Գրքեր

Մյուռոնաթափ աղավնի

«Մյուռոն» հունարեն բառ է (µύρου), որ նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ», և ծագում է «օծել» արմատից (Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան):

Սրբալույս Մյուռոնը քրիստոնեական եկեղեցում օծման համար կիրառվող սրբազան հոտավետ և անուշաբույր յուղ է: Այն հանդիսանում է Սուրբ Հոգու շնորհները փոխանցելու միջոց: Սրբալույս Մյուռոնով է կատարվում դրոշմի և քահանայի ձեռնադրության խորհուրդը: Մյուռոնով են օծում եկեղեցին, Սուրբ Սեղանը, ինչպես նաև խաչը, Ավետարանը, սրբապատկերները, սպասքը և այլն:

Մյուռոնի գլխավոր նյութը ձիթապտղի մաքուր յուղն է, խառնված ավելի քան 40 հոտավետ ծաղիկների, արմատների, բալասանի յուղի հետ և այլն:

Մյուռոնի օրհնության իրավունքը վերապահված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսին: Սրբազան այս նյութը հատուկ հանդիսավոր արարողությամբ օրհնվում է 5-7 տարին մեկ անգամ:

Մյուռոնաթափ աղավնին ոսկուց կամ արծաթից պատրաստված մի անոթ է, որի մեջ լցնում են Մյուռոնը: Ինչպես հայտնի է Ավետարանից, Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Նրա վրա: Քանի որ աղավնին Սուրբ Հոգու խորհրդանիշն է, այս պատճառով Սրբալույս Մյուռոնը պահվում է աղավնաձև անոթներում:

Այս անոթը պատրաստվում է մեծ մասամբ թևատարած աղավնու, ինչպես նաև որևէ ճյուղի վրա կամ էլ գնդի վրա (խորհրդանշում է երկրագունդը) նստած աղավնու ձևով: Աղավնին ամրացված է պատվանդանի վրա, որևէ տեղում դնելու համար: Մյուռոնը նախապես լցվում է աղավնու թիկունքին գտնվող անցքից, իսկ օգտագործման ժամանակ հարկավոր չափով կաթեցվում կտուցից, որը շարժական է: Ներքև թեքելիս այն բացվում է, իսկ ուղղելիս՝ փակվում:

Մյուռոնաթափեր լինում են նաև ոչ աղավնաձև, որը կլոր մի աման է պատվանդանով սկիհի նմանությամբ, ամանն ունի Մյուռոնը ծորալու տեղ, վրան ծածկով կամ առանց ծածկի և խաչով: Այն կոչվում է Մյուռոնաշիշ, ինչպես նաև «բթնոց»:

26.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․