Գրքեր

Մեր սուրբ հայր Եփրեմ Ասորու խոսքը Տիրոջ Երկրորդ գալստյան մասին

«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2)

Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես բորբոքված կրակ: Նրա առաջից հոսում էր կրակե հորդ մի գետ, հազար-հազարավորներ պաշտում էին նրան, և բյուր-բյուրավորներ կային նրա առջև: Նա ատյան նստեց, և գրքերը բացվեցին» (Դան. 7:9-10): Ո՞վ չի զարհուրի այն օրից: Ո՞վ չի դողա այն ժամին, ո՞վ կկարողանա համբերել այն ժամանակ, երբ տեսնի այդ անսովոր հրաշքները: Կտեսնի, որ երկնային զորությունները տարուբերվում են. կտեսնի որ տարերքները ավերում են ամեն ինչ, երկինքը ոլորվել է ինչպես մագաղաթ, արևը մթագնել, լուսինը արյան գույն է ստացել, աստղերը ընկնում են երկնքից ինչպես թզենու տերևներ, երկիրը և նրա գործերը հրդեհվում են:

Այնժամ կտեսնես, որ փողը ահավոր որոտալով երկնքից արթնացնում է համայն ննջեցյալներին, այդ ժամանակ կտեսնեն, որ երկինքը բացվում է և հայտնվում է Աստված՝ լցված մեծ բարկությամբ մեղավորների հանդեպ: Այնժամ կտեսնես, որ առաքված հրեշտակները կհոսեն ամենուր և կհավաքեն, «նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մտթ. 24:31):

Կտեսնես նաև, զարհուրելի Գահը, որին բազմել է Արդար Դատավորը: Այդ ժամանակ ամբողջ մարդկային ցեղը մեծ վախով և դողով կհավաքվի Նրա առջև:

Հավատացե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, որ բազում արցունքների և հոգոցների է արժան այդ օրը, երբ տեսնենք այն ցավագին և կործանարար ժամը, երբ դատավճիռը կբաժանի մեզ իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից: Այնժամ ծնողները կբաժանվեն երեխաներից և զավակները ծնողներից, եղբայրները կբաժանվեն եղբայրներից, ընկերները ընկերներից, բարեկամները ծանոթներից: Այնժամ Եկեղեցու ծառայողները կզատվեն մեկը մյուսից, եպիսկոպոսները եպիսկոպոսներից, սարկավագները սարկավագներից, ուրարակիրները և դպիրները միմյանցից: Այդ ժամանակ ամուսինները արցնքաթաթախ կբաժանվեն իրարից: Այնժամ կողբան թագավորներն ու իշխանները, որ ապրել են անօրինությամբ, ճնշելով իրենց հավատակից եղբայրներին: Այն ժամանակ անհոգ եպիսկոպոսների և քահանաների պատճառով կործանվածների արյունը պիտի պահանջվի նրանցից, յուրաքանչյուրից կպահանջվի քանքարները, բոլորը, ինչ որ նա ստացել է, և ինչը, որ յուրացրել է: Այնժամ բոլոր քրիստոնյաներից հաշիվ պիտի պահանջվի ամեն ինչի համար, բոլորից առավել պիտի պահանջվի բարձրաստիճան հոգևորականներից, քահանաներից և նրանց օգնականներից, որովհետև ում որ շատ է տրված՝ նրանից էլ շատ պիտի պահանջվի: 

Այնժամ յուրաքանչյուրն ահ ու դողի մեջ լինելով գլխիկոր պիտի սպասի իր դատավճռին, և կտեսնի ինչպիսի պատիվ կշնորհվի այստեղ պահքով, հսկումներով, արցունքներով, աղոթքներով ջանացողներին և ինչպիսի մխիթարություն նրանք կընդունեն Թագավորից:

Հոգոց հանելով և ատամները կրճտացնելով, ոմանք կասեն «Ինչո՞ւ ես՝ թշվառս, իմ կյանքի այս կարճ ժամանակամիջոցում չջանացի, այլ իմ օրերը անցկացրի անհոգությամբ: Հիմա չգիտեմ, թե ինձ ինչ է սպասում: Մի՞թե արժանանալու եմ տանջանքների»: Երբ նա այսպես խորհում է, Թագավորի կողմից հրապարակվում է դատավճիռը, որտեղ ասվում է թե՝ ով ինչ ցանել է՝ այն էլ կհնձի: Այնժամ արցունքներով ցանողն այնտեղ ցնծությամբ կհնձի: Այնժամ յուրաքանչյուրը կգնա իր գործերի հետքերով, որովհետև յուրաքանչյուրի գործերը կկանգնեն նրա առջև և կասեն. «Դու ես մեզ կատարել, թշվա՛ռ, դու պետք է մեզ հարթեիր քո իսկ արցունքներով: Լսե՞լ ես արդյոք, որ Սուրբ Գիրքն ասում է, թե պիտի գա ժամը հատուցելու բոլորին ըստ իրենց գործերի, և ծիծաղում էիր նրանց վրա, ովքեր այդ մասին ասում էին քեզ: Հիմա գնա՛, ճաշակի՛ր քո աշխատանքների պտղից»: Այդ ժամանակ ամեն մեկը կգնա իր տեղը, որը պատրաստել էր ինքն իր համար, և կկատարվի գրվածը, որ ասում է. «Այնժամ կխոսի նրանց հետ իր բարկությամբ, և իր զայրույթով կսարսափեցնի նրանց» (Սղմ. 2:5):

