Գրքեր

Մի՛ վախեցիր մահվանից

«Մի՛ վախեցիր մահվանից, որովհետև Աստված ամեն բան արել է, որ դու մահվանից վեր լինես» (Իսահակ Ասորի)։

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Երեկ Տերը մեզ արժանացրեց ներկա գտնվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած հինգ տաղավար տոներից՝ Խաչվերացի տոնին։ Մայր Եկեղեցին, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, տարվա մեջ հինգ տոն է առանձնացրել առավել հանդիսավորությամբ նշելու համար՝ ընդգծելով դրանց դերն ու խորհուրդը քրիստոնյայի կյանքում։ Եվ տարեց-տարի կրկնվող եկեղեցական տոնացույցը այն հուսալի և հոգատար օգնականն է, որ մարդու տկար հիշողությունը թարմ է պահում՝ հիշեցնելով այն նվիրական իրադարձությունների մասին, որոնց հիման վրա կառուցում ենք մեր կյանքն ու հավիտենական ապագան։ Այս տոներից յուրաքանչյուրն իրեն հատուկ խորհուրդ ունի, օրհնություն, նպատակ, որոնց հաղորդակից ենք դառնում մեր ներկայությամբ ու մասնակցությամբ։ Սակայն կան մարդիկ՝ մեզ հարազատ, ծանոթ ու անծանոթ, որ այլևս անկարող են հաղորդակցվելու այս խորհուրդներին, շտկելու իրենց կյանքն ըստ դրանց, զորանալու Աստծու օրհնությամբ ու շնորհներով, քանի որ ավարտել են իրենց երկրային կյանքն ու միացել անդենական աշխարհին։ Եվ այստեղ, ահա, կրկին մեզ օգնության է շտապում Մայր Եկեղեցին՝ գլխավոր տոներից հետո սահմանելով մեռելոց օրեր։

