Գրքեր

Մեր զինվորների ոչ թե ճակատը պետք է համբուրել, այլ՝ ոտքերը.

Քառօրյա պատերազմը անտարբեր չի թողել ոչ-ոքին՝ սահմանին կանգնած զինվորից մինչև եկեղեցու հոգևոր պաշտպանը: Այն, որ հայ հոգևորականը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենք է վերցրել՝ գաղտնիք չէ: Աստվածաշնչով, խաչով ու հրացանով զինված հոգևորականների, հատկապես ապրիլի 1-ից հետո, հանդիպում ենք Արցախում՝ լինի մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղում, թե առաջնագծում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները հոգևոր հովիվների գլխավորությամբ փորձում են և՛ հոգևոր, և՛ նյութական աջակցություն ցուցաբերել մեր զինվորներին:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղուցու համայնքը ևս երկու օր առաջ ուղևորվեցին Արցախ: Հոգևորականն ու հավատացյելները եղել են Թալիշի ու Մատաղիսի սահմանային զորամասերում, նաև՝ առաջնագծում:

«Մեզ հետ տարել էինք սնունդ, հագուստ: Ամենակարևորը, որ տղաները գիտեն՝ իրենք մենակ չեն: Տեսանք, որ տղաները նոր դիրքեր, մարտական նոր հենակետեր էին պատրաստում: Այնքան հպարտ ու ոգևորված եմ վերադարձել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Տեր Գրիգորը:

Չնայած ծանր կորուստներին, ընկերների պարտադրված բացակայությանը՝ առաջնագծում գտնվող տղաներից և ոչ մեկի դեմքին քահանան տխրություն կամ հուսալքություն չի նկատել: «Իհարկե, տղաների սրտերում տխրություն, թախիծ կար կորցրած ընկերների համար, բայց բոլորն այնպես կորովի էին, խրոխտ, պատրաստակամ: Իսկական հերոսներ էին մեր 18-20 տարեկան երեխաները, ուղղակի ցնցված եմ, չեմ կարողանում բառերով բացատրել, նկարագրել այն, ինչ տեսել եմ: Մատաղիսում դստրիկներիս ցանկությունը կատարեցի՝ իրենց կողմից գրված նամակ-բացիկը հանձնեցի առաջին իսկ հանդիպած զինվորին՝ թալինցի Հայկին, ով խոստացավ ծառայությունը վերջացնելուց հետո մեզ հյուր գալ»,-ոգևորությամբ մանրամասնեց մեր զրուցակիցը:

Տ. Գրիգորը ընդգծեց՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել. «Այս օրերին շատ էինք լսել, որ մեր զինվորներն արի են, քաջ, բայց դա որպես հավաքական կերպար էինք պատկերացնում և ոչ թե յուրաքանչյուրին՝ հատ առ հատ: Երբ գնացինք Արցախ, հասկացա՝ ամեն մի զինվոր իսկական հերոս է: Այժմ մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի այդ տղաներն էլ սեփական աչքերով տեսնեն, թե իրենց թիկունքում ինչպես է համախմբված հայ ժողովուրդը, բոլորը: Ինչպես ես չէի պատկերացնում, գուցե իրենք էլ չեն պատկերացնում այդ ուժը: Լսելով, կարդալով ուրիշ է, տեսնելով՝ բոլորովին ուրիշ: Բոլոր կասկածներն անհայտանում են: Ուզում եմ՝ իրենք էլ զգան այն վսահությունը, հպարտությունը, ապրումը, որը մենք զգացինք՝ իրենց տեսնելով»:

«Ես խոնարհվում եմ այդ տղաներին ծնող մայրերի առջև: Առանց մի պահ երկմտելու ասում եմ՝ մեր զինվորների ոչ թե ճակատը պետք է համբուրել, այլ՝ ոտքերը: Աստված իր հզոր աջով թող պահի ու պահպանի նրանց ու բերի հասցնի իրենց ընտանիքներին, մայրերին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հոգևոր հովիվը:

 

Նելլի Մարգարյան

Սկզբնաղբյուր՝ www.aysor.am

 

15.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․