Գրքեր

«Մեծ իմաստուն է նա, որ սեր է գոյացնում»

Առաքինությունների մայրը հանդիսացող սերը Տիրոջ հետևորդների գործողությունների հիմքն է կազմում, այն ճշմարիտ քրիստոնյաների բնորոշող գիծն է: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»,- ասում է Քրիստոս (Հովհ. 13:35): Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող յուրաքանչյուր սոցիալական ծրագիր ճշմարիտ սիրո արտահայտությունն է:

Հունվարի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Փոստաջյան Վարդենիին (50 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վարդենին նշեց, որ Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով իրենց տունն ամբողջովին ավերվել է և իրենք, մազապուրծ փրկվելով, տեղափոխվել են Հայաստան: Երկու տարի է, ինչ Վարդենին ամուսնու՝ Խաչատուրյան Վազգենի (55 տ.), տղայի՝ Հարությունի (23 տ.) և աղջկա՝ Մարիայի (20 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Կիլիկիա թաղամասի Պրահայի փողոցի 65 հասցեում: «Միայն ամուսինս է աշխատում, այն էլ նվազագույն աշխատավարձով: Տղաս էլ բենզալցակայանում է աշխատում: Բայց իրենց վաստակածը չի բավարարում, որ տան և կոմունալ վարձերը վճարենք ու մյուս կարիքները հոգանք: Իմ առողջական վիճակը թույլ չի տալիս, որ հայաստանյան պայմաններին հատուկ երկարաժամյա աշխատանքի անցնեմ: Աղջիկս էլ ուսանում է Եվրոպական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետում, իր ուսման վարձը հոգում է պետությունը: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ օգնության ձեռք մեկնեցին նաև իմ ընտանիքին»,- ասաց Վարդենին:

«Մեծ իմաստուն է նա, որ սեր է գոյացնում: Արդ, ինչպես առաքյալները քարոզով, մարգարեները՝ սովորեցնելով, նույնպես և դուք Աստծուց մեծ պարգև կստանաք, եթե ճշմարիտ սիրով սիրելիներ բազմացնեք: Ինչպես որ թագն ու ծիրանին ցույց են տալիս, թե ով է թագավորը, իսկ առանց նրանց, եթե նույնիսկ ոսկյա հագուստ էլ ունենաս, միևնույն է թագավոր լինելդ չի իմացվի, նմանապես, եթե ամեն տեսակի առաքինություններ ունենաս և եթե նույնիսկ կարողանաս հրաշքներ գործել, սակայն սեր չունենաս, չի իմացվի, թե արդյո՞ք դու պատկանում ես Քրիստոսին: Քրիստոնյան ճանաչվում է իր սիրով, որ կնիք է, այսինքն՝ Քրիստոսի նշանն է»,- ասել է Բարսեղ վարդապետ Մաշկևորցին:

 

Կարինե Սուգիկյան

25.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․