Սիրելինե՛ր, այսօր Խաչվերացի մեռելոցն է։ Այն անչափ կարևոր է և՛ մեզ համար, և՛ մեր ննջեցյալ հարազատների, քանի որ այս օրերը յուրատեսակ կամուրջ են հանդիսանում այսօրվա և անցյալի, այս և մյուս կյանքերի միջև՝ ապրողներիս հիշեցնելով մահվան անխուսափելիության և դրան հավուր պատշաճի պատրաստվելու անհրաժեշտության մասին, ննջեցյալներին էլ մխիթարում են նրանով, որ մենք իրենց հիշում ենք և աղոթում Ամենակալին նրանց ողորմություն շնորհելու համար։ Որպեսզի հասկանանք, թե այս հիշատակը որքան կարևոր է նրանց համար, փորձենք պատկերացնել, թե ինչ վիճակում է գտնվում մարդը մահվանից հետո։ Նախ՝ անկախ իր հավատից, նա անմիջապես համոզվում է, որ Աստված և հավիտենական կյանքը գոյություն ունեն։ Ապա պարզորոշ տեսնում է իր ապրած ողջ կյանքը՝ գործած բոլոր սխալներով ու մեղքերով, այն ամենով, ինչ չպետք է աներ, բայց արել է, և ինչ կարող էր անել, սակայն զլացել, ծուլացել է ու չի կամեցել անել։ Մարդու համար պարզորոշ բացահայտվում է այս ամենը մի ակնթարթում։ Նրա հոգևոր աչքերը բացվում են, նա ամեն ինչ հասկանում է, սակայն․․․ այլևս ոչինչ անել չի կարող, քանի որ անզոր է որևէ բան փոխելու։ Որքան էլ ցանկանա, միևնույն է, դարձը, ապաշխարությունը, փոփոխությունն այլևս անկարելի ու անհասանելի են իրեն, որովհետև դրանց հատկացված երկրային ժամանակն անդարձ սպառվել է կյանքի ժամացույցի վերջին ավազահատիկի հետ միասին։ Իրականում, չապաշխարած, Աստծու հետ չհաշտված մարդու համար ուղղակի սարսափելի է գիտակցելը, թե որքա՜ն մոտ ու հասանելի է եղել բաղձալի փրկությունը, փրկարար ճշմարտությունը, բայց ինքն այն անտեսել է, քամուն է տվել։ «Վա՜յ քեզ, հոգի՛, որ ամեն օր մեղք ես գործում, իսկ ապաշխարանքն օրեցօր հետաձգում ես։ Մահը քեզ վրա կհասնի անսպասելի, ինչպես կողոպտիչը գիշերով, և դու կապկպված կտարվես հրաբորբոք գեհենը՝ անօգուտ արցունք թափելով և մեղադրելով քեզ քո անխոհեմության համար»,- զգուշացնում է սուրբ Եփրեմ Ասորին։ Սակայն, սիրելինե՛ր, մենք այսօր մեր Փրկչից՝ Տեր Հիսուս Քրիստոսից, ներողամտություն ու ողորմություն ենք հայցում մեր սիրելիների հոգու համար՝ հուսալով և հավատալով, որ նրանք հասցրել են հաշտվել իրենց Արարչի հետ նախքան Նրա կողմից կանչվելը։ Հասցրել են ապաշխարել, ուղղվել և գործով վկայել իրենց հավատը։ Սա է մեր հույսը, սիրելի՛ հավատացյալներ, որն ուղղորդում է մեզ մեռելոց պատարագների, մեր ննջեցյալ հարազատների անունով ողորմության գործերի, աղոթքի ու խնկարկության նրանց գերեզմանին։ Սա մեր օգնությունն է նրանց, եթե ինչ-ինչ հարցերում, բարի գործերում թերացել են, չեն հասցրել, քանի որ հավատում ենք Հակոբոս առաքյալին, որ ասում է․ «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (2։13)։ Մեր հարգանքն է, մեր սերը, մեր ապացույցն առ այն, որ չենք մոռացել նրանց և իրենք հավետ ողջ են մեր սրտերում։ Սա է Եկեղեցու սահմանած մեռելոց օրերի գլխավոր խորհուրդը․ մեր սերն ու հարուցյալ Աստծու լույսը փոխանցել մեզնից հեռացած սիրելիներին, մշտապես ողորմություն հայցել նրանց հոգիների համար և հիշել, որ գալու է մի օր, երբ մենք ենք կարիք ունենալու ողջերի աղոթքի։

