Գրքեր

Միայն Աստված է բարի

«Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19)

 

Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված:

Աստծո հատկությունները և կարողությունները անբավ, անթիվ, անչափելի, անկշռելի, անհատնում, անհունորեն անսահման են: Ս. Գիրքը մեզ ուսուցանում է Աստծո կատարելությունների մասին, և տիեզերքը, որը կենդանի մի գիրք է, պատմում է Աստծո փառքի մասին, այնտեղ պատմվում է Աստծո հավիտենականության, ամենուրեքության, ամենագիտության, անմահության, ամենաիմաստության, ամենասրբության, ամենաարդարության, ամենաբարության և այլի մասին:

Բայց մենք այս քարոզով, որքան մեր միտքը և գրիչը կարող են և կարող են գեթ մի փոքր Աստծո բարության նշույլը ցույց տալ, պիտի խոսենք Աստծո բարության կատարելության մասին: Երբ հիշատակում եմ Աստծուն, կամ երբ արտահայտվում եմ Նրա մասին՝ արդեն իսկ արտահայտում եմ բարության կատարելությունը, բարության գերազանցությունը, բարության վսեմագույնը և բարության մարմնացումը: «Բարի անուն, որ ավելի վեր է քան ամենայն բարություն», որի առջև երկնքի և երկրի բոլոր բարիքները ստվերվում և անշուք են դառնում:

Միայն Աստված է էապես բարի՝ բնությամբ, ի սկզբանե, իսկապես «Աստված է միայն բարի». մենք ի սկզանե բարի չենք. այլ մեր բոլոր հատկությունները տարտամ, մութ խավարի մեջ են, մանկան մեջ իսկապես չկա ո՛չ բարին և ո՛չ չարը, և սակայն ավելի «մտքով դեպի չարն է հակված» և դաստիարակության վերջում ենք բարություն ստանում, այն ժամանակ ենք սովորում, թե ինչ է բարին: Ավա՜ղ հիմա որքան չարիք կա մեր մեջ, ստույգ է, որ հոգով և մարմնով չարիքի մեջ ենք ապրում, և շատ քչերն են բաժնեկից և հաղորդակից լինում բարու հոգուն: Բայց, ո՜հ, Աստված ոչ թե բարուն է ձգտում, այլ արդեն իսկ, բնությամբ «միայն Ինքն է բարի», էապես, լայնությամբ և երկարությամբ, խորությամբ և բարձրությամբ միայն Ինքն է բարի և մանավանդ՝ բարություն:

Միայն Աստված է ինքնիշխան և անկախ բարի, մենք բարի ենք լինում ուրիշների օգնությամբ, չի կարելի ասել, թե մենք մեր միջոցով կարող ենք բարի լինել: Բարի լինելու համար ի՞նչ միջոցներ և հնարքներ ենք մտածել, ի՞նչ ուսուցումներ են կազմակերպվում և դաստիարակություն է տարվում. ինքա՜ն, ինչքա՜ն դաստիարակության ջանքեր են լինում. դեպի բարին առաջնորդելու համար բազում աջակցություն և հոգածություն է մեզ պետք, առանց այս հոգածությունների և ջանքերի մարդը բարի չէր լինի, քանի որ միշտ հակված է դեպի չարը: Սակայն Աստված, առանց որևէ պայմանից կամ պարագայից կախում ունենալու, բարի է. միայն Աստված է, որ ինքնիշխան բարի է, ամբողջական և անկախ: Ցանկանում եմ, որ խորհեք այս մասին, չկարծեք, որ Աստված բարի է միայն ինչ-ինչ իմաստներով, ինչ-ինչ պարագաներում և պայմաններում:

