Գրքեր

«Մենք և մեր զավակները երախտապարտ ենք քեզ, Հա՛յ Զինվոր»

«Հայր մեր՝ զՍուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր մեր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկէ». ոսկեդարյան այս ոսկեղենիկ նշանաբանը հայ քրիստոնյայի անբաժան ուղեկիցն է եղել դարեր շարունակ և այսօր էլ նույն իր կենսունակությամբ ապրում է ու գործում հայորդիների կյանքում: Ոսկեդարից առ այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին՝ որպես գորավագութ մայր, շարունակում է իր խնամքն ու հոգածությունը տածել հոգևոր ծնունդ պարգևած իր զավակներին՝ ապրելով նրանց հետ թե՛ իրենց ուրախությունը և թե՛ վիշտը:

Վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական լարված հակամարտության հետ կապված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանն իր ուղերձը հղեց թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին և հավատացյալներին՝ հորդորելով հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին համախմբվել և հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին զորակցելու և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու գործում:

Ապրիլի 8-ից առ այսօր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները հոգևոր հովիվների գլխավորությամբ մեկնում են Արցախ՝ իրենց հոգևոր ու նյութական աջակցությունը բերելով սահմանապահ մեր զինվորներին և կամավորներին:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և առանձին անհատներ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ մեծ նախանձախնդրությամբ լծվեցին Հայոց բանակին աջակցելու հայրենանվեր գործին: Տեր Գրիգորը նշեց, որ նախաձեռնության արդյունքում հավաքված գումարով (2 300 000 դ.) գնվել է ամենաանհրաժեշտը՝ սնունդ և հագուստ: Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու համայնքին և նախաձեռնությանը մասնակից անձանց՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանին, «Մարտին Սթար» ընկերության տնօրեն Անդրանիկ Բաբոյանին, Ղազախստանից Ալեքսանդր Աբրահամյանին և մոսկվաբնակ հավատարիմ հավատացյալներին:

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեր Գրիգորը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավորներ Գևորգ սրկ. Համբարձումյանի և Րաֆֆի սրկ. Գույումջյանի հետ ուղևորվեցին Արցախ աշխարհ: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորականներն ուխտի ճանապարհ անցան՝ առ Աստված աղոթք հնչեցնելով Հայոց աշխարհի խաղաղության հաստատման համար: Հասնելով Արցախ՝ նրանք Ստեփանակերտից մեկնեցին Թալիշի և Մատաղիսի սահմանային զորամասեր, ապա՝ առաջնագիծ: Թե՛ Մատաղիսի զորամասում և թե՛ նոր հենակետերում հանձնվեցին առաջին անհրաժեշտ օգնությունները: 

Ինչպես յուրաքանչյուր մի այց, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորականների այցը սահմանապահ դիրքեր ոգևորել և գոտեպնդել էր մեր արիասիրտ ու քաջազուն զինվորներին և կամավորներին: Զորամասում Տեր Հոր գլխավորությամբ միասնական աղոթք հնչեց Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար, ապա Տեր Հայրը օրհնված խաչեր բաժանեց զինվորներին:

Մատաղիսում Տեր Գրիգորն իրականացրեց իր դուստրերի ցանկությունը. նրանց պատրաստած բացիկը հանձնեց առաջին իսկ հանդիպած զինվորին՝ Հայկին՝ Թալինից, ով խոստացավ ծառայությունն ավարտելուց հետո հյուրընկալվել Տեր Հոր ընտանիքին: Իսկ բացիկում պատկերված զինվորը երազում էր.

Թռչեի մտքով տուն,

Ուր իմ մայրն է արթուն,

Սպասում է իր որդուն,

Անհանգիստ ու անքուն:

Տեր Գրիգորը նշեց, որ մեծ դժվարությամբ և արդեն իսկ համակված կարոտով վերադարձանք հերոսական աշխարհից. «Արցախում մեր անցկացրած մի քանի ժամերն այնքան կարճ տևեցին, որ արդեն իսկ կարոտեցինք հերոսական ոգով լցված մեր հերոս տղաներին: Կցանկանայի, որ բոլորը տեսնեին այն, ինչ մենք տեսանք, իսկ մեր տեսածն աննկարագրելի, անպատմելի մի հերոսություն է, նվիրում, հաղթական ոգի և անկոտրում հավատ, որ հավիտյանս կդրոշմվի մեր սրտերում: Մեր անկեղծ խոնարհումը մեր զինվորներին և նրանց մայրերին: Մենք և մեր զավակները երախտապարտ ենք քեզ, Հա՛յ Զինվոր: Աստված օրհնի ձեզ, թող մեր Տիրոջ Ամենազոր Աջը և Ամենատես Աչքը պահապան լինի ձեզ ու անփորձանք հասցնի ձեր մայրերին»:

Երբ Գարեգին Նժդեհին հարցրել են, թե ո՞ր ժողովուրդներն են հարատևում, զարգանում և բարձրանում, նա պատասխանել է. «Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրաբար կիշխե բացարձակ անկախության ոգին…, երբ անհատը, խմբակցությունը, դասակարգը Հայրենիքի և ընդհանրության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն ավելի պարտականությունների տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնահավատությունն ու անշեջ հավատը դեպի իր ապագան:

… Չկա՞ ազգային իդեալ- չկա՛ ձգտում, չկա՛ ստեղծագործություն, չկա՛ հաղթանակ, ապագա չկա՛:

… Չկա՛, կյանքն ազգին ու հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա՛ աշխարհում»:

 

 

Կարինե Սուգիկյան

14.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․