Գրքեր

Նարեկաբուժություն

Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն. Ի՞նչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք:

Աղոթքով բժշկությունը կիրառվել է քրիստոնեության սկզբնավորումից ի վեր: Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն... Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5.13-16): Բժշկության աղոթքը հոգեբանական հնարքի կիրառում չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվանդին ապաքինում պարգևել:

Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվանդությունները կարող են լինել մարմնի տարրերի խաթարման, ինչպես նաև հոգևոր պատճառներով: Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար: Իսկ հոգևոր պատճառով առաջացած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով: Այսպիսի տկարության մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն (Մատթ. 9.6-8, Մարկ. 2.10-12, Ղուկ. 5.24-26):

 

Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներով բժշկության մասին գուցե ավելի շատ բան գիտեին և այդ աղոթքներին ավելի շատ ապավինում էին մեր մեծերը, երբ նախկինում բժշկությունն այդչափ զարգացած չէր, ինչպես մեր օրերում: Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր բուժել աղոթքով, նարեկաբուժությամբ, ունե՞նք դեպքեր:

Եկեղեցական հեղինակների աշխատություններում չկա «նարեկաբուժություն» բառը: Այն կիրառելի է դարձել վերջերս հայ հոգեբանների, հոգեթերապևտների կողմից, որով նրանք նկատի ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համապատասխան հատվածների ընթերցանության կամ ունկնդրության միջոցով մարդկանց հոգեբանական, հոգեթերապևտիկ օգնություն տրամադրելը: «Նարեկ» բառն անմիջական առնչություն չունի Սուրբ Գրիգորի ստեղծագործության կամ նրա անձի հետ, այն պարզապես անվանումն է Վանա լճի հարավային ափին գտնվող գյուղի, որտեղ ծնվել է Սուրբ Գրիգոր Նարեկացին: Հետագայում ժողովրդական կիրառմամբ Նարեկացու հայտնի աղոթական ստեղծագործությանը տրվել է նաև կրճատ` «Նարեկ» անվանումը:

Եկեղեցական ծիսակարգում աղոթքով բժշկությունը չի սահմանափակվում միայն Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ընթերցանությամբ: Քահանաների համար նախատեսված ծիսարանում` Մաշտոցում, որը բովանդակում է եկեղեցական խորհուրդների, ծեսերի կատարման կանոնները` համապատասխան աղոթքներով, շարականներով, հատուկ տեղ է գրավում բժշկության նպատակով իրականացվող կարգը, որը ներառում է բժշկության համար ավետարանական ընթերցումներ, աղոթքներ: Այդ աղոթքների շարքում կարևոր տեղ ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից քաղված աղոթքները, որոնք, սակայն, միակը չեն համարվում բուժման համար:

Նախկինում բժշկությունն այսօրվա պես զարգացած չէր, բայց կրկին մեծ դերակատարություն ուներ մարդու առողջության վերականգնման համար: Մարդիկ, ինչպես և այսօր, բուժման համար դիմում էին աղոթքի զորությանը, սակայն Եկեղեցին երբեք չի անտեսել բժշկության կարևորությունը և հավատացյալների կյանքում աղոթքը ապաքինման միակ միջոցը չի համարել: Հիշենք, որ Քրիստոս բժիշկներին վերաբերող առած հիշատակեց (Մատթ. 9.12, Մարկ. 2.17, Ղուկ. 4.23, 5.31), Ղուկաս Ավետարանիչը մասնագիտությամբ բժիշկ էր, Պողոս առաքյալն իր թղթերում հիշում է Ղուկասին` նրան կոչելով «բժիշկը և սիրելին» (Կող. 4.14): Հոգևորականները ևս համարվում են հոգու բժիշկներ` մարմնավոր բժիշկների հետ համեմատությամբ, եկեղեցական տոնացույցում ընդգրկված են բժիշկ սրբեր, ովքեր անշահախնդրությամբ, նաև աղոթքի կիրառմամբ բժշկություն են պարգևել մարդկանց:

Քրիստոս Իր զորությամբ մարդկանց մարմնական ամբողջական ապաքինում էր շնորհում: Այսպիսի զորություն ունեին նաև առաքյալները: Բժշկության նմանօրինակ առանձնահատուկ շնորհն այսօր կարող է տրվել որևէ հոգևորականի` ըստ հավատքի և սուրբ կենցաղավարության աստիճանի: Սակայն հոգևորականի իշխանությամբ կատարված բժշկության աղոթքները նույնպես ներգործում են, և եղել ու լինում են հրաշքով բժշկության դեպքեր:

 

Ինչո՞վ են Նարեկացու աղոթքներն առանձնահատուկ այս տեսանկյունից:

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» երրորդ մասում` Բան Գ, նշում է իր «Մատյանի» նպատակը: Նա խնդրում է Աստծուն, որ իր աղոթքների ընթերցանությունը կարդացողներին պարգևի հոգու բժշկություն, ազատում մեղքի կապանքից, զղջման կամք, կյանքի հույս ու փրկություն, ապաքինում, խաղաղություն, և այս աղոթամատյանը լինի կենաց դեղ` մարմնի և հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար (Մատյան ողբերգության, Բան Գ): Այստեղ Նարեկացին հայտնում է, որ իր ստեղծագործությունն արտահայտությունն է ամբողջ մարդկության հոգու ձգտումների, որոնց միախառնում է նաև իր անձնական ապրումներն ու աղոթքները և խնդրում, որ դրանք հրաշագործեն մարդու հոգևոր ներաշխարհում:

