Գրքեր

Մկրտվողի հոգևոր ծնողը

Ծիսական ժառանգության մեջ կարևոր մաս են կազմում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդները: Փրկաբեր այս խորհուրդներից մկրտությունն այսօր ամենից կիրառական ծեսերից է մեր իրականության մեջ: Արարողության ժամանակ մկրտվողը, Սուրբ Երրորդության անունով երեք անգամ ընկղմվելով ջրի մեջ, մահանում է մեղսալից կյանքի համար և ծնվում հավիտենական կյանքի համար. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայությունը» (Հովհ. 3:5): «Ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի»,- ասում է Քրիստոս (Մարկ. 16:16): Հետևաբար, մկրտությունը անհրաժեշտ է մարդուն փրկության համար: Հոգևոր կյանքի համար այն նոր ծնունդ է, որով մարդը կարող է Երկնքի արքայության արժանանալ: Իսկ մկրտությունը խորհուրդ է անվանվում այն պատճառով, որ նրա միջոցով, խորհրդավորաբար, մեզ համար անիմանալի կերպով մկրտվողն ընդունում է Ս. Հոգին, զգեստավորվում է Քրիստոսով և դառնում եկեղեցու մարմին ու անդամ: Առանձնահատուկ դեր ունի մկրտության ծնողը (կնքահայրը), որը պետք է զբաղվի իր սանիկի հոգևոր դաստիարակությամբ և հոգևոր կյանքի այբուբենն ուսուցանի: Կնքահայր լինելը մեծ պատասխանատվություն է: Հնում, երբ երեխայի ծնողները մահանում էին, նրա խնամքն իր վրա էր վերցնում կնքահայրը:

Ցավոք, այսօր շատերն անփութորեն են վերաբերվում կյանքի այս կարևորագույն իրադարձությանը՝ ճշմարիտ գիտակցում չունենալով աստվածային այս մեծ խորհրդի վերաբերյալ: Շատ ծնողների համար կնքահոր ընտրությունը կախված է ամենատարբեր գործոններից՝ զբաղեցրած պաշտոնից, ֆինանսական վիճակից: Նրանց համար էական չէ ընտրված կնքահայրն ի՞նչ հոգևոր օգուտ կբերի իրենց երեխային, որքանո՞վ կնպաստի նրա հոգու փրկությանը: Այնինչ կնքահոր հոգևոր նկարագիրը շատ ավելի կարևոր է, քան օրինակ՝ պաշտոնն ու հարստությունը: Եկեղեցին կոչ է անում ծնողներին մեծ ուշադրությամբ վերաբերվելու կնքահոր ընտրության հարցին:

«Կնքահայրն էլ, ինչպես բառն իսկ ցույց է տալիս, կարող է միմիայն տղամարդը լինել, որպեսզի ճշտիվ համապատասխանի այդ սուրբ խորհրդի էության: Եթե կինը ստանձներ այդ դերը և կնքամայր դառնար, հակասություն առաջ կբերեր, վասնզի կնքամայրը կամ մայրը եկեղեցին է, որ վերստին ծնում է մանկան ի ժառանգություն և որդեգրություն երկնավոր Հոր, մինչդեռ կնքահայրն ոչ թե մայրական դերի խորհուրդն է ներկայացնում, այլ հայրական, այսինքն՝ Ավետարանի, հանձն առնելով ուսուցանել մանկան Ս. Ավետարանի ճանապարհով: Այդպես և տղամարդն է սովորաբար վկայության գործում ընդունվում: Ուստի և ինչպես որ Քրիստոսի մկրտության միջոցին Տիրամոր կամ առհասարակ կանանց ներկայություն չի հիշվում, այդպես էլ նոքա սովորաբար բացակայում են ի նշան և ի հուշ, որ ներկայացուցիչ են և սպասավոր են մարմնավոր ծննդյան՝ ըստ իրենց բնական կարգին, և ոչ վերածնության» (Արշակ Տէր-Միքէլեան, Հայաստանեայց Սուրբ եկեղեցու քրիստոնէականը):

Հովհաննես Երզնկացին «Խրատ բոլոր քրիստոնեաներուն» գրքում նշում է. «Կնքահայր ընտրում են մաքուր և անարատ մեկին, ոչ թե հայհոյող ու շնացող, այլ պարկեշտ, զարգացած, լավ քրիստոնյայի: Այլազգի կնքահայր մի ընտրեք: Կնոջ գիրկը մի տվեք, որովհետև կնքահայրը հավատքի վկա, երաշխավոր և ուսուցիչ է, իսկ կինը չի կարող վկա, երաշխավոր կամ ուսուցիչ լինել (տես Ա Տիմ. 2:11): Հետևաբար, Մկրտությունը մարմնական գործ մի նկատեք և ծիծաղելով ու արբենալով մի կատարեք, այլ՝ ահով ու սրբությամբ»:

