Գրքեր

Նախապատվության մասին

«Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձավ և ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետև, ով որ չվերցնի իր խաչը և իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:25-28):

 

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Օրվա ավետարանական ընթերցվածքներից ընտրեցի Ղուկասի Ավետարանի հենց այս հատվածը, քանզի այս տողերում Տերն՝ Ինքը բացահայտեց Իրեն հետևելու միակ ճշմարիտ և անփոփոխ նախապայմանը, որը հիմք պետք է հանդիսանա Քրիստոսի մատնանշած ճանապարհին ոտք դրած յուրաքանչյուր մարդու համար:

Այս խոսքերը Տեր Հիսուս Քրիստոս արտասանեց ավելի քան երկու հազարամյակ առաջ, սակայն դրանք այսօր էլ ամեն օր հնչում են եկեղեցիների սուրբ խորաններից, քանզի ինչպես Քրիստոսի ժամանակներում էին Նրան հետևողները բազմաթիվ, սակայն քչերը մինչև վերջ հավատարիմ մնացին (Հովհ. 6:66), այնպես էլ այսօր. շատերն են իրենց քրիստոնյա, այն է՝ Քրիստոսի հետևորդ կոչում, սակայն ամենևին էլ ոչ բոլորն են լիարժեքորեն հետևում այդ կոչմանը: Ուստի, ուշադրությամբ քննենք ավետարանական այս տողերը և փորձենք հասկանալ, թե մե՛նք ինչ դիրքորոշում ունենք այս կարևորագույն հարցում:

Տիրոջ այս խոսքերը Մատթեոս ավետարանիչը փոքր ինչ այլ կերպ է շարադրում և ես կցանկանայի դրանք էլ մեջբերել՝ ավելի լիարժեքորեն ներկայացնելու այն, թե ինչ էր կամենում ասել մեր Տերը: Այսպիսով, Մատթեոսի Ավետարանի տասներորդ գլխում կարդում ենք. «Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Ով իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ» (Մտթ. 10:37, 38):

Սիրելինե՛ր, Իմաստության Աղբյուր և Սրտերի Գիտակ Տերն այն օրերին տեսնում էր այն բազմահազար մարդկանց, որ հետևում էին Իրեն, սակայն շատ լավ էր տեսնում նաև նրանց այդ քայլին մղող դրդապատճառները. մեկին պարզ հետաքրքրասիրությունն էր բերում Վարդապետի մոտ, Որի մասին այնքան լսել էր, մյուսին՝ հրաշքների ծարավը, երրորդին՝ բժշկվելու ցանկությունը լոկ, չորրորդին՝ Նրա խոսքը լսելու և Նրան ծուղակը գցելու նենգ մտադրությունը…

Չգիտեմ, թե այսօր և ընդհանրապես ձեզանից յուրաքանչյուրին ինչն է քրիստոսահիմն եկեղեցի բերել, սակայն հստակ գիտեմ, որ ճշմարիտ քրիստոնյայի համար ամեն ինչի հիմքում պետք է առ Աստված ունեցած ճշմարիտ հավատքը, անսահման սերը, անմնացորդ նվիրումն ու հավատարմությունը լինի:

Երբ Քրիստոս արտասանեց առաջին հայացքից միգուցե դաժան թվացող այն խոսքերը, որ քիչ առաջ ընթերցեցինք, բնականաբար, ամենևին էլ նկատի չուներ, որ պետք չէ հարգել ու սիրել ծնողներին կամ անտեսել զավակներին, որովհետև մեկ այլ տեղ Ավետարանում հանդիմանում է փարիսեցիներին և Օրենքի ուսուցիչներին՝ ասելով. «…«Իսկ դուք ինչո՞ւ զանց եք անում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդության պատճառով. քանի որ Աստված ասաց. «Մեծարի՛ր քո հորը և մորը. և ով վատաբանում է հորը կամ մորը, մահվամբ պիտի պատժվի: Իսկ դուք ասում եք. ով իր հորը կամ մորը ասի, թե՝ այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է, այլևս չի մեծարի իր հորը կամ իր մորը. ուրեմն՝ Աստծու խոսքը արհամարհում եք ձեր ավանդության պատճառով» (Մտթ. 15:3-6): Կամ եթե նպատակ ունենար բաժանելու մեզ մեր ծնողներից, ապա խաչին գամված լինելով անգամ՝ հոգ չէր տանի Իր սիրասուն Մոր մասին՝ նրան հանձնելով Իր սիրելի աշակերտի խնամքին: Արդ, սիրելի՛ հավատացյալներ, մենք պետք է մեր ուշադրությունը բևեռենք մի շատ նուրբ հանգամանքի վրա. Հիսուս Քրիստոս ասաց՝ ով Ինձնից ավելի է սիրում կամ նախընտրում, այսինքն, երբ մարդ իր սրտի կշեռքի նժարին է դնում իր արյունակիցների հանդեպ տածած սերը մի կողմից և Փրկչի հանդեպ ունեցած սերը մյուս կողմից, և նժարը թեքվում է դեպի արյունակիցները: Եվ ինչպես այս մասին միանգամայն իրավացիորեն նշում է սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ այդպիսի սերը և՛ սիրողին է կործանում, և՛ սիրվողին, քանզի երկուսին էլ հեռացնում է Աստծո Արքայությունից: Իսկ երբ Տիրոջ խոսքին հետևելով՝ Նրան նախընտրում ենք մեր հարազատներից, երբ վերջիններս փորձում են մեզ ետ պահել Աստծո կամքը կատարելուց, ապա այդ կերպ օգնում ենք նրանց, քանզի Աստծուն հավատարիմ մնալով՝ օրինակ ենք հանդիսանում մեր սիրելիների համար և նրանց էլ հնարավորություն ընձեռում դեպի Աստծուն դառնալու և Երկնային Արքայության հույսը ձեռք բերելու:

