Գրքեր

«Մի՛ բուժիր չարիքը չարիքով»

Աստված ոչ միայն մեր Արարիչն է, այլ նաև մեր Հայրը և Նախախնամողը: Աստված մեզ իշխանություն է տվել լինելու Աստծո որդիներ (Հովհաննես 1:12): Աստծո արքայության մեջ որդեգիրները ոչ թե օտար, այլ հարազատ որդիներ են, ովքեր դառնում են հավիտենականի ժառանգորդը ու համաժառանգակիցները Քրիստոսի: Կարևոր է, որ Աստծո որդին նմանվի իր Հորը, քանի որ բնական է, որ որդին նման լինի իր հորը: Իսկ աստվածնմանությունն իրականացվում է առաքինությունների և նրանցից մեծագույնի՝ սիրո միջոցով, որն, ըստ երկնավոր Հոր կամքի, պետք է դրսևորվի մեր նմանի և առավել ևս մեր հանդեպ թշնամացածի նկատմամբ:  

Այդ պատճառով մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, պատգամեց՝ խոստանալով. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ: Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5:44-46): Գուցե առաջին հայացքից անհնարին թվացող մի պատգամ, բայց եթե այն անհնարին լիներ, ապա Տերը չէր պատգամի: Քրիստոս չի պատգամել անհնարինը, այլ՝ կատարյալը: Օրինակ՝ Դավիթ թագավորն այս պատգամն իրագործեց Սավուղի և  Աբիսողոմի հանդեպ (Ա Թագավորություններ 24), Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջին մարտիրոսը՝ Ս. Ստեփանոսը, աղոթում էր իրեն քարկոծողների համար (Գործք Առաքելոց 7:60), բազմաթիվ սրբեր նահատակության պահին ջերմեռանդորեն աղոթում էին իրենց չարչարողների համար: Իսկ ինչ սովորեցրեց Քրիստոս, Ինքն իրագործեց, խաչի վրա բացականչելով՝ Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում (Ղուկաս 23:34): «Սիրիր թշնամուդ» պատգամի շնորհիվ Տերը ցանկանում է մարդուն ազատել բարկությունից, ատելությունից և հիշաչարությունից: Չարությունն ու ատելությունը հաղթահարողը հենց իր թշնամու շնորհիվ արժանանում է մեծ օրհնությունների, իսկ հակառակ դեպքում՝ զրկվում է աստվածային պարգևներից և շնորհներից: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մարդն իր սրտում առկա ատելությունից կարող է ձերբազատվել, հիշելով, թե ինչպես Աստվածորդին իր համար մարդացավ, չարչարվեց և խաչվեց. «Չե՞ս լսել, թե ինչ ասաց Նա խաչի վրա, չե՞ս լսել, թե ինչ ասաց Պողոս առաքյալը՝ Նա մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծո աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար (Հռոմեացիներ 8:34): Ի՞նչ ես դու համբերել, որ կարող է նմանվել Տիրոջ չարչարանքներին, Ով հրեաների հանդեպ անթիվ բարեգործություններ ցուցաբերելուց հետո, ենթարկվեց վիրավորանքի, խարազանման, անարգանքի և մահվան, որ բոլոր մահերի մեջ ամենաանարգականն էր»:

Տերը մեզ հորդորում է հոգալ եղբոր և մերձավորի մասին. «Եթե զոհասեղանի վրա քո ընծան Աստծուն մատուցելու ժամանակ հիշես, թե եղբայրդ վշտացել է քեզնից, քո ընծան զոհասեղանի առա՛ջ թող, գնա նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր Աստծուն» (Մատթեոս 5:23-24): Իսկ մեր նկատմամբ թշնամացածների հետ կապված Նա ասել է. «Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել: Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթեոս 5:46):