Ըստ եկեղեցական կանոնի՝ չի թույլատրվում լինել կնքահայր՝

* Մկրտվող երեխայի ծնողներին և ընտանիքի մյուս անդամներին

* Անչափահասներին

* Չմկրտված մարդկանց

* Անհավատներին

* Այլադավաններին

* Որևէ կրոնական կազմակերպության անդամներին

* Հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց

* Կանանց

* Մկրտվող կնոջ ամուսնուն

* Մարդկանց, ովքեր ապրում են անբարո կյանքով:

Ցավոք, ոչ բոլոր կնքահայրերն են հասկանում այն կարևոր պատասխանատվությունը, որ իրենք են ստանձնել: Շատերն էլ մտածում են, որ կնքահոր պարտականությունն է՝ միայն ժամանակ առ ժամանակ այցելել իր սանիկին և տոներին նվերներ տալ: Բայց սա միայն այն փոքր մասն է, որ պետք է կատարի երեխայի հոգևոր ծնողը:

Մկրտությունը կոչվում է երկրորդ ծնունդ: Մարդը, երբ մկրտվում է, հայտնվում է այն լուսավոր, շնորհներով լեցուն կյանքի ճանապարհի սկզբին, որով պիտի ընթանա: Այդ ճանապարհը հոգևոր կյանքում այն էական սկիզբն է, որով պայմանավորված է մարդու ողջ հետագա կյանքն ու գործունեությունը: Մարդիկ իրենք են որոշում գնալ այդ ուղով առաջ, թե՝ ոչ: Իսկ մկրտվող երեխայի պարագային՝ օգնել ընթանալ նրան այդ ուղով, կոչված են կնքահայրերը:

Ընդունելով երեխային մկրտության ավազանից՝ կնքահայրը խոստանում է Աստծուն, որ ինքը մինչև երեխայի գիտակցական տարիքի հասնելը, կստանձնի նրա հավատքի պատասխանատվությունը: Կնքահոր սուրբ պարտականությունն է՝ օգնել իր սանիկին դառնալ արժանի զավակը Հայ եկեղեցու: Ահա թե ինչու ապագա կնքահայրը անհրաժեշտ է եկեղեցու անդամ լինի, ընդունի հավատի դավանությունը, ծանոթ և մասնակից լինի

եկեղեցական արարողություններին, որպեսզի իր սանիկին սնի Աստծու խոսքով, քրիստոնեական ոգով ու Հայ եկեղեցու վարդապետությամբ: Կնքահայրերը պետք է նպաստեն իրենց սանիկների հոգևոր աճին. ցանկալի է, որ նրանց մասնակից դարձնեն Ս. Պատարագին, հոգևոր թեմաների շուրջ զրույց ունենան, հոգևոր գրականություն նվիրեն: Իսկ ամենակարևորը՝ կնքահայրն իր կյանքի օրինակով պետք է վկայի, թե ինչպիսին է քրիստոնյան և ինչ է նշանակում Հայ եկեղեցու զավակ լինել:

Այդ պատճառով մարդիկ, նախքան այդ պատասխանատվությունը ստանձնելը, պետք է կարևոր որոշում կայացնեն, կարո՞ղ են արդյոք ապագա մկրտվողի հենարանն ու դաստիարակը լինել: Այդ պատվավոր պարտականությունն իր վրա վերցնողը պետք է իրեն ինքնաքննության ենթարկի. կարո՞ղ է երեխային դեպի հոգևորը ուղղորդել, իսկ եթե ժամանակ կամ ցանկություն չունի՝ երեխայի հոգևոր դաստիարակությամբ զբաղվելու, ավելի ճիշտ կլինի հրաժարվի կնքահայրությունից, քան անփութորեն և դժկամությամբ կատարի իր սուրբ պարտականությունները:

Նրանք, ովքեր կնքահայր են կամ պատրաստվում են լինել, անհրաժեշտ է իմանան, որ այդ պարտականությունն ամբողջ կյանքի համար է և այն չի սահմանափակվում և վերջանում միայն մկրտության արարողությանը ներկա գտնվելով: Ծիսական այս արարողությունը պետք է տեղափոխվի կյանք և պայծառակերպի մկրտվողի կյանքը: Իսկ այս ամենին իր նպաստն է բերում հոգևոր ծնողը՝ կնքահայրը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

15.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․