Իսկ իրենց նախապատրաստողները չեն խռովվում, այլ համարձակ ասում են.  «Պատրաստվեցի և չվախեցա» (Սղմ. 118:60): 

Անպատրաստներն էլ կընկնեն խռովքի մեջ՝ լսելով. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը» (Մտթ. 25:41):

Այդժամ ոմանք կգնան դեպի «շոշափելի խավար», մյուսները «հրաբորբոք գեհեն», մի մասն էլ այնտեղ, ուր ատամներ են կրճտացնում, այլոք էլ կարժանանան այլ տանջանքների: Հրեշտակները փութով կհալածեն նրանց ասելով՝ «Ոչխարների պես դժոխքի պիտի մատնվեն, ու մահը պիտի հովվի նրանց» (Սղմ. 48:15): 

Եվ կգնան նրանք՝ ատամները կրճտացնելով և ստեպ-ստեպ ետ նայելով, որ տեսնեն, թե ինչպես են իրենց հեռացնում, տանում և ոչ ոք ի վիճակի չէ օգնել իրենց: Ո՞ւր է ամբողջ աշխարհի հարստությունը, ո՞ւր է թագավորների հզորությունը, ո՞ւր է իշխանների համարձակությունը: Ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում թե ով կարող է փրկել սիրելիներին: Ո՞ւր  է ծնող հայրը, ո՞ւր՝ արգանդում կրած մայրը, ո՞ւր են հարազատ եղբայրները, ո՞ւր՝ ընկերները, ո՞ւր են հարազատները: Ո՞ւր են խրախճանքները և աղմկոտ խնջույքները: Ո՞ւր են հարստությամբ պարծեցողները: Օ՜հ, որքան արցունքների և հոգոցների է արժան այդ ժամը: Դրա համար և ասաց Տերը. «Երանի նրանց, որ այժմ լալիս են» (Ղուկ. 6:21):

Ճշմարտությամբ երանելի են նրանք, եղբայրնե՛ր, ովքեր այն ժամանակ համարձակություն կունենան: Այնժամ երանելի առաքյալները արևից ավելի կպայծառանան, մարգարեները կցնծան, նահատակները պսակների կարժանանան: Այնժամ այստեղ՝ լեռներում, քարանձավներում և անդունդներում թաքնվողները հայտնապես ասպարեզ կգան: Երանելի են վանականների դասերը, որ հրաժարվել էին աշխարհից, քանզի նրանք կբերկրեն հրեշտակների հետ: Քարանձավներում արցունքներով, հսկումներով և աղոթքներով իրենց հյուծողները, որոնք այստեղ անհայտ էին, և ոչնչություն էին համարվում, այնտեղ ճանաչված են և համարձակ, այստեղ անփառունակները և արհամարվածներն այնտեղ փառահեղ են և հարգված, այստեղ խեղճերն ու աղքատներն այնտեղ հարուստ են և սիրված, ազգականներին, եղբայրներին և ճոխությունները լքածները այնտեղ կարժանանան Երկնային Արքայությանը:

Օ՜հ, ճշմարտապես երանելի, և երիցս երանելի են վանականները, այստեղ ապրում են կարիքի մեջ, իսկ այնտեղ հրաշափառ արքայությունում: Քանզի այստեղ՝ ճգնարաններում և խցերում և լեռներում անլռելի փառաբանում էին Աստծուն և ծառայում էին Նրան, և ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք՝ թույլ սեռը, իսկ այնտեղ նորից կարժանանան փառաբանել Նրան արդեն հրեշտակների դասերի հետ: Դուք սիրեցիք Քրիստոսին, հրաժարվեցիք աշխարհից և կլինեք Քրիստոսի հետ, քանզի  «չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է» (Ղուկ. 18:29-30), ինչպես որ ասաց Տերը, Նրան փառք հավիտյանս: Ամեն:

 

 

Св. Ефрем Сирин. Творения. Том. 3, Москва 1994 г., ст. 151-153.

Ռուսերենից թարգմանեց Աշոտ ուրարակիր Արևշատյանը

03.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․