Գրքեր

Նա տվեց իր ունեցածը և Քրիստոսով նոր կյանք ստացավ

Հավատալ Աստծուն՝ նշանակում է առանց վախի և կասկածների կատարելապես վստահել Նրան: Շատ ավելի հեշտ է հավատը խոստովանել խոսքով, քան թե գործով: Որպեսզի մարդը կարողանա գործով հավատալ Աստծուն, պետք է պատրաստ լինի տալու և ընդունելու ամեն ինչ հանուն Աստծու: Ավետարանում կարդում ենք մի մեղավոր կնոջ մասին, որ բոլորի ուշադրությունը դեպի իրեն գրավելով՝ համարձակվեց մոտենալ Քրիստոսին: Նա այն անձն էր, որ պատրաստ էր տալու և ընդունելու ամեն ինչ հանուն Աստծու: Այս կնոջ մասին Ղուկաս ավետարանիչը պատմում է՝ փարիսեցիներից մեկը Սիմոն անունով հրավիրում է Հիսուսին՝ իր տուն ճաշելու: Հիսուս գնում է նրա տուն և նստում ճաշելու: Քանի որ կազմակերպված երեկոյի մուտքն ազատ էր, փարիսեցու տանը բացի հրավիրվածներից կարող էր որպես դիտորդ ներկա գտնվել յուրաքանչյուր ոք: Եվ քանի որ Քրիստոս էր հրավիրված, Ում բազմաթիվ մարդիկ էին հետևում՝ Նրա ուսուցումները լսելու և իրենց հիվանդություններից բժշկություն ստանալու համար, պարզ էր, որ շատերն էին ցանկանում այդ երեկոյին ներկա գտնվել: Շատերի հետ միասին այդ տուն մտավ մի պոռնիկ կին, ում հոգին լի էր զղջման և ապաշխարության զգացումով: Նա մոտեցավ միմիայն և բացառապես Քրիստոսին՝ հավատալով, որ Նա կընդունի իրեն՝ լինելով նրանց մեջ, ովքեր դատում էին իրեն՝ ոչ մի հնարավորություն չտալով: Նա, հետևի կողմից Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և մազերով սրբում, համբուրում էր ու յուղով օծում:

Իր արդարությամբ հպարտ փարիսեցի Սիմոնի համար վիրավորական էր այդ կնոջ անգամ մեկ հպումը, մի կնոջ, որ հայտնի էր բոլորին իր անառակ կյանքով: Նա զարմանում էր, թե ինչպես է Քրիստոս թույլ տալիս այդ կնոջը իրեն մոտենալ: Այդ ժամանակ Քրիստոս հրավիրեց Սիմոնի ուշադրությունը և պատմեց երկու պարտապանների մասին առակը: Ըստ առակի՝ այդ պարտապաններից մեկն իր փոխատուին հինգ հարյուր արծաթ դրամ էր պարտք, մյուսը՝ հիսուն: Եվ քանի որ նրանք վճարելու ոչինչ չունեին, փոխատուն երկուսի պարտքն էլ զիջեց: «Հիմա դո՛ւ ասա, այս երկու պարտապաններից ո՞ր մեկն ավելի կսիրի նրան»,- հարցրեց Հիսուսը Սիմոնին: Սիմոնը պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, ում ավելի շատ շնորհեց»: Քրիստոս հավանություն տվեց Սիմոնի պատասխանին, ապա նրա առջև բացահայտեց, որ իր պատասխանով նա իր դատավճիռը հնչեցրեց, քանի որ չազդվեց կնոջ զղջումից և սիրո արցունքներից:  

