Մոմավառություն|Momavarutyun



Գրքեր

Մոմավառություն

Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի:

Մոմից առկայծող լույս. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16):

Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը:

Աստծո տանը՝ եկեղեցում, ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Կտակարանյան ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք 17. 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագավորներ 7.49): Քանի որ քրիստոնեության հաստատումով վաղ շրջանում քրիստոնյաները հալածվում էին, ուստի աղոթելու, աստվածպաշտական արարողություններ կատարելու համար հավաքվում էին գետնափոր խորշերում, քարանձավներում, որտեղ լուսավորելու անհրաժեշտություն կար: Այսինքն՝ միասնական աղոթքի համար մոմեր էին վառվում: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և՛ Հին Կտակարանում, և՛ Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:

Աստված ասաց. «Թող լույս լինի» (Ծննդոց 1.3), ստեղծեց լուսատուներ, Աստված Մովսես մարգարեին հայտնվեց անկեզ մորենու միջոցով, հրեա ժողովրդին գիշերը անապատում առաջնորդում էր հրե սյունով: «Մարդու հոգին Տիրոջ լույսն է» (Առակներ 20.27), «Եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ» (Եսայի 2.5), Հին Կտակարանյան այս և մի շարք համարներ կրակի և լույսի հետ կապված խորհրդանշում են Աստվածային ներկայությունը:

Իսկ Նոր Կտակարանում Ճշմարիտ Լույսի և Նրան հետևելուն մասին կարդում ենք. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» Հովհաննես 8.12), «Ես աշխարհ եկա որպես լույս, որպեսզի, ով որ Ինձ հավատա, խավարում չմնա» (Հովհաննես 12.46), Հովհաննես Մկրտիչը լույսը չէր, այլ վկայում էր Լույսի մասին, որ աշխարհ գալով լուսավորելու էր ողջ մարդկությանը, Նա եկավ Իր իսկ ստեղծած աշխարհը, բայց Իր իսկ ստեղծած մարդիկ չընդունեցի Նրան (Հովհաննես 1. 8-11), «Դո՛ւք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.14-16):

Քրիստոսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին լուսավորիչներն են Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, իսկ առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ «վառվելով» տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:

Եկեղեցու հայրերի խորհրդանշական իմաստներն ու խորհուրդները մոմավառության հետ կապված

Ինչպես մոմն է մեռած և խավար առանց հրի, նույնպես. «Հավատքն առանց գործերի մեռած է»: (Հակոբոս 2.26):

Ինչպես մոմն ու հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես էլ հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են: Նա, ով ունի հավատք և Աստծո սիրո համար բարին է գործում, նա է արժանի Աստծո Արքայության և մեղքերի թողության: Վառվող մոմը խորհրդանշում է մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Այն նաև մեր անձի փրկության խորհրդանիշն է, որովհետև մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, նույնպես և մեզ երեք բան է հարկավոր փրկության համար: Նախ` ճշմարիտ հավատք, որ խորհրդանշում է մոմանյութը: Երկրորդ` բարի գործեր, որ խորհրդանշում է հուրը: Երրորդ` ճշմարիտ և սուրբ նպատակ, որ խորհրդանշում է պատրույգը, և այն, որ ամեն բարի գործ Աստծու սիրո համար ենք անում և ոչ թե ի ցույց մարդկանց:

Եվ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ կենդանի հավատը մեռած հավատից, որովհետև վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից` դառը ծուխ: Այդպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս` լուսավորելով մարդկանց ճանապարհը:

Եկեղեցին իր բոլոր պաշտամունքները կատարում է խնկարկումով և մոմավառությամբ: Բերենք մի քանի օրինակ: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայի կամ Ավետարան ընթերցող սարկավագի երկու կողմում կանգնում են երկու մոմակիր, նրանք խորհրդանշում են Հիսուսի Հարությունն ավետող երկու լուսավոր հրեշտակներին, «Որոնք նստել էին, մեկը` սնարին, և մյուսը` ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն է եղել» (Հովհաննես 20.12): Սա մեզ հիշեցնում է սաղմոսներից հետևյալ համարները. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118.105), «Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս աչքերին» (Սաղմոս 18.9):

Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի Ճրագալույցներին, Տյառնընդառաջի երեկոյան հավատացյալներն իրենց ձեռքում մոմ են ունենում, որի խորհուրդները հետևյալն են: Ճրագալույցի գիշերային ժամի տոնը բազում վառվող լույսերով և մոմերով են կատարում, որովհետև այս տոնի Տերը Քրիստոսն է` Երկնավոր Լույսը, և հարկ է լույսով կատարել Լույսի տոնը: Մոմի լույսը խորհրդանշում է այն աստղը, որն առաջնորդեց մոգերին և կանգնեց այնտեղ, ուր Մանուկն էր: Այդ պատճառով այս օրը` երեկոյան, վառվող մոմերով ենք եկեղեցի մտնում: Տյառնընդառաջին մեր ձեռքին մոմ ենք ունենում, որովհետև ինչպես սուրբ Կույսը, Հովսեփը, Աննա մարգարեուհին և Սիմեոն ծերունին իրենց ձեռքում Քրիստոսին ունեին, այնպես էլ մենք` մոմ: Քանի որ մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, բայց և մի մոմ է, այնպես էլ Քրիստոս` երեք իրողություն: Աստվածությունը` իբրև հուր, անապական մարմինը` որպես հստակ մոմ, բանական հոգին` որպես պատրույգ, որոնցով լուսավորվեցին բոլոր արարածները: Ծերունի Սիմեոնն ասում է. «Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար» (Ղուկաս 2. 25-3): Ուշագրավ է, որ ժամանակին մեր Եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, որը կատարվել է Տյառնընդառաջին և Սուրբ Զատկի Ճրագալույցի երեկոյան: Ավագ շաբաթվա Ավագ երեքշաբթի օրը մեր ձեռքերի վառվող մոմը խորհրդանշում է տասը կույսերին (Մատթեոս 25. 1-13): Կույսերն օրինակ են քրիստոնյաների: Նրանցից հինգը իմաստուն են, հինգը` հիմար: Իմաստուն են նրանք, ովքեր այս աշխարհում հարատևում են հավատի գործերի մեջ. այսինքն` աղոթքով, պահքով և ողորմությամբ, և սպասում են Հիսուսի Երկրորդ Գալստյանը: Ինչպես Ավետարանում է գրված. «Կեսգիշերին ձայն լսվեց, ահա փեսան գալիս է», հիմար կույսերը, ովքեր իրենց լապտերները հանգցրել էին (այսինքն` չունեին հավատի գործեր), պիտի մնային խավարում, իսկ իմաստուն կույսերը, ովքեր իրենց լապտերները վառ էին պահել, Փեսայի հետ պիտի մտնեին Լույսի սրահը` Երկնքի Արքայություն:

Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով` հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերն առ Աստված: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունն ունեն ներքին իմաստ և խորհրդաբար հիշեցնում են աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին: Սրբերի պատկերների առջև վառվող մոմերը մեզ հիշեցնում են, որ սրբերը իրենց ժամանակաշրջանում լույս են եղել մարդկանց համար: Նրանք ինչպես մոմ սպառել են իրենք իրենց, որպեսզի մարդկանց լուսավորեն:

Եկեղեցում հավատացյալի մոմ գնելը և վառելը դիտվում է որպես զոհաբերության յուրատեսակ մի արտահայտություն՝ ուղղված Հիսուս Քրիստոսին՝ «Աշխարհի լույսին» (Հովհաննես 8.12), ինչպես նաև՝ նյութական օժանդակություն եկեղեցուն (ուստի չի խրախուսվում եկեղեցում դրսից բերված մոմ վառելը): Ընդունված է, որ հավատացյալն այդ զոհաբերությունը և եկեղեցուն օգնությունը իր անձնական միջոցներով կատարի:

Աշխարհ եկած Լույսը լուսավորեց և լուսավորում է մեղքերով խավարած մարդկային կյանքը: Մոմի կրակը վեր բարձրացող մեր հայացքն ուղղում է դեպի Երկնային և Ճշմարիտ Լույսը, այս օրինակի համաձայն՝ քրիստոնյան ինչ իրավիճակում էլ լինի, փորձում է վեր նայել, Լույսից լույսով հարստանալ և իր շուրջն այդ Լույսով ողողել:

12.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․