Գրքեր

Միֆոս և լոգոս, Գիտակցությունն է որոշում կեցությունը

Միֆոս և լոգոս

Ոմանք Աստվածաշնչի ճշմարիտ պատմությունները սխալմամբ կոչում են աստվածաշնչյան առասպելներ: Սակայն հստակ տարբերություններ կան պատմության, առասպելի` միֆի, էպոսի և գրական այլ ժանրերի միջև: Հատկանշական է, որ Աստվածաշնչի պատմությունները չեն տեղավորվում առասպելի ժանրի կատեգորիայի մեջ: Նաև լեզվաբանական իմաստով հունարեն միֆոս բառը հակադրվում է լոգոս բառին նրանով, որ առաջինը խոսք է` կապված երևակայական պատմությունների հետ, որը կարիք չունի պատմական հիմնավորման և նույնիսկ անհրաժշտություն չկա դա անելու, ինչպես օրինակ` Հերակլեսի մասին առասպելը: Իսկ լոգոսը խոսք է, որն ունի պատմական հիմք, և կարելի է դրա վերաբերյալ բերել պատմական հաստատումներ կամ առարկություններ: Եվ Քրիստոս կոչվում է Բանն` թարգմանված հունարեն լոգոս բառից, որով Քրիստոսին կոչել է Ավետարանիչը (Հովհ. 1.1): Նաև այս անվանումը ցույց է տալիս, որ Քրիստոսի հետ կապված իրողությունները, Նրա մասին աստվածաշնչյան վկայությունները առասպել չեն, որով և մեր հավատը հիմնված չէ վերացականի վրա, այլ` հաստատված ու վկայված իրողությունների, և սուտ չեն նաև խոստումները, որ Աստված տալիս է բոլոր Իրեն հավատացողներին:

Գիտակցությունն է որոշում կեցությունը

Մոտ երկու հազար տարիներ առաջ պատմության հանդեպ երկու մոտեցումներ առաջ եկան` իդեալիստական և մատերիալիստական: Իդեալիստական դիրքորոշումը մոտ է քրիստոնեական ընկալմանը: Այս հասկացության համաձայն` գիտակցությունը և բանականությունը ավելի բարձր են, քան նյութն ու նյութականը, և գիտակցությունն ու բանականությունն են որոշում պատմության ընթացքը: Այս ընթացքի մեջ մարդիկ օգտագործում են իրենց ընդունակությունները, որոնք մարդկությանը տրվում են Աստծուց: Նաև անտիկ շրջանի փիլիսոփա Էպիկուրն ասում էր, որ տաղանդավոր մարդկանց գյուտերը վճռորոշ դեր են կատարում մարդկության առաջընթացի համար: Իսկ մատերիալիստական հասկացությունը ենթադրում է, որ նյութն է առաջնային, և սոցիալ-տնտեսական պայմաններն են որոշում պատմության և մարդկության զարգացումը:

Երբ երկու դիրքորոշումներ հակադիր են, երբեմն ճիշտ ճանապարհը եղածի միջինը ընտրելն է: Եվ մենք ընդունում ենք, որ հավատքն ու գիտակցությունը ստորակարգ չեն նյութական իրերին ու երևույթներին, այլ դրանք են սահմանողները նյութականի ընթացքի: Մենք պետք է կենդանի և արթուն պահենք մեր հավատքը և գիտակցությունը` ապացուցելու, որ հոգին ավելի զորավոր է ու մարմնի կենդանարար ուժն է, և միտքն ու գիտակցությունը առաջընթացի որոշողն են: Այս վերոնշյալ տեսակետները հետևյալ հարցի յուրօրինակ պատասխանն են` գիտակցությո՞ւնն է կեցության որոշողը, թե՞ կեցությունն է որոշում գիտակցությունը: Որպես քրիստոնյաներ` մենք ապացույց ունենք, որ գիտակցությունն ու հավատքը ավելի բարձր են և նույնիսկ դժվարին պայմանները չեն կարող արգելք լինել մեր ճանապարհին դեպի կատարելություն, և մենք ի զորու ենք շտկելու աշխարհը մեր հավատքի և հոգու ուժով, Աստծո շնորհի զորակցությամբ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

25.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․