Միայն Աստված է, որ հավիտենապես և անփոփոխ բարի է: Նա հավիտենապես և բացարձակապես կատարյալ լինելով, բարությունն էլ բացարձակապես հավիտենական է. աշխարհի արարումից առաջ միայն Նա էր Ինքն Իրեն բարի, և բարի է այժմ և պիտի լինի և մնա «միայն Ինքը բարի» հավիտենապես: Եթե ի սկզբանե բարի չլիներ, [գոյերի] ավարտին էլ պիտի բարի չլիներ և քանի որ գիտենք, որ ամեն ինչ պիտի անցնի, իսկ Նա պիտի մնա, ուրեմն նաև Իր բարությունը հավիտենապես պիտի մնա: Չխորհենք, թե Աստված մեր հանդեպ միայն այն ժամանակ է բարի, երբ մենք Իր հովանու ներքո ենք ապրում, չկարծենք, որ Աստված բարի է միայն այն ժամանակ, երբ մարդը սուրբ սրտով է Նրան կապված. ո՛չ, ո՛չ: Աստված բարի է, եթե նույնիսկ մարդը, Նրա անունը մոռանալով, Նրանից շատ հեռու ապրի, եթե նույնիսկ մարդը իր հուսահատության ժամանակ Աստծո անվան հանդեպ անեծքներ տեղա, Աստված բարի է անափոփոխ կերպով, եթե նույնիսկ մարդը Մագոգի, կամ Բաաղի պախարակելի կուռքերին պաշտի՝ Աստված բարի է անայլայլ կերպով, եթե նույնիսկ անաստվածյան փիլիսոփայությունն ուրանա Նրա գոյությունը՝ Աստված բարի է և մանավանդ բարություն է, եթե նույնիսկ երկինքն ու երկիրը մագաղաթի նման գալարվեն, Նա իր բարությամբ անփոփոխ է, եթե նույնիսկ բոլոր կողմերում սպառվեն մարդկային ձայներն ու շունչը:

Չկարծեք, թե Աստված բարի է միայն ձեր ուրախ օրերին և երջանիկ պահերին. ո՛չ. իմացեք, որ նա բարի է անգամ ձեր դժբախտության և տխրության օրերին, չխորհեք, որ Աստված բարի է միայն այն ժամանակ, երբ ձեր որդիներն ուրախ են ձեր ընտանեկան վառարանի շուրջը, որտեղ ցանկալի կյանք են ապրում. իմացած եղեք, որ Նա բարի է և բարություն նույնիսկ այն ժամանակ, երբ սև-սև դագաղները անշշուկ ձեր դռների մոտով են անցնում և բարեկամներն էլ արցունք են թափում. միայն Աստծո մասին կարելի է ասել. «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19):

Ճշմարիտ է, որ «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19). քանզի միայն Աստված է, որ մեր փրկության համար կամեցավ Իր սիրելի Որդուն աշխարհ ուղարկել՝ հանուն մեր սիրո Նրան զրկելով Իր երկնային փառքից. միայն Նա է բարի, քանզի մեզ բոլորիս վերակոչեց անմահության, միայն Նա է բարի, քանզի մեր փրկության համար անգին շնորհներ և միջոցներ է մատակարարում, միայն Նա է բարի, քանզի Նա է, որ մեր մեղանչելուց հետո պատրաստ է մեզ թողություն շնորհել, միայն Նա է բարի, քանզի մեզ համար երկնային օթևաններ է պատրաստում:

