Գրքեր

«Ողորմածությունը մարդուն ակնթարթորեն մոտեցնում է Աստծուն»

«Ողորմության առաքինության մեջ գտնվողն ամեն անգամ բազումողորմ Աստծուց արժանանում է այն փրկարար օղակին, որը՝ որպես կենարար հոգևոր օդ, փրկում է մարդուն իր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Կարիքավորին օգնության ձեռք մեկնողը Տիրոջից մի յուրօրինակ լույս ու թեթևություն, ուժ ու եռանդ է ստանում առաջ շարժվելու և առաքինությունների մեջ հարստանալու համար: Եվ մարդն այն սքանչելի զգացումն է ապրում, որ կրկին մոտեցել է Աստծուն, քանի որ մերձավորի նկատմամբ տածած սերը մարդուն ակնթարթորեն մոտեցնում է Բարձրյալին և հենց դա է, որ մարդու մեջ ապրելու և հոգևոր ուրախության ծարավ է առաջացնում»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Հոգևոր այս ուրախության ծարավն է, որ ողջ աշխարհում մեկտեղում և համախմբում է քրիստոնյա անհատներին՝ հավատից թելադրված բարեգործության շուրջ: Ամեն անգամ այդքան բաղձալի ուրախությամբ է հագենում և լիանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ իրագործում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հերթական այցը համայնքն ունեցավ հոկտեմբերի 12-ին՝ Տեր Գրիգորի գլխավորությամբ այցելելով Արտաշիսյան 37/18 հասցեում բնակվող Համբարձումյան ընտանիքին: Բազմազավակ ընտանիքին ուրախություն էր պատճառել համայնքի այցը: Կարիքավոր ընտանիքն ամեն տարի ձմռանը ջեռուցման հետ կապված խնդրի առջև է կանգնում, սակայն վեց զավակների հայրը՝ 61-ամյա Ռուբեն Համբարձումյանն, ասաց, որ այսօր ընտանիքի համար մեծ ցավն իր երկու տղաների առողջական խնդիրներն են: Տղաներից մեկը երիկամային լուրջ խնդիր ունի, մյուսն էլ տառապում է «Պարբերական» հիվանդությամբ: Ընտանիքում միայն աշխատում են Ռուբեն Համբարձումյանը, նրա կինը և ավագ որդին:

Բազմազավակ ընտանիքի խնդիրներին ծանոթանալուց հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Բազմազավակ ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունքի ու աջակցության համար:

 

 

Կարինե Սուգիկյան

12.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․