Գրքեր

«Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ»

Քրիստոնյան իր կյանքի յուրաքանչյուր օրն իմաստավորում է, երբ մոտենում և նմանվում է իր Արարչին՝ նորոգելով իր մեջ Աստծո պատկերը: «Դուք իմ ձագուկներն եք, բայց ահա դարձյալ մոր նման երկունքի ցավ եմ քաշում ձեզ համար, մինչև որ դառնաք Քրիստոսի հարազատ պատկերը»,- գրում է Պողոս առաքյալը Գաղատիայում իր կողմից հիմնած եկեղեցու անդամներին (Գաղ. 4:19):

Աստծո պատկերին վերադառնալը ենթադրում է մեղքի, կրքերի և գայթակղությունների դեմ ամենօրյա պայքար, որի ընթացքում հնարավոր են նաև պարտություններ, բայց շարունակական ջանքերն Աստծո օրհնությամբ և օգնությամբ պսակվում են հոգևոր հաղթանակներով: Հոգին նորոգելը և աստվածահաճո ընթացքը նպաստում է, որ մարդը վերադառնա իր հարազատ պատկերին և փրկության արժանանա, իսկ անձնասեր և անզեղջ ընթացքը ցավալիորեն դատապարտում է մարդուն հավիտենական մահվան:

«Հայելի վարուց» գիրքը պատմում է, թե ինչ անդառնալի հետևանք է ունենում մարդու համար անզեղջ կյանքը. «Կար մի մարդ՝ քարսիրտ և անզեղջ, որ ոչ կիրակի օրը և ոչ էլ տերունական տոներին չէր կամենում եկեղեցի մտնել և մասնակցել Սուրբ Պատարագին, այլ հեծնելով իր ձին՝ գնում էր դաշտ, կամ մի այլ պարապ բանով էր զբաղվում՝ կենաց խոսքը լսելու փոխարեն: Մի օր էլ, երբ ժամհարը հնչեցրեց եկեղեցու զանգերը՝ ազդարարելով Սուրբ Պատարագի սկիզբը, սա նստավ ձին՝ դաշտ գնալու: Իսկ ճանապարհին նրա առջև ելավ սատանան և ասաց. «Որովհետև չցանկացար Աստծո տանը լսել Պատարագը, այժմ կլսես դժոխքի լալագին ողբն ու հեծությունը»: Եվ նույն ժամին նրան հարվածելով՝ գետին տապալեց, և սրա արյան հետքերը մնացին մոտակա ապառաժ քարի վրա մինչև օրս»:

Մեղքը շեղեց մարդու ընթացքը դեպի կործանարար ուղի, բայց Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի վերականգնի վնասվածը՝ ուղղորդելով մարդուն դեպի ճշմարիտ և փրկարար ուղի: Այդ պատճառով քրիստոնեությունը ոչ այնքան ուսուցում է, որքան ուղի և կենսակերպ: Ուստի, աստվածնմանությունն անհնար է առանց սիրո, առանց պատվիրանապահության և ճշմարիտ ազատության, որն իր մեջ պարունակում է բարին կամ չարն ընտրելու հնարավորությունը: Ավետարանը և առաքելական նամակները բազմիցս են կոչում մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է իր Փրկչին նմանվելը և Նրան միավորվելը. «Մի անգամ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղ. 3:27-28), այդ պատճառով «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքն ապրեց» (Ա Հովհ. 2:6):  

Որքան քրիստոնյան ջանում է նմանվել իր Նախապատկերին, այնքան ավելի խորը և ամուր է դառնում նրա և իր Արարչի միջև եղած խորհրդավոր միությունը: Հիսուս Քրիստոս ասում է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 14:23): Այսպիսով, այս և սուրբգրային այլ հատվածներ հաստատում են, որ փրկությունն անխզելիորեն կապված է հոգու նորոգության հետ: Դրախտն առաջին հերթին Քրիստոսով նորոգված հոգում է: Աստծո գթառատ սերը կանչում է մարդուն դեպի Երկնային Արքայություն՝ հորդորելով նրան, որ գանձեր կուտակի երկնքում և ոչ՝ երկրի վրա և որ ձերբազատվի աշխարհիկ մտահոգություններից՝ հետևելով Քրիստոսի խոսքերին. «Դուք նախ խնդրե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա» (Մատթ. 6:33):

 

Կարինե Սուգիկյան

11.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․