Բայց բարի լինելով հանդերձ չի թողնում արդարությունն ու ուղղությունը, եթե միայն բարի և քաղցր լիներ՝ պիտի նմանվեր այն գթասիրտ հորը, որն իր անհնազանդ լիրբ զավակներին միայն սիրով է խրատում, հանդիմանելու և պատժելու փոխարեն, աղաչում և պաղատում է, որից էլ ըմբոստ, չար, մոլի, լիրբ մարդիկ են դառնում: Աստված, բարի լինելով հանդերձ, առանց Իր բարությունից նշույլ անգամ կորցնելու, արդար և ուղղիղ էլ է. «արդար և ուղիղ ես Տեր», այնպես որ, երբ անիրավություն է տեսնում՝ Իր սիրտը չի կարող տանել, Նրա անսահման կատարելությունները Նրան պարտավորեցնում են Իր ամբողջ զորությամբ այն ատել: Աստված միայն բարի չէ, այլ, Իր բարությունից և քաղցրությունից առանց նշույլ կորցնելու, արդար և վրեժխնդիր էլ է: Ծաղրելի և հերետիկոսություն պիտի լիներ, եթե մտածեինք, որ Աստված միմիայն բարի է: Բարի է, այո՛, բայց բարի լինելով հանդերձ, արդար լինելը չի թողնում, բարի է, սակայն այսուհանդերձ մեղանչած հրեշտակներին երկնքից վայր է նետել, բարի է, այն ու ամենայնիվ ժողովուրդներ և ազգեր է կործանում, երբ վերջիններիս մեղքի չափը լրանում է, «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19), այդ ու հանդերձ երկրին անհատական և ընդհանրական պատիժներ է ուղարկում, «միայն Նա է բարի», այդ ու հանդերձ բազում անգամ մեղավորներին մեղանչելիս պատժում է, «միայն Նա է բարի», այդուհանդերձ անհնազանդներին կայծակնահար սատակեցնում է, «միայն Նա է բարի», այդ ու ամենայնիվ երկինքն ու երկիրը սասանեցնում է մեղավորների սրտերը շարժելու համար:

Բայց թերևս նրանք, ովքեր թերահավատության և երկմտության հոգով տոգորված են ապրում, և մյուսները, որոնք շատ անգամ Աստծո բարկության պատճառ են դառնում, ասեն. «եթե միայն Աստված է բարի և ամենաքաղցր, ինչո՞ւ են մարդիկ ենթարկվում այսքան հիվանդությունների, տառապանքների, դժբախտությունների և սովի»:

Այս ամենը, ամենևին, Աստծո բարությունը հերքող ապայցույցներ չեն, քանզի հիվանդությունների մեծ մասը մեր անզգուշությունների, անհամբերության և մանավանդ մեր մոլությունների  պատճառ են, այո՜, մոլությունների:

Դժբախտությունները և տառապանքներն էլ, որոնց հաճախ ենթարկվում ենք, չեն կարող ապացույցներ հանդիսանալ ընդդեմ Աստծո բարության և քաղցրության, քանզի Աստված, Իր անհուն բարությամբ, երբեմն-երբեմն մեզ պատժում է, որպեսզի մեր հպարտությունը կոտրվի, մեր մեծամտությունը խորտակվի և մեր մոլություններից ետ կանգնենք. անշուշտ այսպես է վարվում ճշմարիտ որդեսեր հայրն իր զավակների հետ:

Մեզ հանդիպած սովը և ձախորդություները չեն կարող ստվերել Աստծո բարությունը և քաղցրությունը, քանզի սովը և ձախորդությունները օգտակար են որպես ազդարարներ և հուշարարներ. քանզի երբ մարդը միայն առատության և հաջողության մեջ լինի, Աստծուն պիտի մոռանա, ուստի ուղարկում է ձախորդություններ և սով, որպեսզի այս աշխարհի կացությունից, տարտամ և անկայուն վիճակներից զզվելով՝ հիշենք Աստծուն և ցանկանանք Նրա հետ լինել:

Ուրեմն «Ովսաննա՜» պիտի երգենք նրա անվանը, ալելուիա՜, ալելուիա՜ հավերժական. օրհնությո՜ւն Նրա սուրբ բարությանը. ցնծությո՜ւն Նրա անբիծ քաղցրությանը, սաղմոսերգությո՜ւն. Տերը բարի՛ է, Տերը քա՜ղցր է:

Օրհնյա՜լ լինի հավետ Նրա անունը, փա՜ռք Նրա անհուն շնորհներին. թող լեռներն ու բլուրները ներդաշնակ ձայնով երգեն Նրա բարությունը. անտառները թող ծափողջույններ տան, բոլոր քրիստոնյանները օրհնություններ վեր առաքեն:  

«Բարի է Տերը, Նրա անվան համար սաղմոս ասացեք, քանզի քաղցր է Տերը»: Միայն Նա է բարի՜, բարի՜, ԲԱՐԻ՜. ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

07.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․