Գրքեր

«Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի հավերժ է Նրա ողորմությունը»

«Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա»

«Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի հավերժ է Նրա ողորմությունը» (Սաղմոս 135:25):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Սաղմոսի այս խոսքերին գալիս է լրացնելու օրվա ավետարանական ընթերցվածքը, որը հինգ նկանակի և երկու ձկների բազմացման մասին է: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչպես է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս հոգում Իրեն հետևող ողջ բազմության մասին: Նախ, նավակից իջնելով, տեսավ նրանց ու գթաց և սկսեց ուսուցանել նրանց: Այնուհետև, երբ աշակերտները խնդրեցին Նրան արձակել ժողովրդին, որպեսզի գնան շրջակա ագարակներում և գյուղերում իրենց համար ուտելիք գնեն, Քրիստոս վերցրեց հինգ նկանակն ու երկու ձուկը, օրհնելով դրանք, բազմացրեց և աշակերտներին խնդրեց բաժանել ներկաներին: Եվ դեռ տասներկու զամբյուղ ավելացավ այն բանից հետո, երբ հինգ հազար հոգի կշտացավ:

Այս պատմությունը Աստվածային անսահման սիրո, հոգատարության, խնամքի և ուշադրության մասին է: Աստված միշտ հոգում է մեր մասին: Տեսե՛ք, այն մարդիկ, որ եկել էին Նրա հետևից, եկել էին Աստծո խոսքը լսելու, բայց Տերն Իր աշակերտների հետ միասին մտածեց նաև նրանց կերակրելու մասին: Քրիստոսի հետևորդները չգիտեին, որ Նա նույնիսկ իրենց ֆիզիկական քաղցը պիտի հագեցնի այդ ժամանակ: Այնքան առատացրեց նկանակն ու ձուկը, որ անգամ ավելացան: Ինչպես այս իրադարձության ժամանակ, այնպես էլ առհասարակ, Տիրոջ աչքը միշտ մեզ վրա է, հետևում է մեզ յուրաքանչյուր պահի, հոգում է մեր՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական կարիքները: Եվ այս պատմությունը դրա մեծագույն վկայությունն է: Աստծո հետևորդը երբեք Աստծո ուշադրությունից դուրս չի կարող լինել: Նա մեզ հետ է, մեր մեջ, գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ և տալիս է առատորեն: Նա հոգաց բոլորի մասին, երբեք ոչ մեկին չանտեսեց: Ավետարանական բոլոր պատմությունները վկայում են այն մասին, որ երբեք ոչ ոք, որ դիմեց Հիսուս Քրիստոսին, չանտեսվեց: Եվ Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Սիրելինե՛ր, մենք ընթերցում ենք ոչ միայն Ավետարանը, այլև ողջ Աստվածաշունչը՝ հավատալով Նրա ճշմարտացիությանը: Ամբողջ Աստվածաշունչն է վկայում Աստծո սիրո մասին: Հոբի գրքում տեսնում ենք, որ նա անասելի տանջանքներ է կրում, բայց գիտենք նաև, որ Աստված նրան չէր լքել, և Աստված հատուցում է նրա տառապանքների համար՝ կրկին բարօրություն պարգևելով նրան: Մարդկանց կյանքը տարբեր ձևով է ընթանում: Ամեն մարդ իր կյանքն ու խնդիրներն ունի, բայց Արարիչ Աստված յուրաքանչյուրի հետ է, յուրաքանչյուրի կյանքին ուշադիր է և հավասարապես հոգ է տանում մեր բոլորի մասին, քանի որ սիրում է մեզ բոլորիս և յուրաքանչյուրիս: Հիշենք «Բարի սամարացու» առակը (Ղուկաս 10:30-37): Սամարացին տեսավ մերկ, վիրավոր և կիսամեռ ընկածին և գթաց: «Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրա՝ տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց և տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»» (Ղուկաս 10:34,35): Այս առակով Աստված ցույց է տալիս, որ Իր սերը Նա տալիս է մեզ անհրաժեշտը՝ առանց մեր իսկ խնդրելու: Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ Իր մեծ սիրով, Իր սիրուց բաշխեց բոլորին: Նա ասում էր. «Հավատացե՛ք Ինձ, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ Իմ մեջ, եթե ոչ, գոնե գործերի համար հավատացե՛ք Ինձ» (Հովհաննես 14:11): Իսկ Նրա գործերը միայն սիրուց էին բխում և, հիրավի, սիրո գործեր էին: Քարոզում էր Աստծո սերը և Իր սերը գործով ցույց տալիս: Նա, եթե նույնիսկ ուշացնում է տալ մեզ մեր խնդրածը, ապա այդ ժամանակ էլ Իր սիրով է առաջնորդվում: Երկնային Տերը, սիրելով մեզ, ամեն ինչ իր ժամանակին տալիս է մեզ: Ոչ մի բան Տիրոջ աչքից չի վրիպում, Նա սիրում է մեզ, և Նրա հոգածությամբ և գթությամբ լիանում ենք մենք բոլորս: Մենք պետք է ուշադիր լինենք մեր անձերին, որպեսզի Տիրոջ դատապարտությունը չընդունենք:

Երբ հացի բազմացումից հետո մարդիկ փնտրում էին Քրիստոսին, Նա ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք: Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված» (Հովհաննես 6:26,27): Քրիստոս Ինքն է Կենաց հացը, որը ճաշակելով մենք կյանք ենք ստանում: Սուրբ Հաղորդությունը ևս Աստվածային անսահման սիրո, ներողամտության, համբերության, գթածության, ողորմածության արտահայտությունն է: Տերը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, որպեսզի մեզ մշտապես մաքրի մեր մեղքերից ու փրկի մեզ: Ուստի՝ անհրաժեշտ է, որ մենք հետամուտ լինենք Կենաց հացի ճաշակմանը, ոչ թե Աստծուն հետևենք միայն երկրային հացի և մեր երկրային կարիքների համար:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս Հիսուս, եկեղեցում ճաշակելով և հաղորդվելով մեր Փրկչի Կենարար Մարմնին ու Արյանը, մենք պետք է մտածենք, թե որքանով է Աստծո սերը ծլարձակում մեր մեջ, պտուղներ տալիս, արդյո՞ք մենք էլ, ստանալով Աստծո սիրո պտուղները, դրանից բաժին ենք հանում մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին, ծանոթ-անծանոթներին: Աստծո ստեղծած աշխարհում ամեն ինչ աճ ու զարգացում ունի, այդ թվում և՝ սերը, առավել ևս սերը: Սերը եթե պտուղներ չունենա, եթե սիրով լցված մարդը իր անձի սահմաններից դուրս չգա, քրիստոնյա համարվել չի կարող: Եթե մեկին շատ է տրված, մյուսին՝ ավելի քիչ, դա չի նշանակում, որ Տերը մեկին ավելի շատ է սիրում, քան քիչ ունեցողին, Նա մեզ հնարավորություն է տալիս դրսևորելու մեր սերը և՛ Իր նկատմամբ, և՛ մեր ընկերների ու բարեկամների հանդեպ: Լիանալով և հագենալով Տիրոջ սեղանից՝ մենք պիտի ձգտենք լիացնել ու հագեցնել քաղցածներին ու տնանկներին:

Մեր ժողովրդի մեջ գոյություն է ունեցել «Ագապե» կոչվող երևույթը, որը սիրո ճաշն էր Սուրբ Պատարագից հետո: «Ագապե» հասկացությունը նախապես նշանակում էր Աստծո սեր և քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Սուրբ Հաղորդությունը միավորում է մարդկանց և դարձնում Քրիստոսի մարմնի անդամները, և Քրիստոսի սիրով լցված՝ մենք փորձում ենք սրբագործել նաև մեր աշխարհային կերակուրը՝ ճաշի սեղանը դարձնելով սիրո և հոգածության, բարեկամության, համերաշխության և հաշտեցման առիթ: Թող Քրիստոսի սիրով և օրհնությամբ ուղեկցվի մեր կերակրի ճաշակումը թե՛ ընտանեկան հարկերից ներս և թե՛ ընկերական հավաքույթներում:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

02.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․