ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ|Mkrtutyun



Գրքեր

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Մկրտությունը մեր փրկության ուղին է

Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ ունի մի օր, որ նշում է, հաճելի անակնկալներ ունենում, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, նվերներ ստանում. դա մեր ծննդյան օրն է՝ մեր աշխարհ գալու օրը: Որքան էլ զարմանալի թվա, քրիստոնյա անձի համար կա նաև երկրորդ ծննդյան օրը՝ մկրտությունը: Այն հոգևոր ծնունդն է, որն անկրկնելի է. «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը» (Եփեսացիներ 4.5).

  • Ինչպես մարդը ծնվում է մեկ անգամ, այնպես էլ մեկ անգամ մկրտվում է՝ որպես հոգևոր ծնունդ:
  • Մկրտությունը սկզբնական՝ ադամական մեղքի դեմ է, իսկ սկզբնական մեղքը մեկն է:
  • Ով մկրտվում է, Քրիստոսի մահվամբ է մկրտվում, իսկ Քրիստոս մեկ անգամ մեռավ, այսինքն՝ երկրորդ անգամ մկրտվողը կրկին անգամ է խաչում Քրիստոսին:

Հոգևոր ծնունդ նշանակում է, երբ մարդը դադարում է ապրել միայն իր համար, այլ սկսում է ապրել Քրիստոսի և այլ մարդկանց համար ևս՝ ձեռք բերելով կյանքի լիարժեքություն:

Եկեղեցուն անդամագրվելը, հոգու փրկությունը և հավիտենական կյանքին հաղորդակից լինելը հնարավոր է միայն այն խորհրդով, որ հոգևոր կյանքում առաջինն է:

Մկրտվում ենք ոչ թե նրա համար, որ կյանքում միայն հաջողություններ ունենանք, ազատվենք տհաճություններից, որ չհիվանդանանք, այլ նրա համար, որ ունենանք Աստծով հավիտենական կյանք: Մկրտությամբ մեր առջև բացվում է փրկության ուղին:

Մկրտության խորհրդի հաստատումը

Ինչո՞ւ է անհրաժեշտ մկրտվել. այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է թերթել Սուրբ Գրքի առաջին իսկ էջերը, երբ Աստված արարեց աշխարհը և մարդկանց՝ տալով նրանց արարելու մեծ պարգևը: Նա շնորհեց մարդկանց բանականություն և ազատ կամք, որպեսզի նրանք ունենան երջանկությունը սիրելու, ինչն անհնարին կլիներ առանց բանականության և ազատության: Սերը ամենաբարձրագույն պարգևն է, որ Աստված շնորհեց մարդուն, քանի որ Ինքն էլ անսահման սիրեց նրանց: Ադամի և Եվայի համար կյանքը իմաստավորվեց. սիրել Աստծո արարչագործությունը, մեկը մյուսին և Աստծուն, որ աղբյուրն է այդ սիրո: Սերը մոտեցնում է նրանց, ովքեր սիրում են: Այդ պատճառով էլ մարդու կյանքի իմաստն է վայելել այդ մեծագույն Սերը: Սակայն այդ ներդաշնակությունը խախտվեց առաջին մարդկանց անհնազանդության մեղքի՝ ադամական մեղքի պատճառով: Նրանք փոխանակեցին Աստծո հանդեպ սերը ինքնուրույն լինելու ցանկությամբ: Կորցնելով սերը՝ նրանք հեռացան Կյանքի աղբյուրից՝ Աստծուց՝ ստանալով մահը: Նրանց միջև առաջ եկավ մի պատնեշ, որ խանգարում էր նրանց՝ տեսնել, հաղորդվել և մոտ լինել Աստծուն: Բայց Աստծո անսահման Սերը գործեց նաև այդ պահին, քանդելով այդ պատնեշը, փրկության ուղի հարթեց դեպի կորուսյալ դրախտ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16):

Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, և ով չհավատա, կդատապարտվի» (Մարկոս 16. 16):

Մկրտության օրինակը տվել է Ինքը` Քրիստոս: Նա, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծո Արքայություն մտնել (Հովհաննես 3. 5):

Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:

Մկրտության խորհրդի կատարումը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով, խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին՝ Աստվածաշնչյան հետևյալ համարի համաձայն. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրեք: Մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.18-19):

Քահանան նախ՝ մկրտվողին ապաշխարությամբ հրաժարեցնում է սատանայից և ապա՝ լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը ու մկրտվելու ցանկության հավաստիացումը, նրան եկեղեցու վիմակերտ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում՝ արտասանելով Հայ եկեղեցու մկրտության բանաձևը. «Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Քրիստոսի արյունով գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է Երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:

Մկրտության ժամանակ մանուկ երախան (չմկրտվածը) հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Այսպես. հին մարդը մեռնում է, նորը հարություն առնում: Մարդ, ծնվելով Ադամի ցեղից, ստանում է Ադամի պատկերն իբրև հին մարդ, բայց և ծնվելով վերստին ջրից ու Հոգուց՝ ստանում է Քրիստոսի պատկերը, իբրև նոր մարդ:

Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ): Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:

Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար: Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել:

Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտված անձը չի կարող վերամկրտվել մեկ այլ եկեղեցում:
Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:

Մկրտության պահին

Սուրբ մկրտությամբ անջնջելի փոփոխություններ են տեղի ունենում. մկրտվողը ազատվում է ադամական մեղքից:

Մկրտությունը առաջին աստիճանն է դեպի Աստված գնացող և եթե նրան չի հաջորդում կյանքի վերափոխումը, հոգևոր վերածնունդը, «հին» մարդուց հրաժարվելը, ապա այն անպտղաբեր կլինի: Եթե մկրտությունը անձի համար ուղղակի սովորություն է, մոդայիկ մի բան, և մկրտվածը շարունակում է ապրել ինչպես անհավատը, ապա նա, հեռանալով Աստծուց, իրեն զրկում է Սուրբ Հոգու շնորհներից:

Արմատական բեկում է պահանջում մկրտությունը: Քրիստոնյա լինել նշանակում է վերածնվել, դառնալ «նոր» մարդ: Աստծո խոսքի համաձայն՝ ցորենը չի կենդանանա, եթե չմեռնի (Հովհաննես 12.24), կամ «Ով իր խաչը չի վերցնում և Ինձ չի հետևում, Ինձ աշակերտ լինել չի կարող» (Ղուկաս 14.27): Քրիստոնեական պատմությունը այսպիսի շատ օրինակներ ունի, սկսած Պողոս առաքյալից, երբ Քրիստոսին հավատացողները մկրտվում էին՝ դառնալով իրապես նոր մարդիկ: Քրիստոս նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ (Տիտոս 3.5): Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:

Մկրտվելու համար անհրաժեշտ է

Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար: Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:

Մկրտությունից առաջ կնքահայր ենք ընտրում: Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը: Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեզ: Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ: Կնքահայրն էլ, ինչպես բառն է իսկ ցույց տալիս, կարող է միայն տղամարդ լինել, որպեսզի ճշտիվ համապատասխանի Սուրբ խորհրդի էությանը: Եթե կինը ստանձներ այդ դերը և կնքամայր դառնար, հակասություն կլիներ, քանի որ կնքամայրը կամ մայրը միմիայն Եկեղեցին է, որ վերստին ծնում է, մինչդեռ կնքահայրը ոչ թե մայրական դերի խորհուրդն է ներկայացնում, այլ հայրական, այսինքն՝ Ավետարանի՝ հանձն առնելով ուսուցանել մանկանը Սուրբ Ավետարանի ճանապարհով:

Մանկամկրտություն

Սուրբ Գրքում բազմաթիվ վկայություններ կան մանկամկրտության վերաբերյալ: Սուրբ Պողոսը և Շիղան Տիրոջ խոսքը քարոզեցին Փիլիպպե բանտապետին և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին, ապա՝ «Անհապաղ նա և իր ամբողջ ընտանիքը մկրտվեցին» (Գործք Առաքելոց 16.32-33): «Նա և իր ամբողջ ընտանիքը» արտահայտությունը ենթադրել չի տալիս, թե մանուկները մերժվել են: Ծիրանի զգեստներ վաճառող Լիդիայի մկրտության դրվագում կարդում ենք. «…. նա և իր գերդաստանը մկրտվեցին» (Գործք Առաքելոց 16.15): Սուրբ Պողոս առաքյալն ասել է. «Ես մկրտեցի նաև Ստեփանոսի գերդաստանը» (Ա Կորնթացիներ 1.16): Սուրբ Գիրքը չի նշում, թե Պենտեկոստեի օրը մկրտվածների մեջ երեխաներ չեն եղել:

Ծնողերը պետք է հոգ  տանեն երեխայի ոչ միայն մարմնավոր, այլ հոգևոր կարիքները ևս: Նրանք հոգում են իրենց զավակների ապրուստը, նրանց դպրոց ուղարկում, մայրենի լեզուն սովորեցնում, իրենց ազգային զգացումները փոխանցում և շատ բնական է, որ իրենց զավակներին դաստիարակեն նաև իրենց կրոնով. այս է պատճառը, որ մկրտել են տալիս իրենց փոքրիկներին, որոնք մեծանում են իրենց ծնողների ազգային, կրոնական կյանքով և նրանց հավատքով: Ինչ վերաբերում է մանուկների հավատքին, նրանց ոչինչ չի խանգարում հավատալուն, նրանք հեռու են հասուն մարդկանց հատուկ երկմտություններից, վերլուծություններից: Սուրբ Հոգին նորածին մանկան հոգու մեջ արթնացնում է տրամադրություն դեպի փրկություն, քրիստոնյա և ուսյալ կնքահայրն էլ երաշխավորում է նրա հավատքի ապագա դաստիարակությունը, և մանուկն էլ մկրտվում է իր ծնողների հավատքով: Չմոռանանք մեր Տիրոջ խոսքերը. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիններինն է Երկնքի Արքայությունը » (Մատթեոս 19.14):

30.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․