Գրքեր

Նավասարդ Սրբազանն օծեց Խաղաղության և Բժշկության խաչքարերը

Օգոստոսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերը: Սրբազան հորը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեց աղուհացով: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, նուբարաշենցիներ, հյուրեր: 
Սրբալույս Մյուռոնով օծելուց հետո Սրբազան հայրը երկու խաչքարներից մեկը կոչեց Բժշկության խաչքար: Քանդակագործը Գոռ Նադոյանն է: Այն քառաթև է և բարերար Վարդան Վարդանյանը եկեղեցուն է նվիրաբերել ի նշան Աստծո կողմից ծանր հիվանդությունից իր բժշկվելու հանգամանքի: Խաչքարը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու 16-17-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Վրան փորագրված է` «Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիվանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ»:

Մյուս խաչքարը Նավասարդ Սրբազանը կոչեց «Հաղթանակի ու խաղաղության խաչքար»: Քանդակագործն Արամ Համբարձումյան է: Այն եկեղեցուն է նվիրաբերել Նուբարաշենի բնակիչ, բարերար Հարություն Օհանյանը: Խաչքարն իր վրա ունի Քրիստոսի ու Ս. Տիրամոր պատկերները, ինչի շնորհիվ այն պատկանում է Ամենափրկիչ խաչքարերի տեսակին: 

Սրբազան հայրը շնորհավորելով նուբարաշենցիներին խաչքարերի օծման առթիվ` իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու քանդակագործներին: Նավասարդ Սրբազանը մաղթեց, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործության խորհուրդ, դառնան մեր աղոթքներն առ Աստված վերառաքողներ`խաղաղության, հոգու և մարմնի առողջության շնորհաբաշխ վկաներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

01.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․