Գրքեր

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով:

Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրերանական պատերազմում հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան ազատագրական պայքարում այս հաղթական օրը մեր հերոս զավակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և ազգային մեր մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմավորվեց նաև Արցախի ապահովության և խաղաղության երաշխիք հանդիսացող Պաշտպանության բանակը:

Այսօր, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Պատերազմական այս մարտահրավերների առջև մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության, մեզ համար հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը:

Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որպեսզի Բարձրյալ Տերը լուսեղեն երկնային հարկերում հանգստություն շնորհի հայրենիքի համար զոհված մեր հերոս զավակների հոգիներին, խաղաղություն պարգևի համայն աշխարհին, զորացնի և ապահովության մեջ պահի հայրենի մեր պետականությունը և մեր ժողովրդին այժմ և հավիտյանս. ամեն:

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

09.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․