Գրքեր

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամավերջի այս օրերին: Ականատես եղանք և սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները: Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության: Անցնող տարում հաղթահարեցինք նաև ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին:

Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդը Աստծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց, ի սփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիգ կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը: Հայրենիքում և սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առ հայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարօր, լուսավոր ներկան ու ապագան: Գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարևորեցին իրենց հոգևոր աճը, զորացրեցին իրենց հավատքն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր Եկեղեցու ընդարձակվող գործունեությունը: Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսևորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը և ունենա ներուժը՝ հաղթանակներ կերտելու:

Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից: Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով, հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման և օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը և ի սփյուռս աշխարհի մեր ազգային և եկեղեցական անդաստանի շենացմանը: Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղյալներին և կարոտյալներին: Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում: Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը:

Համայն հայոց հոգևոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղոթքն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը ի սփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված Մեր քաջարի զավակների և ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին: Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն՝ Մերձավոր Արևելքին, Սիրիային, Իրաքին: Թող մեր Փրկչի առատ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից և ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ: Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով: Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ: Շնորհավոր նոր տարի:

31.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․