Գրքեր

«Նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը դրեց»

«Նա ի կարօտութենէ իւրմէ՝ զամենայն կեանս իւր՝ զոր ունէր արկ»։

«Նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը դրեց» (Ղուկաս 21։4)։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ․

Արդեն երկու շաբաթ հայոց աշխարհը հայտնվել է պարտադրված պատերազմական իրավիճակում։ Այսօր, առավել քան երբևէ, պետք է դրսևորվեն մեր քրիստոնեական հատկանիշները՝ սերը, փոխըմբռնումը, ողորմածությունը, հոգատարությունը, ուշադրությունը միմյանց նկատմամբ, համբերատարությունը, քրիստոնեական, ազգային արժեքները պաշտպանելու մեր քաջությունը։ Մենք պարտավորված ենք սիրել իրար, ամենակարևորը՝ դադարել իրար դատել, քննել ուրիշների գործերը, ուրիշների կատարած բարեգործությունների չափը, մտածենք միայն մեր հայրենակիցներին ուժերի ներածին չափով օգտակար լինելու մասին։ Առանձին անհատի հոգսը պետք է ընդհանուրինը լինի, յուրաքանչյուրս մեր կողքինի խնդիրը պետք է մերը համարենք։ Մենք մեծ, շատ մեծ անելիք ունենք, պիտի կանգնենք հայր, որդի, եղբայր կորցրած զավակների, ծնողների, քույրերի և եղբայրների կողքին, ուժ հաղորդենք նրանց, մխիթարության խոսքեր ունենանք նրանց համար, թևեր ունենանք նրանց գրկելու համար։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Ինքը լաց եղավ Ղազարոսի մահվան համար։ Մենք, մխիթարություն գտնելով Սուրբ Հոգուց, պետք է կարողանանք մխիթարություն պարգևել և սփոփել մեր որդեկորույս մայրերին։

Այս օրերի կարևորագույն հրամայականներից է նաև հավատարմությունը միմյանց նկատմամբ, հայրենիքին, որպեսզի չդավաճանենք միմյանց՝ մեր ճիշտը հաստատելու համար։ Հուդան ընդամենը մտածեց, որ ինքը ճիշտ է, միայն մատնությունից հետո հասկացավ իր մեղքը։ 

Երկրորդ՝ պիտի կարողանանք վերարժևորել մինչ այս ունեցած մեր հարաբերությունները այլոց հետ։ Հասկանանք, որ սովորական պայմաններում պետք է գնահատել եղած խաղաղությունը մեր հայրենակիցների միջև, կոնֆլիկտներ ու վեճեր չփնտրել, սիրել և ուշադիր լինել միմյանց նկատմամբ, որովհետև կարող է գալ ժամանակ, ինչպիսին այժմ է, և չկարողանանք շտկել մեր վերաբերմունքը մեր հարազատների նկատմամբ։ Յուրաքանչյուր հայ այժմ փորձում է գտնել կարիքավորի և հասնել օգնության։ Խաղաղ պայմաններում պիտի հավատանք Աստծուն, չուրանանք մեր հավատքը, չդադարենք աղոթել, ինչպես որ այժմ, ամեն հայի սրտից աղոթք է կաթում, ամեն հայ Աստծո ողորմությունն ու գթությունն է հայցում իր հայրենիքի ամրության, իր զինվորի արիության, սահմանների պաշտպանության և թշնամու կործանման համար։ Ուստի հարկավոր է միշտ աղոթել Աստծուն, միշտ բարիք գործել, չարը չկամենալ, սիրո և ներողամտության հոգի ունենալ շրջապատի հետ հարաբերությունների պահպանման համար, միայն պատերազմական իրավիճակում զիջող չլինել, այլ մի՛շտ, մի՛շտ միասնական ու միակամ լինել, մի՛շտ փնտրել հայրենիքի շահը։ Որոշ մարդիկ կասկածի տակ են առնում հայրենասիրության գաղափարը։ Իրականում հայրենասիրությունը ենթադրում է ծառայել հայրենիքին ու հայրենակիցներին և օգնել նրանց։ Սա էլ ճշմարիտ Աստվածապաշտությունն է։

Այսօրվա ավետարանական ընթերցվածքում պատմվում է մի այրի կնոջ մասին, որը տաճարի գանձանակի մեջ գցեց իր ողջ ունեցվածքը։ Այսօր մեր ժողովրդի զավակները, ինչպես գրում էր Գարեգին Առաջին կաթողիկոսը, պատմության գանձանակի առջև իրենց կյանքն են ներդնում մեզ համար, մեր հայրենիքի ներկայի ու ապագայի համար, մեր ժողովրդի փրկության և շարունակականության համար։ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15։13), ասում է Քրիստոս և տալիս առաջին օրինակը։  Զոհաբերվում է ողջ մարդկության մեղքերի քավության ու թողության համար և փրկություն պարգևում մեզ։ Այդպես էլ մեր զավակների ու հայրերի թափած արյան յուրաքանչյուր կաթիլ մեզ բոլորիս կյանք է պարգևում։ Մենք էլ պիտի փորձենք մեր տեղերում օգտակար լինել։ Ողորմություն անենք ոչ ցուցադրաբար։ Ոչինչ չխնայենք մեր հայրենիքի ու մեր զինվորների համար։ 

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Սրբոց Թարգմանչաց տոնը։ Մենք պիտի ուշադիր լինենք մեր հայրերի և հայրապետների կտակած ժառանգությանը, ինչ խրատներ են թողել նրանք մեզ, դարերի խորքից ինչ են ցանկացել ուսուցանել նրանք։ Մենք պիտի չուրանանք նրանց և նրանց դավանաբանությունը։ Իրենց խրատներով և հորդորներով մշտապես փորձում են մեզ արթուն պահել երևելի ու աներևույթ չարի որոգայթներից, զգոնության կոչ են անում, սովորեցնում են սովորել անցյալի սխալներից և նորերը թույլ չտալ։

Ուստի մեր հորդորն է ձեզ, որ չկորցնեք հավատն ու հույսը Աստծո նկատմամբ, հարատև աղոթե՛ք, որպեսզի վերջանա այս չարաբաստիկ պատերազմը, որի ընթացքում ականատեսն ենք լինում հրաշքների բազում վկայությունների, որոնցից մեկն էլ այն է, որ թշնամին արդեն երկու շաբաթ չի կարողանում կատարել իր առջև դրված մեծագույն խնդիրը՝ գրավել Արցախը։ Աստծո հրաշքով մեր փոքրաթիվ բանակը պաշտպանում է մեզ թշնամու մեծաքանակ զորքից։ Ուրեմն մեզանից ակնկալվում է ամուր և աներեր մնալ հավատքի մեջ, քաջ լինել և չվախենալ, վստահել Աստծուն, հարատևել աղոթքի մեջ, խաղաղ պայմաններում հիշել պատերազմական օրերը և գնահատել օրվա խաղաղությունն ու մեր սիրելիների ներկայությունը, այդժամ միայն ճիշտ բնույթ կստանան մեր քայլերը, անտեղի ժամանակ չենք վատնի անկարևոր բաների վրա և կգնահատենք մեր կյանքի ամեն օրն ու ժամը։ Պատմության գանձանակը դրված է մեր առջև, խորհենք, թե ինչ ենք դնում այդ գանձանակի մեջ։   

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

11.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․