Մկրտության ժամանակ մարդուն տրվում են աստվածային շնորհներ: Այդ շնորհների ներազդեցությունը կախված է մարդկային կամքից, մարդու ցանկանալուց: Նարեկացու «Մատյան ողբերգության» ընթերցանությունը մարդու մեջ արթնացնում է հոգևոր խորը ապրումներ ու զգացումներ, դառնում խոսքային արտահայտությունն այն հույզերի, առ Աստված ձգտումի, որ առկա են անձի ներաշխարհում, սակայն նրա կողմից արտահայտվելու ձևը չէին գտնում: «Մատյանի» ընթերցանությունը մարդուն բերում է աղոթական վիճակի և կամքի այնպիսի գործունեության, որով աստվածային շնորհը ներգործում է և հոգևոր խաղաղություն, ներդաշնակություն, բարիք, բժշկություն պարգևում:

 

Նարեկաբուժությունն արդեն կիրառվո՞ւմ է հոգեթերապիայի մեջ, թե՞ միայն մասնավոր դեպքերում:

«Թերապիա - θεραπεία» հունարեն բառը նշանակում է բժշկություն, իսկ «հոգեթերապիա» նշանակում է մարդկային ներաշխարհի խաթարված վիճակի բուժում: Հոգեթերապիան վերաբերում է հոգեբանությանը, որով հոգեբանները գործողություն են իրականացնում մարդու մտավոր, զգացական վիճակի բարելավման: Նարեկաբուժությունը կիրառվում է հոգեթերապիայի ասպարեզում հայտնի բիբլիոթերապիայի ուղղվածության մեջ: «Բիբլիոթերապիա» բառը թարգմանվում է գրքաբուժություն` հունարեն «βιβλίο - բիբլիո - գիրք»` և «θεραπεία - թերապիա- բժշկություն» բառերից: Ուրեմն, նարեկաբուժությունը բիբլիոթերապիայի կիրառում է: Բիբլիոթերապիայի մեջ որևէ գրական ստեղծագործության ընթերցանություն է հանձնարարվում հոգեբան-հոգեթերապևտի կողմից, ըստ նպատակահարմարության, առաջարկվում է տվյալ անձին վերլուծել ստեղծագործության հերոսի կամ հերոսներից մեկի կերպարը, ուշադրություն դարձնել արտահայտված որոշակի մտքերի, վերլուծել նկարագրված իրավիճակներ, ինչը նպաստավոր է դիտվում մարդու հոգեբանական և կամ դրանից առաջացած ֆիզիկական խնդիրները լուծելու համար: Այսպիսով, նարեկաբուժությունը կիրառվում է բիբլիոթերապիայի շրջանակներում և տարբերվում է բուժման նպատակով Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքը պարունակող եկեղեցական կարգի կատարումից, որն Աստծուն ուղղված խնդրանքով, հիվանդի կամքի գործակցությամբ աստվածային շնորհի ներգործությունն է մարդու մարմնավոր և հոգևոր առողջության համար:

 

Ո՞վ և ո՞ր դեպքերում կարող է նարեկաբուժության մասին խոսել կամ այն իբրև բժշկության մեթոդ կիրառել: Ինչպե՞ս եք վերաբերվում նարեկաբուժությամբ զբաղվող անձանց, բժիշկներին:

«Նարեկաբուժություն» եզրը հնարել և հանրությանը դրան ծանոթացրել են հայ հոգեբանները: Նրանք են, որ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են բուժման այս մեթոդը, համապատասխան բացատրություններ, տեղեկություններ տալիս: Բնականաբար, հենց հոգեբան-հոգեթերապևտներն էլ այն կիրառում են որպես բժշկության մեթոդ: Նարեկաբուժությամբ զբաղվող որևէ հոգեբան մեր եկեղեցական ասպարեզում ևս կարող է եկեղեցականի հետ միասին զբաղվել տկարություն ունեցող անձի ապաքինմամբ: Բայց ամեն դեպքում հոգեբանի և հոգևորականի գործողությունները նույնը չեն, քանզի տարբեր ընկալման և տարբեր իրողությունների աղբյուրից են գալիս: Նարեկաբուժություն կիրառողները լինում է, որ շեշտում են մարդու հոգևոր ապրումի, ինչպես նաև զղջման, ապաշխարության կարևորությունը, եկեղեցի այցելելը, հոգևորականի մոտ մեղքերի թողություն ստանալը: Սակայն միևնույն ժամանակ նրանցից ոմանք նշում են, որ նարեկաբուժությունն օգտակար է բոլոր մարդկանց` անկախ ազգությունից ու դավանանքից, որով արդեն վերացվում է կրոնական-քրիստոնեական ապրումի հասկացությունը` ճշմարիտ աստվածապաշտության հետևորդ լինելու պայմանի անտեսումով: Այս հասկացությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքները կիրառվում են զուտ հոգեբանական նախատեսումներով և անմիջականորեն չեն առնչվում հոգևորին: Հետևաբար, պետք է զգուշանալ հոգեբանական գործողությունները հոգևոր իրողությունների հետ նույնացնելուց և հոգևոր ոլորտը հոգեբանության մակարդակին հավասարեցնելուց:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

08.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․