Գրքեր

«Մի՛ պարծեցիր վաղվա օրով, որովհետև չգիտես, թե վաղն ի՞նչ է բերելու քեզ»

«Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին կախված չէ իրենից»,- ասում է Երեմիա մարգարեն (Երեմ. 10:23): Կան մարդիկ, որ, հակառակ այս մտքի, կարծում են, թե իրենց կյանքը և գործերը կախված են միայն իրենցից և ոչ Բարձրյալի կամքից: Այս կերպ էր մտածում նաև այն մեծահարուստը, ում Տերը անմիտ անվանեց (Ղուկ. 12:20): «Անմիտ հարուստի» առակում Տերը ներկայացնում է առատ բերք ստացած հարուստի մտածումները. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց: Այո՛, գիտեմ. թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը: Ապա ինքս ինձ կասեմ՝ ով մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»: Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու եմ քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»:   

Անմտություն է նման մտածումը, քանի որ մարդուց ծածկված է անգամ իր մոտ ապագան: Անմտություն է, երբ մարդն իր ունեցածը համարում է միայն իր սեփական ջանքերի պտուղը և ոչ աստվածային պարգևը: Ս. Բարսեղ Մեծը, նկարագրելով անմիտ հարուստին, նշում է, որ նա պահպանել էր իր հոսող հարստությունը և ի՞նչ տվեց այն իրեն: Սուրբը հորդորում է՝ բացեք ձեր գանձարանները և թույլ տվեք հարստությանն անարգել ընթանալ՝ ինչպես մի մեծ գետ, որը հազարավոր վտակներով ոռոգում է բարեբեր հողը, թույլ տվեք հարստությանը տարբեր ուղիներով մուտք գործել աղքատների տներ: Ջրհորներում ջուրը դատարկվելով ավելի լավն է դառնում, իսկ լքված ջրհորում ջուրը նեխում է, այդպես էլ լճացած հարստությունն է անօգուտ, իսկ նրա շարժումը և ձեռքից ձեռք անցնելը հանրօգուտ է և պտղաբեր: 

Եկեղեցու հայրերը նշում են, որ Աստված ոչ թե ոչնչացնում է Իր կողմից մարդուն շնորհված ազատ կամքը, այլ ցույց է տալիս, որ ամեն ինչ չէ, որ կախված է մարդուց: Մարդը կարող է աշխատել, ջանք թափել՝ կյանքի համար անհրաժեշտը ձեռք բերելու համար, բայց այդ ամենը չպետք է վերագրի միայն իրեն: «Մի՛ պարծեցիր վաղվա օրով, որովհետև չգիտես, թե վաղն ի՞նչ է բերելու քեզ»,- ասում է առակագիրը (Առակ. 27:1): Կյանքի ունայնության մասին մատնանշում է սաղմոսերգուն՝ ասելով. «Արդարև, մարդը շրջում է ինչպես մի ուրվական. բայց իզուր է տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թե ում համար» (Սաղմ. 38:7): Ուստի ճշմարիտ և խելացի է հետևյալ մտածումը՝ «Եթե Տերը կամենա, կապրենք և կանենք այսինչ կամ այնինչ բանը» (Հակոբ. 4:15):

Մարդու կյանքը Աստծո ձեռքում է, և նա չի կարող հաստատ իմանալ, վաղը կենդանի կլինի, թե՝ ոչ: «Մարդու կյանքը նման է մշուշի,- ասում է Հակոբոս առաքյալը,- որ մի պահ երևում է և ապա անհետանում» (Հակոբ. 4:14):

Սուրբ Գիրքն ազդարարում է, որ այժմյան կյանքը դեռ կյանք չէ, կյանքը առջևում է, այժմյան կյանքը ուղի է դեպի կյանք: Նա, ով հավիտենական կյանքի հույսը չունի, նրա համար կյանքը միայն հարստություն ձեռք բերելու, հաճույք փնտրելու և ծուլության ու անգործության մեջ անցկացնելու մեջ է: Իսկ հավիտենական կյանքի հույսն ունեցողի համար կյանքը ապաշխարելու, բարի պտուղ հավաքելու և ի խորոց սրտի առ Աստված աղոթելու մեջ է: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է չարի «անմեղ» ծուղակներից հետևյալը, երբ դևերի ժողով էր և նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մարդկանց Աստծուց հեռացնելու իր ծուղակները, նրանցից մեկն ասում է. «Ես այլ կերպ եմ գործում, ես մարդկանց ներշնչում եմ եկեղեցի գնալ, ապաշխարել, Սուրբ Գիրք կարդալ, բայց ոչ այսօր, այլ՝ վաղը»:  

«Եթե Աստծո երկյուղը միշտ առջևդ լինի, մեղքը չի տիրի քեզ: Մի՛ ասա՝ այսօր կմեղանչեմ, վաղը կզղջամ, քանի որ վաղվա օրը ստույգ չէ քեզ համար»,- ասում է Ս. Եփրեմ Ասորին: Իսկ Ս. Հովհան Ոսկեբերանը հորդորում է հաղթահարել բարի գործը վաղվան թողնելու վատ սովորույթը: Այսպիսով, չպետք է հետաձգել ապաշխարելու, առ Աստված դառնալու մարդուն ընձեռնված այսօրը. «Որդյա՛կ, մի՛ հապաղիր քո մեղքերից դառնալ դեպի Տերը, որպեսզի մեղքերիդ մեջ չմեռնես» (Սիրաք 5:8):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

19.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․