Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն ճգնասեր եղբայր օտար տեղից եկավ և բնակվեց Սինա լեռանը՝ մի առանձին խցում: Եվ երբ առաջին օրը մտավ այնտեղ, իրե­նից առաջ այնտեղ բնակվածի կողմից գրված մի տաշեղ գտավ. «Մով­սեսի եղբայր Թեոդորոսն է. ահավասիկ կա՛մ և վկայո՛ւմ եմ»: Եվ եղ­բայրը, ողջ օրը տաշեղն իր առջև դնելով, հարցնում էր գրողին՝ իբրև կենդանի արարածի. «Ո՞ւր ես արդյոք այժմ, ո՜վ մարդ, որ ասել ես, թե՝ ահավասիկ կամ և վկայում եմ: Արդյոք ո՞ր աշխարհում ես այս ժամին, արդյոք ո՞ւր է այն ձեռքը, որ գրել է»: Եվ ողջ օրն այսպես անելով ու գերեզմանը հիշելով՝ նստում էր սգալով: Նրա ձեռագոր­ծը գրչությունն էր և բազում եղբայրներից գրելու պատվերներ էր ստանում: Սական մեռավ` ոչ մեկին գրություն չթողնելով, այլ միայն յուրաքանչյուր մագաղաթի վրա գրած ուներ. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, տե՛ր եղբայր, քանզի մեկի հետ փոքր­ինչ գործ ունեի, դրա հա­մար էլ ժամանակ չունեցա գրելու»: Սրա խցի մոտ մի եղբայր էր բնակ­վում, որը մի օր ինչ­որ գործով տեղ գնալու պատրվակով գրագիր եղբորն ասաց. «Բարի՛ եղիր, եղբա՛յր, ոռոգի՛ր ու պահպանի՛ր պար­տեզս, մինչև վերադառնամ»: Գրագիրն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, որքան կարող եմ` չեմ ծուլանա»: Եվ երբ եղբայրը գնաց, ասաց իրեն. «Տառապյա՛լ, քանի ժամանակ ունես, հոգ տար պարտեզիդ մասին»: Առավոտից մինչև երեկո կանգնելով աղոթքի` չէր դադարում արտա­սուքներով սաղմոսել և աղոթել, նույնպես և հաջորդ ամբողջ օրը, քանզի սուրբ կիրակի էր: Դրացի եղբայրը, երեկոյան գալով, տեսավ, որ խոզերը ավերել ու ապականել են ողջ պարտեզը, և նրան ասաց. «Աստված թողությո՛ւն տա քեզ, եղբա՛յր, որ խնամք չտարար իմ պար­տեզին. արդարև, ողջը ապականվեց»: Գրագիր եղբայրն ասաց. «Գիտե Աստված, որ իմ կարողության չափով արարեցի, ոռոգեցի և պահպա­նեցի, բայց Աստված տա՛, որ մեր պարտեզը պտղաբերի: Գիտեմ, որ ավերվեց, բայց հավատում եմ Աստծո Որդուն, որ կծաղկի»: Պարտեզի տերն ասաց. «Ե՛կ ոռոգենք այն»: Գրագիրն ասաց. «Գնա՛ ոռոգիր, իսկ ես գիշերը կոռոգեմ»: Այդ ժամանակ երաշտ եղավ, իսկ դրացին իր գրագիր եղբորն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, եթե Աստված չօգնի, ես ջուր չունեմ սրա համար»: Գրագիրն ասաց. «Վա՛յ մեզ, եղբա՛յր, եթե մեր պարտեզի աղբյուրները ցամաքեն, արդարև փրկություն չենք ունենա». նա արտասուքները նկատի ուներ: Երբ մեռնելու վրա էր, աղաչեց իր դրացուն և ասաց. «Ոչ մեկին մի՛ ասա, թե հիվանդ եմ, այլ այսօր մնա՛ այստեղ: Երբ գնամ առ Տեր, վերցրո՛ւ իմ մարմինը և գցի՛ր բաց անապատ, որպեսզի ուտեն գազաններն ու թռչունները, քանզի բազմիցս մեղանչեցի Աստծու դեմ և արժանի չեմ թաղվելու»: Պար­տիզպանն ասաց նրան. «Հավատա՛, եղբա՛յր, որ խիղճս թույլ չի տա­լիս նման բան անել»: Պատասխանեց հիվանդն ու ասաց. «Այդ մեղքդ ինձ վրա կնկնի, միայն թե ինձ խոստացի՛ր, որ կլսես ինձ և այդպես կանես»: Եվ երբ մահացավ, եղբայրը նույն օրն իսկ արեց այնպես, ինչպես պատվիրել էր գրագիր եղբայրը, և գցեց նրա մարմինը բաց անապատ, քանզի հեռու էին քսան մղոնով այն բերդից, որ կոչվում է Մետեմիր: Հաջորդ օրը առ Տեր գնացած եղբայրը երևաց նրան տե­սիլքի մեջ և նրան ասաց. «Աստված ողորմի քեզ, եղբա՛յր, ինչպես որ դու ի՛նձ ողորմեցիր: Հավատա՛ ինձ, որ Աստված մեծ ողորմություն արեց ինձ, որ անթաղ մնաց իմ մարմինը, և ինձ ասաց. «Ահա քո խո­նարհության համար կարգադրեցի, որ դու Անտոնի հետ լինես»: Արդ, ես աղաչեցի քեզ համար. հիմա թո՛ղ քո արտաքին պարտեզը և մյուս` ներքին պարտեզի համար հո՛գ տար, որովհետև իմ մահվան ժամին, երբ ելավ հոգիս, տեսա, որ իմ արտասուքները հանգցրին այն հուրը, որի մեջ ես պետք է այրվեի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

31.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․