Գրքեր

Ննջեցյալների հիշատակի մասին

Երանելի Հովհաննես հայրապետն ասում էր, թե պետք է ննջեցյալների հոգիների համար պատարագ մատուցել, քանզի դա մեծ մխիթարություն է նրանց հոգիների համար, և հարկավոր է առանց երկմտության կատարել. և ասածը հիմնավորեց հետևյալ պատմությամբ: Ոչ շատ ժամանակ առաջ մի պարսիկի գերի տարան Պարսկաստան և փակեցին Անհուշ կոչվող  բանտում:  Ոմանք  ազատվելով այդ բանտից` եկան Կիպրոս, և այն պարսիկի տոհմակիցները հարցրին նրանց, թե արդյոք տեսե՞լ են նրան: Նրանք ասացին. «Մեռավ, և մենք մեր ձեռքով թաղեցինք նրան»: Սակայն թաղվածն իրականում նա չէր, այլ նման էր նրան. նույնիսկ նրա մահվան ամիսն ու օրն էին ասում: Եվ նրանք, իբրև մեռելի վրա, տարին երեք անգամ պատարագ էին մատուցում: Իսկ չորրորդ տարում այդ մարդը Պարսկաստանից փախչելով` եկավ Կիպրոս: Նրա ընտանիքն ասաց նրան. «Մենք լսեցինք քո մահվան մասին և քո հիշատակին տարին երեք անգամ պատարագ էինք մատուցում»: Երբ լսեց, որ տարին երեք անգամ իր հիշատակն էին կատարում, հարցրեց, թե ո՞ր օրը և ո՞ր ամսին էին այն կատարում: Եվ նրանք ասացին. «Մի անգամ Հայտնության օրը, մի անգամ Զատիկին և մյուսը` Պենտեկոստեին»: Եվ նա երդմամբ ասաց, թե այդ երեք օրերին սպիտակազգեստ մեկն էր գալիս՝ արեգականման, և ինձ անտեսանելիորեն արձակում էր բանտի շղթաներից, և ես ազատ շրջում էի ողջ օրը, և ոչ ոք չէր ճանաչում ինձ, իսկ հաջորդ օրը դարձյալ հայտնվում էի շղթաների մեջ: Այստեղից իմանում ենք, որ ննջեցյալները ներում ունեն, որոնց համար պատարագ է մատուցվում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․