Գրքեր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն պատանի ուզում էր կրոնավոր դառնալ, սակայն նրա այրի մայրն արգելում էր նրան: Բայց և այնպես նա կոտրեց մոր դիմադրությունը, գնաց և դարձավ մի ծույլ կրոնավոր: Մոր մահից հետո նրան նույնպես մահացու ցավ դիպչեց, և նա տեսիլքի մեջ տեսավ իրեն տանջանքի վայրում, որտեղ իր մայրն էլ էր և ասաց իրեն. «Այս ի՞նչ բան է, որդյա՛կ, դու է՞լ ես այստեղ տանջվում. ո՞ւր մնացին քո խոսքերը, որ ասում էիր ինձ, թե կամենում ես քո հոգին փրկել»: Եվ նա չկարողացավ պատասխան տալ, սակայն հանկարծ վերևից ձայն եկավ, թե` «Դրան չկանչեցի, այլ դրան անվանակից ծերին»: Նա զարթնեց ու առողջացավ, իսկ այն համանուն ծերն իրոք վախճանվեց: Դրանից հետո նա այնպիսի տքնաջան կյանքով ու ճգնությամբ էր սգում գիշեր ու ցերեկ, որ եղբայրներն աղաչում էին նրան՝ գոնե մի քիչ հանգստանա, որպեսզի խելացնորության չհասնի, սակայն նա չէր լսում նրանց` ասելով. «Եթե իմ մորը չկարողացա պատասխան տալ, հապա իմ Տեր Արարչի առաջ ի՞նչ պետք է անեմ ես` հեղգս»: Եվ տեսնողներից մեկն ասաց. «Եթե Աստված Ադամի որդիներին անմահություն չհագցներ Իր ահավոր գալստյան ժամանակ, և այժմյան կյանքով լինեին, ապա անասելի երկյուղի սոսկումից վերջին օրը` երկրորդ գալստյանը, մսեղենների հոգիները կքաղվեին երկնային Դատավորի անհանդուրժելի երևումից, երկնքի ու երկրի և այն մեծ հրապարակի սասանումից, ուր ի մի հավաքված կլինեն ադամորդիները` Ադամից մինչև աշխարհի վախճանը եղածները, և անթիվ երկնային զորքերը: Եվ մենք պարտավոր ենք ապրել՝ գիտակցելով, որ ամեն ինչի համար հաշիվ ենք տալու»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․