Գրքեր

«Ներկա ժամանակը պայքարի ժամանակ է»

Քրիստոսի հետևորդները քրիստոնյա անունը կրելու պատվին արժանացան դեռևս առաջին դարից: Ղուկաս ավետարանչի վկայությամբ՝ Քրիստոսի հետևորդներն առաջին անգամ «քրիստոնյա» կոչվեցին Անտիոքում 43 թ.: Պետրոս առաքյալի կողմից գրված ընդհանրական նամակից տեղեկանում ենք, որ որոշ քրիստոնյաներ ամաչել են քրիստոնյա անունը կրելուց, ուստի առաքյալը թե՛ նրանց և թե՛ բոլոր ժամանակների քրիստոնյաներին հորդորում է՝ ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն Իր այդ անվամբ (Ա Պետրոս 4:16): Առաքյալը նաև նշում է, որ քրիստոնյան թող տարօրինակ և անբնական չհամարի որևէ փորձություն, այլ այն ընդունի որպես մասնակցություն Քրիստոսի չարչարանքներին, քանի որ երանելի են Քրիստոսի համար նախատվողները (Ա Պետրոս 4:12-15): Այդ երանին նախ Քրիստոս տվեց՝ ասելով. «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները» (Մատթ. 5:11-12):  

«Քրիստոնյա» անվանումն արդեն բավականին տարածում էր գտել առաջին դարում: Քրիստոնյայի համար, անկասկած, մեծ պատիվ է այդ անունը կրելը, Քրիստոսի անվան համար չարչարվելը, բայց անհավատները նոր կրոնի հետևորդներին քրիստոնյա էին անվանում անարգելու նպատակով, հրեաների շուրթերին այն համարժեք էր հերետիկոս, սնապաշտ, խռովարար անվանումներին, իսկ հեթանոսների շուրթերին այն նույնն էր, ինչ անաստված բառը:

Եկեղեցու հայրերի վկայությամբ՝ քրիստոնյային զրպարտողը կամ հալածողը իրեն զրկում է երանությունից՝ այդ պարգևին արժանացնելով իր կողմից հալածվողին: Հանուն Քրիստոսի՝ մերձավորին չարախոսողը չարախոսում է Քրիստոսին և հանուն Քրիստոսի զրպարտանքին համբերողը մասնակից է դառնում Քրիստոսի չարչարանքներին և արժանանում երանության:

Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է՝ թեև արդարներն այստեղ համբերում են անթիվ փորձությունների՝ բարի հույս ունենալով, ապա հետագայում էլ անթիվ բարիքների կարժանան, ինչպես «Մեծահարուստը և աղքատ Ղազարոսը» առակից աղքատ Ղազարոսը (Ղուկ. 16:20-21): Մի՛ ասա ինձ, որ նա ամբողջովին վերքերով էր պատված, այլ ուշադրություն դարձրու, թե նա ամեն ոսկուց առավել ինչ թանկարժեք հոգի ուներ, կամ ավելի ճիշտ է ասել, ոչ միայն այդպիսի հոգի, այլ նաև՝ մարմին, քանի որ մարմնի քաջությունը հաղթանդամության մեջ չէ, այլ նման ծանր և բազմաթիվ տառապանքներ կրելու մեջ: Նա չէ նողկանքի արժանի, ով մարմնի վրա այդպիսի վերքեր ունի, այլ նա, ով, հոգում բազմաթիվ խոցեր ունենալով, ընդհանրապես հոգ չի անում, ինչպես առակի մեծահարուստը: Ինչպես Ղազարոսի վերքերն էին շները լիզում, այնպես էլ հարուստի մեղքերն էին դևերը լիզում, ինչպես հարուստն էր ապրում ուտելու տենչանքով, այնպես էլ Ղազարոսը՝ առաքինությունների տենչանքով: Իմանալով այս ամենը՝ իմաստուն գտնվենք և չլինի թե ասենք, որ եթե Աստված սիրեր Ղազարոսին, թույլ չէր տա նրան նման տառապանքներ կրելու: Այս ամենը Նրա մեծագույն սիրո ապացույցն է. «Երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու» (Եբր. 12:6):

Առաքինության ուղին ընտրած անձին չպետք է շփոթեցնեն այն խոչընդոտները, որ կարող են հանդիպել իր ճանապարհին, քանի որ փորձությունները, Աստծո թույլտվությամբ, ծառայում են քրիստոնյայի հավատքի ամրապնդմանը: Յուրաքանչյուր փորձություն քրիստոնյայի համար հնարավորություն է առաքինությունների մեջ կատարելագործվելու: Հալածանքներն ու դժվարությունները մաքրում են քրիստոնյայի հոգին այնպես, ինչպես կրակե հնոցը՝ ոսկին: «Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքի» (Բ Տիմոթ. 3:12): Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ իր օրինակից կարող ես տեսնել, որ մարդը, ով պայքարում է չարի դեմ, հնարավոր չէ փորձության չենթարկվի: Մարտիկը չի կարող անհոգ կյանքով ապրել կամ կռվի մեջ գտնվելով՝ խրախճանքի մասնակցել: Այդ պատճառով կռվի մեջ գտնվողը թող հաճույքների չտրվի և հանգիստ չփնտրի: Ներկա ժամանակը ջանքի, պայքարի և սխրանքների ժամանակ է, հանգստի ժամանակը հետո կլինի:   

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքում Հովհան Կարճահասակի մասին պատմվում է, թե վերջինս խնդրեց Աստծուն, և Աստված հեռացրեց նրանից մարմնի պատերազմը, և ամեն ինչից ազատ եղավ: Տեսնելով այս՝ գնաց ոմն մեծանուն ծերի մոտ, պատմեց նրան այդ մասին և ասաց. «Ես ինձ մեծ հանգստի մեջ եմ զգում, որովհետև ոչ մի պատերազմ չկա ինձ վրա»: Ասաց նրան ծերը. «Գնա՛ և վերստին աղաչի՛ր Տիրոջը, որպեսզի դարձյալ թողնի քո մեջ ներքին պայքարը, որովհետև այդպիսի պատերազմով են հասնում մեծամեծ բարությունների»: Հովհան Կարճահասակը աղաչեց Տիրոջը, և դարձյալ եկան պատերազմները, և այլևս երբեք չէր աղոթում, որ Տերը վերցներ դրանք իրենից, այլ զորություն էր խնդրում, որպեսզի համբերեր բոլոր փորձություններին:

«Պատերազմի՛ր հավատքի բարի պատերազմը: Նեղությունների համբերի՛ր Հիսուս Քրիստոսի բարի զինվորի պես, մի՛ վախեցե՛ք ու այս բազմության երեսից մի՛ զարհուրեք, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է: Ձեր Տեր Աստվածը, որ ձեր առջևից է գնում, Նա ձեզ համար պիտի պատերազմի» (Ա Տիմոթ. 6:12; Բ Տիմոթ. 2:4; Բ Մնաց. 20:15; Բ Օր. 1:30):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

15.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․