Հաջորդ տողը, որ նշում են ավետարանիչները, հենց այս խոսքի լրումն է՝ ով որ չվերցնի իր խաչը և իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել կամ արժանի չէ ինձ: Ի՞նչ է սա նշանակում, սիրելինե՛ր: Ի՞նչ է նշանակում խաչը վերցնել և Քրիստոսի ետևից գնալ: Ամեն ոք, ով ընտրում է Քրիստոսի ճանապարհը, այդ պահից սկսած վերցնում է իր խորհրդանշական խաչն ու Քրիստոսի հետ միասին շարունակում իր ընթացքը դեպի փրկություն: Եվ այդ խաչն իրենից ենթադրում է նաև այն ընտրությունները, որ գիտակցաբար կատարում ենք մեր ողջ կյանքի ընթացքում: Երբ կանգնում ենք կյանքի հերթական խաչմերուկում և պետք է որոշում կայացնենք՝ գնալ Քրիստոսի մատնանշած ուղով, որ խրթին և մեր ուժերից վեր է թվում, թե՞ ավելի գրավիչ ու հեշտ ճանապարհն ընտրել, որը սակայն դեպի անխուսափելի կործանում է տանում: Ուստի ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի աշակերտները կոչվել կամ արժանի լինել Նրան, եթե մեր ընտրությունն ի օգուտ Նրա չէ: Ինչպե՞ս կարող ենք ասել, թե հետևում ենք Քրիստոսին, եթե Նրա պատվիրանի և մեր ցանկության միջև ընտրում ենք վերջինը: Ինչպե՞ս կարող ենք ասել, թե սիրում ենք Քրիստոսին, եթե ամենափոքր իսկ դժվարության դեպքում տրտնջում ենք և ուրանում Նրան՝ մտքով, խոսքով կամ գործով: Այս մասին Քրիստոս Ինքն է ասում, երբ հարցնում է. «Ինչո՞ւ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, բայց իմ ասածները չեք կատարում» (Ղուկ. 6:46): Հարցերը բազմաթիվ են, սիրելի՛ քրիստոնյաներ, իսկ պատասխանը մեկն է. մենք շատ հաճախ միայն արտաքնապես, խոսքով ենք սիրում Աստծուն և հետևում Նրան, իսկ իրականում, երբ գալիս է գործելու ժամանակը, հանգիստ թիկունք ենք դարձնում մեր Երկնավոր Հորը և նախապատվությունը տալիս ենք մեզ այնքան հաճելի մեղքերին: Ահա հենց այդ պահին, երբ մեր հոգում ու սրտում չենք կարողանում հաշտվել որևէ դժվարության կամ փորձության հետ, դառնանում ենք՝ ասելով. «Ինչո՞ւ հենց ինձ հետ պիտի պատահեր», հենց այդ պահին է, որ մի կողմ ենք դնում մեզ դեպի փրկություն տանող խաչը և հրաժարվում նրանից, որովհետև դժվարությունները խոնարհությամբ, սրտի հեզությամբ և Տիրոջը վստահելով տանելն է նշանակում սեփական խաչը կրել:

Ուզում եմ այսօր մտածենք մեր կատարած ընտրությունների և փորձության պահին մեր որդեգրած դիրքորոշման մասին, սիրելինե՛ր, և այսուհետ հերթական ընտրության առջև կանգնելիս՝ մի պահ խորհենք, թե այդ ընտրությամբ ում ենք տալիս նախապատվությունը՝ մեր անձի՞ն, մեր սիրելի մարդկա՞նց, թե՞ Նրան, ով այնքան սիրեց մեզ, որ նույնիսկ Իր Միածին Որդուն զոհաբերեց մեր փրկության համար: Հավատացեք, սա բարդ ընտրություն չէ, սիրելինե՛ր: Ամենևին էլ բարդ չէ սիրել Նրան, Ով Արարիչն է թե՛ մեր, թե՛ մեր ծնողների և թե՛ մեր զավակների: Միայն Նրա ողորմածության շնորհիվ է, որ ունենք այն բոլոր բարիքները, որ թանկ են մեր սրտին: Միայն Նրա անսահման սիրո շնորհիվ է, որ չենք պատժվում ամեն անգամ մեղք գործելիս, այլ կրկին ու կրկին հնարավորություն ենք ստանում ուղղվելու և դեպի փրկության գնալու: Ամեն անգամ, երբ Աստծո կամքը կատարելու համար հանդիպում ենք սեփական եսասիրության, ծնողի խոսքի կամ զավակի ցանկության խոչընդոտի պատին, պիտի հիշենք ամենակարևորի՝ մեր հոգիների փրկության և հավիտենական կյանքի մասին, որը ո՛չ մեր ծնողները կարող են տալ և ո՛չ էլ մեր զավակները, այլ միայն Քրիստոս: Պիտի հիշենք, որ առանց Աստծո մեր մեղավոր անձը մեզ միայն դեպի կործանում է տանում: Պիտի գիտակցենք, որ եթե Աստծո դեմ գործած բոլոր հանցանքների նույնիսկ մեկ միլիոներորդական մասը գործեինք մեր հարազատ ծնողների դեմ, ապա նրանք նույն վայրկյանին կհրաժարվեին մեզանից: Կամ թե մեր զավակների հանդեպ այնքան անտարբեր, ուխտադրուժ կամ անհոգի գտնվեինք, որքան Աստծո հանդեպ ենք գտնվում, ապա նրանք միանշանակ կհիասթափվեին մեզանից և մինչ կյանքի վերջ չէինք արժանանա նրանց ներմանը:

Տիրոջ խոսքերը, որ լսեցինք այսօր և միգուցե շատ խիստ թվացին մեզ, իրականում մեր փրկության ճանապարհին հանդիպող արգելքների մասին էին, վճռականություն ցուցաբերելու և դրանցից հրաժարվելու մասին՝ այն գիտակցությամբ, որ Աստծո սուրբ կամքից, խոսքից և հոգու փրկությունից վեր ոչինչ գոյություն չունի: Այդ խոսքերն անսահման վստահության և սիրո մասին են, որ պիտի տածենք առ Երկնավոր Հայր, քանզի մեկ անգամ չէ, որ տեսել ենք Նրա անհատակ բարությունը, ողորմածությունն ու գթասրտությունը, գիտենք, որ երբեք մեզ միայնակ չի թողնում Իր ճանապարհին, մշտապես օգնության ձեռք է մեկնում խնդրողին, մխիթարում և աստվածային ուժով լցնում վշտերից չհուսահատվածին և փորձության պահին Իրեն ապավինողներին: Տիրոջ այդ խոսքերը սովորեցնում են մեզ կոտրել մարդկային սին վախի, փոքրոգության և երկմտության կաղապարներն ու ամբողջովին Ամենակարողին նվիրվել՝ վստահ լինելով, որ եթե Բարձրյալ Աստված հոգ է տանում անգամ ճնճղուկների մասին, ապա որքան առավել մեր մասին է հոգում, քանզի շատ ավելի արժեք ունենք Նրա առջև, քան ճնճղուկները (Մտթ. 10:29-31):

Արդ, աղաչում եմ Բարձրյալին, որպեսզի մեզ արիություն պարգևի՝ պատվով կրելու մեր խաչը, և մաղթում, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ տածած մեր սերն այնքան ուժգին լինի, որ Օգոստինոս Երանելու պես վճռական պահին մենք էլ կարողանանք ասել. «Ես ձեզ սիրում եմ Քրիստոսի մեջ, բայց ոչ Քրիստոսի փոխարեն: Ինձ հետ եղեք Նրա մեջ, բայց ես ձեզ հետ չեմ լինի առանց Նրա»: Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

21.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․