Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Հայր Ամոնն ասաց. «Երբ նստես քո սենյակում, ժողովի՛ր քո մտքերը և հիշի՛ր քո մահվան օրը, կնքի՛ր քո սրտի մեջ հոգու ելնելն ու մարմնի մահը, միտքդ ա՛ռ այդ փորձությունը և քո սրտի մեջ դի՛ր երկյուղ և զղջում, ատի՛ր ունայնությունը և քո մտքում դի՛ր բարե­գործության ջանքը, որովհետև այսպիսով կարող ես մնալ ճշմարիտ առաքինության մեջ, որպեսզի միշտ հոժար կամքով հանդարտվես և նստես քո սենյակում: Այս ամենից բացի, հիշի՛ր նաև ահեղ Դատաս­տանի օրը և թե ի՛նչ վիճակում կլինեն այնտեղ հոգիները. ոմանք դա­ռը լռության մեջ, ոմանք ծանր հառաչանքների մեջ, ոմանք` ահուդո­ղի, և ովքեր հարությունից հետո կմնան հավիտենական տանջանք­ների մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում: Հիշի՛ր նաև այն համընդհանուր հարության օրը և Աստծո առջև կանգնելը. մտածի՛ր նաև ահավոր ու անաչառ դատաստանի մասին, միտքդ ա՛ռ նաև հան­ցավորներին սպասվող ամոթը, որ լինելու է Աստծո, հրեշտակների դասի, դևերի, ողջ ադամական սերնդի և արդարների հոգիների առջև: Հիշի՛ր նաև բոլոր տեսակի տանջանքները, անշեջ հուրն ու անքուն որդերը, մթին տարտարոսն ու խավարը, ատամների կրճտումը, ահը, երկյուղը, անհատնում ու անվախճան պատիժը: Հիշի՛ր նաև արդար­ների համար պատրաստված բարիքները, հանգիստն ու համարձակու­թյունը, որ ունեն Աստծո և նրա հրեշտակների առջև, և ցնծությունը, որ Երկնքի Արքայությունում է: Այս երկու հիշատակումները ամբա­րի՛ր քո մտքում և մեկին հետևի՛ր, իսկ մյուսից` փախի՛ր: Եվ հարա­ժամ ողբա՛, լա՛ց եղիր, արտասվի՛ր ու միշտ երկյուղի՛ր, թե` գուցե դու էլ դատապարտյալների շարքում հայտնվես, թեկուզ և արդար լինես. այս մտածության մեջ եղի՛ր, իսկ դա լավ է և օգտակար քեզ համար: Իսկ արդարների համար պատրաստված բարիքները միշտ խորհի՛ր քո մտքում և բարիքների հույսով բարձրացրո՛ւ քո հոգին և ջանա բարի գործերով քեզ խառնել նրանց հետ: Տե՛ս և միտքդ ա՛ռ և զգո՛ւյշ եղիր, որպեսզի Աստծո հիշատակը երբեք չնվազի քո մտքից, և մի՛ մոռացիր Նրա դատաստանը: Գուցե սրանցով ազատվես քո չար խորհուրդնե­ րից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․