Արևը և անձրևը կյանքի համար անհրաժեշտ են, որովհետև դրանց օգնությամբ է ամեն ինչ ծնվում երկրի վրա, սնվում, մեծանում՝ հասնելով իր ավարտին: Չարերն ու բարիները միանման վայելում և օգտվում են արևի լույսից ու ամեն ինչ կենդանացնող բարեբեր անձրևից: Սենեկայի կողմից գրված այս խոսքերը հրաշալիորեն զուգահեռվում են Տիրոջ խոսքի հետ. «Եթե ցանկանում ես նմանվել Աստծուն, ապա և ապերախտների հանդեպ բարի եղիր, քանի որ չարերի վրա էլ է ծագում արևը և ծովահենների համար էլ է բաց ծովը»:

«Աղոթեցեք նրանց համար, ովքեր չարչարում և հալածում են ձեզ» (Մատթեոս 5:44): Ս. Հովհան Ոսկեբերանի մեկնությամբ՝ Տերն այս խոսքի գործադրումով Իր առաքյալներին և հետևորդներին բարձրացնում է իմաստության գագաթնակետին: Թշնամու համար աղոթողը կարողանում է տեսնել իր անմաքրությունը, իսկ անմաքուր սիրտը չի կարող տեսնել Աստծուն, այսինքն՝ մեզ հալածողները դառնում են մեր բարեգործները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք թափանցել մեր սիրտը և տեսնել մեր մեղքերը: Թշնամին մեզ վնասում է ժամանակավորապես, բայց իրեն՝ հավիտենապես: Այն, ինչի մասին, ըստ եկեղեցու հայրերի, մի ժամանակ երազում էր մեր նախահայր Ադամը դրախտում, ապա մեզ խոստանում է աստվածային սերը: Տերը ցանկանում է մեզ որդեգրել, ինչի համար Նա ցանկանում է, որ Իրեն նմանվենք և որքան քիչ արժե այդ մեծ պարգևը: Ով սիրում է իր թշնամուն եղբայրական սիրով, ապա նա ցավում է նրա մոլորության վրա և աղոթում է նրա համար՝ որպես իր ընկերոջ և եղբոր համար: Այդպիսի մեկը ճշմարտապես որդին է Աստծո, Ով սիրում է արդարներին և ողորմում մեղավորներին, քանի որ Նա կարգադրում է Իր արևին, որ ծագի և տարածի իր լույսը բարիների և չարերի վրա, նաև ուղարկում է օրհնաբեր անձրևը արդարների և մեղավորների վրա: Աստված Իր առատ ձեռքով բաշխում է Իր առատ պարգևներն Իր բոլոր արարածներին:

Պարզ է, որ թշնամու հանդեպ սերը չի ենթադրում համախոհ և մասնակից լինել նրա արարքներին, հակառակը՝ իրական սերը պահանջում է երբեմն մերկացում և կշտամբանք, առավել ևս, երբ թշնամական արարքի պատճառով անարգվում է Աստծո անունը կամ էլ մարդիկ են փրկարար ուղուց գայթակղվում: Այդ պատճառով Քրիստոս և Իր առաքյալները հաճախակի էին դիմում թշնամիներին խիստ և մերկացնող խոսքերով (Մատթեոս 23:33; Գաղատացիներ 1:8; Գործք Առաքելոց 23:3):

«Մի բուժեք չարիքը չարիքով, մի ջանացեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի՛ դարձրու քեզ ուսուցիչ, մի՛ ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի՛ դարձիր բարկացածի համար՝ որպես հայելի՝ քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին: Իսկ Ս. Հովհաննես Սանդուղքը հորդորում է, որ հիշաչարության թարախից ազատվելու համար բավական չէ վիրավորողի համար աղոթելը, կամ չարի փոխարեն նրան բարիք անելը, կամ ճաշկերույթին հրավիրելը, այլ, երբ լսես, որ նա ընկել է հոգևոր և մարմնավոր փորձության մեջ, հոգա նրա համար, ինչպես ինքդ քո վրա՝ արցունքներ հեղելով:

 

 

Կարինե Սուգիկյան

 

17.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․