Գրքեր

Ննջեցյալների մասին

Դու գիտես, թե հանգուցյալներն ինչպե՜ս են օգնություն խնդրում: Որովհետև մահվանից հետո ապաշխարություն չկա, իսկ նրանք մնացել են իրենց արատների ու ախտերի հետ և այժմ, տեսնելով, որ ողջերի օգնությունը բավականին աջակցում է իրենց վիճակի բարելավմանը, նրանք ցանկանում են, խնդրում ու փափագում, որպեսզի հիշատակեն իրենց: Նաև փափագում են, որպեսզի իրենց սերունդների մեջ մի հոգևորական կամ մի բարեպաշտ քրիստոնյա գտնվի, ով իրենց մասին էլ հոգ կտանի: Ես քեզ մի տեսիլքի մասին կպատմեմ, որ մի եպիսկոպոսի շուրթերից եմ լսել, որի մոտ ծառայում էի շատ տարիներ առաջ: Նա պատմում էր մեզ, որ մի քահանա կար, ում հաղթել էր գինին և նա հաճախակի հարբեցողության էր տրվում: Եվ այդպես տարիներ շարունակ: Այլ հարցերում նա առաքինի և բարեպաշտ մարդ էր: Մի անգամ, սովորության համաձայն գինի խմեց, հարբեց ու դեռևս չսթափված՝ գնաց  Պատարագ մատուցելու: Բայց Աստծո թողտվությամբ Տիրոջ սուրբ Մարմինն ու Արյունն ընկան նրա ձեռքից: Խեղճը սարսափից քարացավ՝ մտածելով այն մեծ ապաշխարանքի մասին, որ իր եպիսկոպոսից պիտի ստանար: Երբ վերջապես խոստովանեց մեղքը, եպիսկոպոսն ասաց.

- Գնա՛, կասեմ, թե երբ գաս: Քեզ ապաշխարություն կնշանակեմ:

Եվ մենակ մնալով՝ եպիսկոպոսն սկսեց մտածել կատարվածի մասին, և երբ գրիչը ձեռքն առավ, որպեսզի հրամանագիր գրի այդ քահանայի կանխակայման (հոգևոր ծառայության ժամանակավորապես դադարեցում, արգելում) վերաբերյալ, հանկարծ, կարծես էկրանի վրա սկսում է տեսնել, թե տարբեր տարիքի ու դիրքի մարդկանց անթիվ, անհամար մի բազմություն ինչպես է անցնում իր առջևով: Եպիսկոպոսն ապշում ու սարսափում է այդ տեսիլքից: Այդ պահին բոլոր այդ մարդիկ ասում են նրան.

- Սրբազա՛ն, ապաշխարանք մի՛ նշանակեք այն քահանայի համար, մի՛ արգելեք նրան:

Հետո մեկը մյուսի հետևից չքանում են: Եպիսկոպոսը կանչում է քահանային: Խեղճն ահ ու սարսափով իր կանխակայման մասին է արդեն մտածում, իսկ եպիսկոպոսը հարցնում է.

- Ասա՛ խնդրեմ, արդյոք շա՞տ անուններ ես հիշատակում Պատարագի ժամանակ:

- Ես երկար հիշատակում եմ թագավորներին, կայսրերին ու նույնիսկ ամենահետին մուրացիկին, Սրբազան Հայր,- պատասխանում է քահանան:

- Լավ,- ասում է եպիսկոպոսը,- գնա և երբ Պատարագ ես մատուցում, հիշատակիր այնքան անուններ, որքան կարող ես, բայց տե՛ս, այլևս չհարբես: Աստված կների քեզ:

Արդյունքում, այդ քահանան Աստծո օգնությամբ ազատվեց հարբեցողությունից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

 

18.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․