«Սիմո՛ն, դու տեսնո՞ւմ ես այս կնոջը: Ես տունդ մտա, բայց դու ոտքերս լվանալու համար ջուր չտվեցիր, մինչ սա իր արցունքներո՛վ թրջեց ոտքերս և իր մազերո՛վ սրբեց: Դու բարի գալուստի մի համբույր չտվեցիր ինձ, մինչ սա տունդ մտնելուցս ի վեր չդադարեց ոտքս համբուրելուց: Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, մինչ սա անուշահոտ յուղով ոտքերս օծեց: Ուստի ասում եմ քեզ, քանի որ նա շատ սիրեց Ինձ, Իր բազմաթիվ մեղքերը ներված են իրեն: Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում»,- ասաց Քրիստոս, ապա կնոջն ուղղելով Իր խոսքը՝ ասաց՝ քո մեղքերը ներված են քեզ: Տիրոջ այս խոսքերը տարակուսանքով ընդունեցին ներկաները՝ ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքերն է ներում: Հիսուսն ասաց կնոջը՝ քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ (Ղուկ. 7:36-50):

Քրիստոս տեսնում և փորձում է կնոջ հավատն ու սերը՝ ընդունելով նրա թե՛ մեղքը, թե՛ զղջումը և թե՛ սերը:  Իր մեղքերը գիտակցելն ու զղջալը դրդեցին նրան կարևոր մի քայլի՝ նա տվեց իր ունեցածը և Քրիստոսով նոր կյանք ստացավ: Հավատը փրկեց նրան, քանի որ նա խնդրեց առանց կասկածելու: Հենց այսպիսի հավատը կնոջ սրտում արթնացրեց ձգտումը վերականգնելու առ Աստված ունեցած իր հարաբերությունը, որ խաթարվել էր մեղքերի պատճառով: Այդպիսի հավատն էր, որ նրան բերեց Քրիստոսի մոտ և որն արտահայտվեց երախտագիտությամբ ու սիրով:

Տերը կնոջն ասաց՝ գնա խաղաղությամբ, որպեսզի նա չշեղվի ճշմարտության ուղուց: «Քո հավատը քեզ փրկեց» խոսքերը Քրիստոս հաճախ էր ուղղում նրանց, ում բժշկում էր՝ նրանց հավատի համաձայն: Իսկ «գնա խաղաղությամբ» խոսքերն ասում էր նրանց, ում շփոթեցնում կամ անհանգստացնում էր ինչ-որ բան: Փարիսեցի Սիմոնի տանը մեղքերի թողություն ստացած կնոջը կարող էր շփոթեցնել փարիսեցիների տրտունջը, թե ինչու Քրիստոս ներեց նրան: Երանելի Թեոփիլակտ Բուլղարացին, մեկնելով սույն հատվածը, ասել է. «Քրիստոս, սանձահարելով ներկաների տրտունջը, ցանկացավ ցույց տալ, որ յուրաքանչյուրին փրկում է իր հավատը: Նա չասաց՝ Ես քեզ փրկեցի, որպեսզի նրանք ավելի մեծ նախանձի մեջ չընկնեին, այլ ասաց՝ քո հավատը քեզ փրկեց: Քրիստոս դա ասաց, որպեսզի մասամբ հանգստացնի նրանց իրենց նախանձից, մասամբ նրանց դարձնի առ Աստված»: 

Փարիսեցի Սիմոնի տանը հավաքված հետաքրքրասեր ամբոխը տեսնում է, թե ինչպես են երկու հակադրություններ՝ սերն ու ատելությունը, հավատն ու անհավատությունը, հույսն ու անհուսությունը միմյանց բախվում: Այս բախումները տեղի են ունենում այն ամենի շուրջը, ինչը, սովորաբար, միավորում է, իսկ մարդկանց միավորում է ապաշխարությունը: Այս ամենի հիմքը նոր պատվիրանի մեջ է, որ պատգամեց Քրիստոս Իր աշակերտներին. «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց: Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. 13:34): Ի տարբերություն հինկտակարանյան սիրո պատվիրանի՝ սիրո նոր պատվիրանը չի փնտրում իրենը, այլ ամբողջապես զոհաբերում է իրեն: Այդ սիրո էությունը զոհողության մեջ է, որի դեպքում կորչում է «Ես»-ի և «ոչ Ես»-ի միջև գտնվող ամեն մի պատնեշ: Սուրբ Հոգու շնորհները հնարավորություն են տալիս ամենատարբեր մարդկանց թափանցելու միմյանց հոգին և տեսնելու դիմացինի մեջ թանկագին, ճշմարիտ էությունը, որն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

15.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․