Գրքեր

Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով

«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպեցիներ 4:4):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Նոր տարվա առաջին օրն է: Շնորհավորում եմ բոլորիս այս ուրախ առիթով: Աստվածային օրհնությամբ թող ընթանա այս տարին ևս, խաղաղություն մեր երկրին և հայրենիքին, Աստված զորավիգ ու պահապան լինի մեր սահմանապահ զինվորներին, իմաստություն ունենանք մեր քայլերի մեջ, սեր և փոխըմբռնում, համերաշխություն և անձնվիրություն թող լինեն մեր ընտանինքներում, տարաձայնություններ և բաժանումներ թող չլինեն, մեր երեխաներին՝ բարի ընթացք:

Ամանորին հայերը, միշտ էլ ունենալով իրենց սպասումները, երազանքներն ու ցանկությունները, դիմելով տարբեր միջոցների, փորձել են պարզել և իմանալ, թե ինչ է սպասվում իրենց նոր՝ գալիք տարվա ընթացքում: Սակայն մեզ համար կարևորվում են ոչ միայն ցանկություններն ու մեր մտքերը, որոնք պետք է գործեր դառնան, այլև մեր ձեռնարկած գործերի պսակումը Աստծո օրհնությամբ: Խորհուրդներից է բաղկացած և կազմվում մեր կյանքը, ուստի, հիշելով Պողոս առաքյալի հորդորը, այն եմ մաղթում ձեզ բոլորիդ. «Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, – ա՛յն խորհեցեք» (Փիլիպեցիներ 4:8): Այս օրերին երկինք են վերառաքվում խնդրանքներ ու աղոթքներ՝ բազում ցանկությունների ու երազանքների վերաբերյալ, բայց եկեք չմոռանանք նաև գոհություն հայտնել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ասում են՝ «փառաբանություն երկինք տանող» հրեշտակը մի անգամ զարմացել է «խնդրանքներ երկինք տանող» հրեշտակի զբաղվածության վրա, մինչդեռ ինքը պարապության է մատնվել։ Սիրելինե՛ր, տարբեր հոգսեր հոգալու շատ առիթներ կան կյանքում գուցե նաև հենց այս տոնական օրերին, բայց եկեք ուրախ լինենք Տիրոջով՝ կրկին հիշելով Պողոս առաքյալի փիլիպեցիներին ուղղված նամակը. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց: Տերը մոտ է: Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն: Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպեցիներ 4:4-7):

Տերը գիտի` մեզ ինչ է հարկավոր, և միշտ հոգում է մեր մասին և առաջնորդում է, որ բարի պտուղներ տանք: Ուստի, սիրելինե՛ր, եկեք խորհենք Աստծո շնորհով ու շնորհածով գոհանալու մասին, եղածով բավարարվելու և չդժգոհելու մասին, ազնիվ երազանքներ ունենալու մասին, որպեսզի Աստծո օրհնությամբ կարողանանք կյանքի կոչել մեր բարի իղձերն ու երազանքները։ Մեր երազանքները թող Աստծուն հաճելի լինեն ու Աստծո կամքի համաձայն:

Սիրելինե՛ր, աղոթենք նաև մեր երեխաների համար և թող Տերը հանապազ պահապան լինի նրանց։ Ամանորյա այս օրերին մենք մեր երեխաներին սովորեցնենք ոչ միայն նվերներ ստանալ, այլ նաև նվիրել, որն ավելի կարևոր է, դրանով մենք կնպաստենք այն բանին, որ նրանց մեջ տալու և նվիրելու գաղափարը կսերմանենք, կսովորեցնենք ոչ միայն սպասել, այլ նաև գործել, նվիրելով հաճույք ու բավականություն ստանալ: Մեր երեխաների ճիշտ կրթությամբ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի ապագան, մենք կուսուցանենք նրանց ոչ միայն սեփականի մասին հոգալ, այլ նաև ընկերոջինը` Տիրոջ պատվիրանի համաձայն. «Պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես» (Մարկոս 12:31): Մի քանի օրից կտոնենք Սուրբ Ծնունդը, որը լուսավոր, հուսադրական, հավատով ու սիրով լեցուն տոն է մեզ համար, որովհետև ամեն տարի մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը մարմնապես՝ հանուն ողջ մարդկության փրկության: Իր Ծննդյամբ Տերը մեզ սովորեցնում է անսահման սեր, բոլորանվեր հոգատարություն ու խնամք, Նա գալիս է մեզ սիրելով և նմանապես ուսուցանում է սիրել Իրեն ու սիրել մերձավորին: Սուրբ Ծնունդը լույսի և սիրո մեծագույն տոնն է, որից խանդավառված՝ մենք նոր ուժ ու կորով ենք ստանում արարման համար, կյանքի շարունակության, մեղքերից մաքրվելու ու ոտքի կանգնելու համար: Տարվա սկզբում Սուրբ Ծնունդը մեզ ոգեշնչում ու գոտեպնդում է մոռանալ նախորդ տարվա հոգևոր անկումներն ու մեղքերը, վերածնվել Քրիստոսի ծննդյամբ, նորամանուկ դառնալ մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ, Քրիստոսին ունենալ մեր մեջ Սուրբ Հաղորդությամբ և Աստվածահաճո ընթացքով:                                                                         

Սուրբ Ծնունդը մեզ համար ուրախության տոն է, մենք փորձում ենք եկեղեցում վերստացած մեր լույսն ու սերը բերել մեր ընտանիքներ, մեր աչքերի հայացքով, մեր ձեռքերի մատներով, մեր ոտքերի ընթացքով, մեր շուրթերի խոսքերով Աստվածային սերը փոխանցել մեր հարազատներին ու մտերիմներին, որպեսզի բոլորը հաղորդակից դառնան Սուրբ Ծննդյան «մեծ ու սքանչելի» խորհուրդին, որպեսզի ոչ մեկը անմասն ու անհաղորդ չմնա այս հրաշքին, Որը ինքնանպատակ չէ ու միայն հիացական, այլ մարդկության համար է ու արժանի է մեր բոլորի ակնածանքին:                              

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

01.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․