Գրքեր

Օձի գլուխը ջախջախող Զավակը

Քրիստոսի ծնունդից առաջ մարդկությունը տխուր վիճակում էր գտնվում: Այդ վիճակը տեսնող Եսայի մարգարեն աղաղակում էր. «Ինչո՞ւ եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում: Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության: Ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ» (Եսայի 1:5-6): Ահա այդպիսի տխուր ժամանակում է մարգարեն ավետում. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):  

Աստվածածինն իրականացրել է բոլոր սերունդների ըղձալի սպասումները. նրանից ծնվածը ի վիճակի եղավ «կործանել օձի գլուխը» (Ծննդ. 3:15) և նրա միջոցով իրականացավ մարդու փրկության մասին Աստծու առաջին խոստումը:

«Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի» (Եսայի 9:6):

Աստված նախապես խոստացել էր պարգևել օձի գլուխը ջախջախող Զավակին: Աստված ուխտ կնքեց մեր հայրերի հետ, երբ ասաց Աբրահամին. «Քո սերնդով պիտի օրհնեմ աշխարհի բոլոր ժողովուրդներին» (Գործք Առաքելոց 3:25): Խոստացված այդ զավակին Մովսեսը անվանում է Մարգարե (Բ Օրինաց 18:15), Դավիթը՝ Քահանա (Սաղմ. 109:4), Սողոմոնը՝ Որդի Աստծո (Իմաստ. Սողոմոնի 2:13), Եսային՝ Մանուկ և Որդի (Եսայի 9:6), Միքիան՝ Իշխան (Միքիա 5:2), Երեմիան՝ Տեր Քրիստոս (Ողբ 4:20), Զաքարիան՝ Թագավոր (Զաքարիա 9:9):

Անսահման խոնարհություն. տիեզերքի ստեղծողին ծնվելու տեղ չեն տալիս մարդիկ, բոլորին Արքայություն շնորհողը ծնվում է քարայրում և բազմում անասունների մսուր-ախոռում: Ծնված պահից սկսած երկինքն ու երկիրը խոստովանեցին, որ նորածին Մանուկն է աշխարհի Փրկիչը, որ Նա է երկնքի և երկրի մեջ հաշտություն ու խաղաղություն բերող միակ Միջնորդը: Խոստացված այս Մանուկը ջախջախեց հակառակորդ սատանայի գլուխը և ջնջեց Ադամի ձեռագիրը (Կող. 2:13-14): Ահա այսպես մարդացավ Հիսուս, որպեսզի մենք աստվածանանք. «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա» (Աթանաս Ալեքսանդրացի): Երկինքն ու երկիրը վկայեցին, որ Հիսուսը Աստծո Որդին է:

Քրիստոս մարդուն փրկագործելու համար ջնջեց հակառակորդի ձեռագիրը, խաչափայտի վրա բևեռեց մեր մեղքերը, Իր սուրբ Արյունով լվաց մեր հոգիները, Իր Մարմնի պատարագումով քանդեց այն միջնորմը, մեղքի թանձր պատը, որ առկա էր մեր և աստվածության միջև: Խաղաղեցրեց երկինքն ու երկիրը և մարդկային փրկագործված հոգին ներկայացրեց Հայր Աստծուն՝ աղաղակելով. «Հա՛յր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին» (Ղուկ. 23:46): Հիսուս Քրիստոս ստանձնեց կատարել խոստացյալ Զավակի, Մեսիայի, Փրկչի, Մարգարեի և Թագավորի պաշտոններ: Այդ ամենը կատարեց ամենայն անձնվիրությամբ մինչև մահու խաչի և մահու գերեզմանի համբերելով: Սրա համար է ասում մարգարեն. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին» (Եսայի 1:9):

Բանն Աստված՝ Միածին Որդին, խորհրդակից է Հայր Աստծուն և Հոգի Աստծուն. «Նա ծնեց ինձ հենց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, ավելի առաջ, քան անդունդներ կբացեր, ավելի առաջ, քան աղբյուրների ջրեր կբխեցներ, և էլ ավելի առաջ, քան կհաստատեր լեռներն ու բոլոր բլուրները: Տերն ստեղծեց շեն ու անշեն վայրեր և բնակելի աշխարհները երկնքի ներքո: Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը, երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրա, երբ նա զորություն էր տալիս վերին ամպերին և երբ նա աղբյուրներ էր հաստատում երկնքի ներքո: Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որ ջրերը նրա ափերը չանցնեն, այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը, ես նրա մոտ էի որպես գործավար: Ինձնով էր, որ Տերն ուրախանում էր մշտապես, և ես ամեն ժամ ցնծում էի նրա առաջ» (Առակ. 8:23-30): Հովհաննես ավետարանիչը  Հիսուսին տալիս է հետևյալ տիտղոսը՝ «Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած»: Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ: Բանը մարմնացավ, մարդացավ, մարդկանց հետ բնակվեց և Ինքը՝ Բանը, Որդին Աստված, դարձավ Մարդու Որդի, որով և մարդու որդիները բարձրացան դառնալու Աստծո որդիներ: Եթե չմարմնավորվեր փրկության ճանապարհ չէինք կարող ունենալ: Նրա մարդացումը Աստծո փառքի արտահայտություն է: Մարմնացած «Բանը դառնում է հայտնությունը անտեսանելի Աստծո» (Հ. Բերնարդ):  

 

Գայանե Սուգիկյան

10.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․