Գրքեր

Մեղքի խավարը Լույսով է փարատվում

«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»,- ասել է Քրիստոս (Հովհաննես 8:12):

Մեր Տերը՝ Իր կենդանարար խոսքով, լույս և կյանք բերեց մարդկությանը: Ահա թե ինչու Մատթեոս ավետարանիչն ասում է. «Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր ապրում, տեսավ մի մեծ լույս, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին մահվան աշխարհի ու ստվերի մեջ» (Մատթեոս 4:16, Եսայի 9:2): Աշխարհ եկած Լույսը լուսավորեց և լուսավորում է լույսի կարոտ հոգիներին: Մեղավոր մարդը մեղքի և մահվան խավարի մեջ էր, բայց աշխարհի Լույսը՝ Քրիստոս, մարդեղացավ և եկավ ու փարատեց մեղքի ու մահվան խավարը մարդկության կյանքից. «Ես աշխարհ եկա որպես լույս, որպեսզի ով որ Ինձ հավատա, խավարում չմնա» (Հովհաննես 12:46): Քրիստոս եղավ այն լույսը, որ ծագեց մեր սրտերում, մաքրեց ու լուսավորեց մարդկային սրտերի ամենամութ անկյունները: Սրա մասին է գրում առակագիրը.  «Մարդու հոգին Տիրոջ լույսն է, որը քննում է սրտի շտեմարանները» (Առակներ 20:27): Նա «Լույս է խավարի մեջ՝ մթնած սրտերի» (Գրիգոր Նարեկացի, Բան ԽԴ):

Քրիստոս «արդարության արեգակ» է, իսկ այդ արեգակից ճառագայթող լույսը՝ Աստծո խոսքն է: Քրիստոս մեր ճանապարհն է (Հովհաննես 14:6), այդ ճանապարհը լուսավորողը Աստծո խոսքն է: Հիսուս Իր հետևորդներին կոչ է անում լինել ճշմարիտ Լույսի արտացոլանքը. «Դուք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14-16): Սույն հատվածի վերաբերյալ Ս. Հովհան Ոսկեբերանը մեկնել է. «Ասում է աշխարհի և ոչ թե որևէ ազգի, կամ տասը քաղաքի, այլ ողջ տիեզերքի: Հոգևոր լույսը գերազանցում է արեգակի լույսին: Դուք այնպես կերևաք բոլորին, ինչպես մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, ինչպես ճրագ, որ դրված է աշտանակի վրա և լույս է տալիս տան մեջ գտնվողներին»:

Պողոս առաքյալի խոսքերով ասած՝ «Ուստի հեռանանք խավարի գործերից և մեզ վրա վերցնենք լույսի զենքերը՝ ապրելու համար այնպես, ինչպես վայել է լույսի մեջ քայլողներին, փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեցողությամբ, խառնակությամբ և պղծությամբ կամ նախանձով և հակառակությամբ» (Հռոմեացիներ 13:12-13):

Որքան մոտենանք Լույսին, այնքան ավելի կնորոգվենք և կպայծառանանք:  Հավատքի լույսը մարդկային կյանքեր է վերափոխում, այն գունավորում և իմաստավորում է երկրային կյանքը՝ անկրկնելի ու բացառիկ իմաստ հաղորդելով նրան: Սուրբ Հոգու ներգործումով մարդը սրբվում է, մոտենում Իր Արարչին՝ դառնալով ճշմարիտ Լույսի արտացոլանքը: «Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում: Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից»,-բացատրում է առաքյալը (Ա Հովհաննես 1:5-7):  «…ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը: Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա խավարի մեջ է տակավին: Մինչդեռ իր եղբորը սիրողը լույսի մեջ է մնում և գայթակղության պատճառ չի դառնում: Իր եղբորն ատողը, ընդհակառակը, խավարի մեջ է, խավարի մեջ է քայլում և չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը» (Ա Հովհաննես 2:8-11):

Լույսի հետևորդը պետք է հեռու մնա խավարի գործերից և սովորի լույսի կյանք ապրել: Խավարը ի չիք է դառնում լույսի ներկայությունից. մեղքի խավարը միայն լույսով է փարատվում: Լույսը ճշմարտությունն է հայտնաբերում: Ճշմարիտ Լույսի հետևորդն իր բարի միտքը գործի է վերածում, նրա արարքներն ակնհայտ են, նա ապրում է իր լուսավոր հայացքների հետ համաձայնեցված: Քրիստոս լուսավորում է մեզ, որպեսզի մենք էլ լուսավորենք ուրիշներին: Մեր լույսն ավելի է պայծառանում, երբ մենք այն նվիրում ենք մեր մերձավորներին:

Առանց Քրիստոսի մարդու հոգևոր կյանքը մթագնում է. «Կյանքը նրանով սկիզբ առավ: Եվ կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ. բայց խավարը չկարողացավ հասկանալ նրան» (Հովհաննես 1:4-5):

Հայերս սիրեցինք ճշմարիտ Լույսը, Հայոց աշխարհը լուսավորվեց այդ Լույսով: Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ քրիստոնեության անմար Լույսը տարածվեց Հայոց աշխարհում և հայի օրերը դարձան լուսավոր օրեր: Այսօր էլ յուրաքանչյուրս՝ որպես հայ քրիստոնյա, կոչված ենք ճշմարիտ Լույսը կրելու, այսինքն՝ լուսավորվելով լուսավորելու: «Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծո փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ» (Բ Կորնթացիներ 4:6):

 

Գայանե Սուգիկյան

15.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․