´ս գործեց և ինչպիսի´ ծառայություն մատուցեց...», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունը հորդորեց քահանաներին նույն ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ, նույն սիրով և պատասխանատվության բարձր զգացումով քաջաբար շարունակել իրենց ծառայությունը՝ ընդգծելով, որ եկեղեցականությունը հիմնական դերակատարություն ունի մեր ժողովրդի բարոյական, հոգևոր արժեքային համակարգի ձևավորման առաքելության մեջ։

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

29.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․