19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Նա չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին շարունակում է իրագործել իր սոցիալական ծրագրերը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 25-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-5 թաղ. 31 հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Տնակը, որտեղ բնակվում է բազմանդամ ընտանիքը, բաղկացած է մեկ սենյակից և զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Ընտանիքի հինգ զավակների հայրը՝ Խաչատրյան Վարուժանը (39 տ.), երկրորդ խմբի զինհաշմանդամ է, ոտքն ամպուտացված է և առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ մշտապես աշխատելու, աշխատում է նրա կինը՝ Խաչատրյան Արմինեն (38 տ.): Բազմանդամ ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ տանտիկնոջ աշխատավարձի, նրա ամուսնու թոշակի և ընտանեկան նպաստի գումարներով: Խաչատրյան ընտանիքի ավագ դուստրն ամուսնացել է, ավագ որդին, դպրոցն ավարտելով, ավտոմեխանիկայի արհեստ է ուսանում:

«Մեկ տարի է, ինչ այս տնակում ենք ապրում, մինչ այդ՝ ամուսնուս հայրական տանը, ապա վարձակալությամբ ենք ապրել՝ տասներեք տարի սպասելով, որ ամուսնուս՝ որպես զինհաշմանդամի, բնակարան կտրամադրեն»,- ասաց Արմինեն:

Տեր Գրիգորը Խաչատրյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արմինեն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Ի տարբերություն աշխարհիկ մտածողության՝ առաջինը լինելու ձգտումն այլ կերպ է ընկալվում հոգևոր աշխարհում: Վերջինիս համաձայն՝ ով ձգտում է առաջինը լինել, պետք է հետևի Քրիստոսին, Ով «չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթ. 20:28): Իր երեքամյա քարոզչության ժամանակ Տերը ծառայեց մարդկանց, Իր առաքյալների ոտքերը լվաց: Տիրոջ օրինակին հետևելով՝ եկեղեցու հայրերը հորդորում են չամաչել որևէ մեկին ծառայելուց: Ինչպես և ինչով կարող է մարդ պետք է ծառայի. քաղցածին կերակրի, մերկին հագցնի, հիվանդին այցելի, ոչ միայն մարմնին, այլ նաև հոգուն ծառայի. խրատի, մխիթարի և ամրապնդի: Ս. Հովհան Ոսկեբերանը շեշտադրում է այն կարևոր առաքինությունը, որով զարդարվում է քրիստոնյան. «Ինչպես հարուստի զավակներն են իրենց պարանոցի վրա ոսկե զարդարանք կրում և չեն հանում այն՝ որպես ազնվական լինելու նշան, այնպես էլ մենք մեզ վրա պետք է կրենք ողորմությունը, որպեսզի ցույց տանք, որ ողորմած Աստծո զավակներն ենք, Ով Իր արևը ծագեցնում է ինչպես բարիների, այնպես էլ չարերի վրա (Մատթ. 5:45)»:

 

Կարինե Սուգիկյան

25.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․