Գրքեր

Ողորմության պտուղները մնայուն են

Մայիսի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անուշին (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հարությունյանների բազմազավակ կարիքավոր ընտանիքը բնակվում է Մարգարյան 1-ին նրբանցքի 6/1 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում: Վեց զավակների մայրը՝ Անուշ Հարությունյանը, ասաց, որ ընտանիքում դժվար իրավիճակն առավել բարդացավ, երբ ամուսինն ավտովթարի ենթարկվելուց հետո այլևս չկարողացավ աշխատել: «Տղաներիցս երկուսը՝ մեկը սրտի, իսկ մյուսն արյան հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեն, ազատվել են բանակից, սակայն ո՛չ իրենց, ո՛չ ամուսնուս հաշմանդամության կենսաթոշակ չի հատկացվում: Ընտանեկան նպաստ այլևս չենք ստանում, ինձ էլ տարիքիս պատճառով չեն ընդունում աշխատանքի, միայն երկու աղջիկներս են աշխատում, բայց իրենք էլ չունեն մշտական աշխատանք: Ապրիլ ամսից, կոմունալ վարձերը չվճարելու պատճառով, անջատել են մեր բնակարանի գազը և հոսանքազրկել, տասն օր է, ինչ, վարձի մի մասը վճարելով, միացրել են միայն հոսանքը: Մեր խնդիրների լուծումները գտնելու համար՝ որոշել ենք մեր բնակարանը վաճառել և արտերկիր գնալ»,- ցավով նշեց ընտանիքի մայրը և իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, հոգևոր հովվին և աջակից անձին՝ երկրորդ անգամ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

Աստծո կողմից շնորհված փառքն ու հարստությունը վայելում է այն անձը, ով երկյուղ ունի Տիրոջ հանդեպ և հարուստ է իր բարի գործերով: Սովորաբար Սուրբ Գիրքն իրական և ճշմարիտ հարստությունը համարում է բարի գործերը և հորդորում է մարդկանց հարստանալ բարի գործերով, քանի որ աշխարհիկ հարստությունը դատարկ է և ոչ իրական: Առաքյալներն ու սրբերը հարուստ էին այդ մնայուն հարստությամբ, նրանք ունեին փառք, բայց ոչ երկրային, այլ՝ աստվածային: Այն, ինչ որ երկրային է, անցողիկ է և ժամանակավոր, այնինչ ողորմության պտուղները մնայուն են և ուղեկցում են մարդուն դեպի հավիտենական կյանք: Տիմոթեոսին ուղղված իր նամակում այս նկատի ուներ Ս. Պողոս առաքյալը, երբ ասաց. «Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար. պատվիրի՛ր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսեր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ իրենց համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը» (Ա Տիմոթեոս 6:17-20):

 

Կարինե Սուգիկյան

03.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․