Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը | Nshvec S Gayanyanc Kuyseri Tony



Գրքեր

Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առավոտյան, Միածնաէջ Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորն ուխտավորների ուղեկցությամբ և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք` տանելով Մայր Աթոռում պահվող սրբուհու մասունքակիր Աջը:

Ս. Աջը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և բազում ուխտավորներ` Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին ու նշանակությանը, ի մասնավորի նշեց. «Այս օրերին՝ Արարատյան այս շաբաթվա ընթացքում, մենք տոնում ենք մեր մեծ նահատակների՝ այն կույսերի տոնը, որոնք Հայաստան աշխարհը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զարդարեցին իրենց պսակներով: Որպես նահատակ՝ իրենց արյունը թափեցին մեր ազգի և մեր Եկեղեցու պայծառության ու շենացման գործի համար:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք, այս տոներն ամեն տարի մեծ խնդությամբ և ուրախությամբ անցկացնելով, հիշատակում ենք մեր սուրբ կույսերին, ոգեկոչում ենք այն ոգին, որ նրանք ցուցաբերեցին հանուն Քրիստոսի, հանուն Քրիստոսի Եկեղեցու շենացման և պայծառացման: Նահատակներ, ովքեր իրենց արյունը թափեցին, ովքեր չխնայեցին ոչ մի բան և, ինչպես գիտենք, այն փառքը, հարստությունը, պատիվները, որոնք պատրաստ էր Տրդատ թագավորը նրանց ընծայելու, նրանց շնորհելու, այս ամենը գիտակցելով հանդերձ` ընտրեցին ու հաստատուն մնացին իրենց հավատքի մեջ՝ իրենց Տեր և Փրկիչ ունենալով, իրենց մեծ գանձն ունենալով մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին»:

Հայր Կորյունն ընդգծեց, որ սուրբ կույսերին առ Աստված առաջնորդողը մեծ ու անբավ սերն էր, որը նրանց մղեց չարի դեմ հաղթանակի:

Արդի ժամանակների մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման գործում պատարագիչ Հայր Սուրբը կարևոր նկատեց նմանվելու սուրբ նահատակներին և ցուցաբերելու նույն անձնուրաց ոգին:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց Անդաստանի կարգ: Սուրբ Գայանեի մասունքակիր Աջով Սրբազան Հայրն օրհնեց աշխարհի չորս կողմերը:

29.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․