Գյուղաբնակը սա ավելի հաճախ է հիշում, քանի որ գյուղի տարածքում գտնվող գերեզմանատունը մշտապես նրա աչքի առջև է, և այցելություններն էլ ավելի հաճախակի են լինում։ Մի լավ սովորություն էլ կա գյուղերում մեռելոցի հետ կապված․ երբ բոլորը նույն օրն են գերեզմանատուն այցելում, ապա ծխացող խնկաման տեսնելով՝ անպայման մոտենում են և իրենց «ողորմի»-ն ավելացնում համագյուղացու հիշատակին։ Մեռելոցին սովորաբար հավաքվում են ողջ ընտանիքով, ծանոթ-հարազատներով, հարևաններով, միասին այցելում իրենց հանգուցյալների գերեզմանին, միասին խնկարկում, միասին աղոթում նրանց հոգու համար՝ կյանքի կոչելով ընդհանրական աղոթքը։ Ապա միասնաբար ժողովվում են ճաշի կամ սուրճի սեղանի շուրջը՝ հիշելով իրենց անցավորներին, նրանց հետ կապված բարի ու լուսավոր դեպքերը, և այս ամենը ոչ միայն խունկ է նրանց հիշատակի խնկամանում, այլև օգուտ է հենց իրենց՝ դեռևս ողջերին, քանի որ ոչ միայն բալասան է սգակիրների ցավին, ու մխիթարություն՝ նրանց վշտին, այլև համախմբում է նրանց, ստիպում խորհել իրենց կյանքի ու արժեքների մասին, գնահատել ունեցածն ու աշխատել սեփական փրկության ուղղությամբ։ Ուստի մի՛ անտեսեք Մայր Եկեղեցու սահմանած ավանդույթները, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ նա, Սուրբ Հոգու շնորհով և սուրբ հայրերի աստվածապարգև իմաստությամբ ու փորձով առաջնորդվելով, մշտապես հոգում է իր զավակների հոգու փրկության, հոգևոր առողջության ու հավիտենականի մասին, այն պարագայում, երբ ինքներդ, մարդկային տկարությամբ պայմանավորված, միգուցե չկարողանաք լիովին գնահատել, գիտակցել ձեր ու ձեր հարազատների հոգևոր կարիքներն ու առաջնահերթությունները։ Եվ մեռելոցի օրերի խորհուրդը թող հիշեցնի ձեզ, որ Մայր Եկեղեցին մշտարթուն աղոթել և աղոթում է իր բոլոր զավակների՝ և՛ ննջեցյալների, և՛ ողջերի համար՝ ապավինելով Բարերար Աստծու անսահման սիրուն ու ողորմածությանը։ Իսկ մենք՝ որպես քրիստոնյաներ, որքան էլ, որ մեզ համար դժվար լինի սիրելիի, հարազատի կորուստը, որովհետև դա իսկապես անասելի դառը կսկիծ է, այդուհանդերձ, չպետք է տրվենք անզուսպ ու հուսահատ վշտի, քանի որ մենակ ու անհույս չենք․ մեզ հետ է Ամենակարող Աստված, կենդանի է հարուցյալ Քրիստոս և մեզ էլ պարգևել է հարության հույսը (հմմտ․ Հովհ․ 11։25-26)։ Քանի որ ոչ ոք մոռացված չէ Քրիստոսի առջև և «բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ․ 20։38), և Դատաստանի օրը ամենքս էլ հարություն ենք առնելու Նրա սուրբ խոսքով ու կամքով։ Ուստի, զորանանք մեր սիրո, հույսի ու հավատի մեջ, մխիթարվենք Սուրբ Հոգով և ականջալուր լինենք սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքին, որ ասում է․ «Ասա ինձ, ինչո՞ւ ես այդպես լաց լինում մեռնողի համար։ Ի՞նչ է, անխելքի մե՞կն էր։ Սակայն այստեղ հարկ է շնորհակալ լինել, քանի որ վերջ են դրված նրա անառակություններին։ Նա շռայլ և խելո՞ք էր։ Բայց այդ դեպքում էլ շնորհակալ պետք է լինել այն բանի համար, որ նրան Աստված շուտ վերցրեց, և ավելի առաջ, քան չարը հասցրել էր փոխել նրա խելքը։ Երիտասա՞րդ էր։ Դրա համար նույնպես շնորհակալ եղիր ու փառաբանիր Վերցնողին։ ․․․․և դա Աբրահամի արածից նվազ չի լինի․ ինչպես նա Աստծու հրամանով տվեց որդուն, այդպես և դու չտրտնջացիր, երբ Աստված վերցրեց նրան։ ․․․․Եվ եթե դու վերջ տաս հեծկլտանքներիդ ու տրտունջներիդ, ու բոլորին մղես փառաբանության, անհաշիվ պարգևներ կստանաս և՛ երկնքից, և՛ երկրից․ մարդիկ կսկսեն զարմանալ քեզ վրա, հրեշտակները կծափահարեն, Աստված կպարգևի»։

Սուրբ Հոգու մխիթարությունը, Քրիստոսի սերը, շնորհն ու խաղաղությունը թող լինի մեր բոլոր որդեկորույս ծնողներին, սգակիրներին և ամենքիդ․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

13.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․