Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի երբ տեսնում եմ մեղսավոր մեկին, դատում եմ նրան, իսկ երբ ծույլ եղբոր եմ տեսնում, ատում եմ նրան, և այդպիսով իմ հոգին կորստյան եմ մատնում»: Ծերը նրան ասաց. «Երբ այդպիսի բան լսես, նույն պահին իսկ միտքդ հեռացրո՛ւ դրանից և ուղղորդի՛ր քո ՝ խորհելու ահավոր Դատաստանի օրվա մասին, հիշի՛ր նաև սոսկալի Աթոռը և անաչառ Դատավորին, հրեղեն գեհենը, որ Նրա առջևում է, և տան­ ջանքները, որ նրանում են, հրեղեն սուրը և անողորմ դահիճներին, աչ­քերի լացն ու ատամների կրճտոցը, անքուն որդերն ու բոլոր դառն ու անվախճան տանջանքները, հավիտենական ողբն ու կոծը: Այս ամենն հիշի՛ր և ընկերոջդ դատելու փոխարեն` ինքդ քե՛զ դատիր, քննի՛ր քո մեղքերը ու խորհի՛ր, թե ինչ ահավոր են Աստծո դատաստանները: Քանզի եթե սուրբ և անմարմին հրեշտակների զորքերն են ահուդո­ղով լցվում այդ ժամին, ապա մեղքի մեջ ծնված և նրանով սնուցված մարդն ի՞նչ կանի: Այնտեղ ոչ մեկը չի կարող ուրիշին օգնել կամ վնասել, և ոչ ոք չի կարող տանջանքներից փրկել մեկնումեկին. ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ որդի, ո՛չ ազգատոհմ, ո՛չ փառք, ո՛չ մեծություն` բնավ ո՛չ ոք և ոչինչ, այլ միայն` Աստծո ողոր­մությունը, արդարության գործն ու ուղիղ հավատը: Եվ առհասարակ, մեծ հիմարություն է թողնել սեփական մեղքերը և դատել ընկերո­ջը, քանզի մեզանից յուրաքանչյուրն իր բեռն է տանում և մեզանից յուրաքանչյուր ոք իր մեղքերի ցանցով է բռնվում, և ամեն մեկն էլ Տիրոջինն է` արդար լինի, թե մեղավոր: Եվ Աստված կարող է ապրեց­նել թե՛ մեղավորին և թե՛ արդարին, ինչպես արեց մաքսավորին, պոռ­նիկին, ավազակին և այն մշակներին, որոնք տասնմեկերորդ ժամին վարձվեցին (Մատթ. Ի 6-16): Այս ամենը խորհի՛ր, որդյա՛կ, և հրաժարվի՛ր ընկերոջը դատելուց և ատելուց, քանզի դա ամենաչարն ու դժնդակն է բոլոր մեղքերից, քանզի Միածնի աթոռի և դատաստանի մենաշնոր­հի հափշտակումն է այդ: Եվ եթե կամենում ես զերծ մնալ դրանից` դա՛տ դիր քո առաջ և ասա՛` այսինչ բանն ինչո՞ւ արեցի, կամ` ին­չո՞ւ խորհեցի այսինչ բանը: Քեզ դատելու համար բազում պատճառ­ներ կգտնես, որովհետև դու մարդ ես: Այսպես անելով և խորհելով` չես զբաղվի ուրիշներին դատելով և ատելով և կհանդարտվես Աստծո շնորհով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․