Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Պատմեց հայր Մակարիոսը, թե. «Մի անգամ անապատում քայ­լում էի, երբ մարդու մի չորացած գանգ գտա և նստելով նրա մոտ՝ հարցրի նրան. «Ո՞վ ես դու»: Իսկ նա պատասխանեց ինձ և ասաց. «Ես հեթանոսների կուռքերի քահանայապետն էի, իսկ դու հոգևոր հայր Մակարիոսն ես: Երբ դու աղոթում ես հոգիների համար, որ դժոխքում են, նրանք փոքր­ինչ հանգիստ և մխիթարություն են առնում»: Ես նրան հարցրի. «Ինչպիսի՞ն է այդ մխիթարությունը և իսկ ինչպիսի՞ն են տանջանքները»: Գանգն ասաց. «Որչափ որ բարձր է երկինքն ու երկիրը` խոր, երկրից ավելի խորն է այն տեղը, ուր մենք դատապարտ­ված ենք մնալու, և մինչև պարանոցներս թաղված ենք անշեջ հրի մեջ և հնար չունենք միմյանց դեմքին նայելու, այլ յուրաքանչյուրս նա­յում է իր ընկերոջ թիկունքին, և սաստիկ խավար է այնտեղ: Սակայն երբ դու սկսում ես աղոթել մեզ համար, այնժամ փոքր­ինչ տեսնում ենք միմյանց դեմքերը, և դա՛ է մեր մխիթարությունը»: Եվ ողբում էր ու ասում. «Վա՜յ այն օրվան, երբ ծնվեց մարդը»: Ես նրան ասացի. «Ավելի ծանր տանջանքներ կա՞ն, քան այն, որի մեջ եք դուք»: Գանգն ինձ ասաց. «Առավել խիստ տանջանքներ կան մեզանից ներքև»: Եվ ես հարցրի. «Ո՞ր եղկելիներն են դրա մեջ»: Գլուխն ասաց. «Մենք` Աստծո անգետներս, փոքր­ինչ ավելի ողորմության ենք արժանացել, իսկ նրանք, ովքեր գիտեին Աստծուն և ուրացան Նրան, նրանք են մեր ներքևում»: Եվ ես, վերցնելով այդ գանգը, թաղեցի հողի տակ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․