Գրքեր

Ողորմություն անելու մասին

Մի մենակյաց կար, որն ուներ աղքատ աշխարհիկ եղբայր, և ինչ վաստակում էր, տալիս էր այդ աշխարհիկ եղբորը, իսկ աշխարհիկն ավելի էր աղքատանում: Եվ եղբայրը, գնալով մի ծերի մոտ, պատմեց եղելությունը: Ծերը նրան ասաց. «Եթե կամենում ես ինձ լսել, այլևս մի՛ տուր նրան, այլ ասա՛. «Եղբա՛յր, քանի դեռ կար` տալիս էի քեզ, իսկ հիմա ինչ որ դու վաստակես, բե՛ր ինձ քո վաստակից»: Եվ ինչ  որ բերի քեզ, վերցրո՛ւ նրանից և որտեղ գիտես՝ մի օտարական կամ ծեր աղքատ կա, տո՛ւր նրան և աղաչի՛ր, որպեսզի աղոթք անի նրա համար»: Եվ եղբայրն այդպես էլ արեց. երբ եկավ աշխարհիկ եղբայրը, խոսեց նրա հետ` ինչպես ծերն էր իրեն ասել, և նա տրտմությամբ գնաց իր տուն: Առաջին օրը մի քիչ բանջար բերեց իր վաստակածից, և եղբայրը վերցնելով այն՝ տվեց ծերերին և աղաչեց նրանց` աղոթք անել նրա համար, և օրհնվելով նրանցից` գնաց: Այդպես դարձյալ բերեց բանջարեղեն և հաց, և եղբայրը վերցնելով` նույն կերպ վարվեց: Երրորդ այցին` շատ բան բերեց, նույնիսկ` ձուկ և գինի, և եղբայրը տեսնելով՝ զարմացավ, ապա կանչելով աղքատներին՝ կերակրեց նրանց: Եվ ասաց նրան եղբայրը. «Մի՞թե հացի կարիք ունես, եղբա՛յր»: Եվ նա ասաց. «Ո՛չ, տե՛ր, որովհետև երբ քեզանից որևէ բան էի առնում, որպես կրակ էր մտնում իմ տուն և լափում էր ամեն ինչ, իսկ դրանից հետո, ինչ քեզնից չեմ վերցնում, Աստված ողորմեց ինձ և օրհնեց»: Եղբայրը, գնալով ծերի մոտ, պատմեց այն ամենը, ինչ պատահեց իր հետ: Եվ ծերը նրան ասաց. «Չգիտե՞ս, որ մենակյացի վաստակը հուր է` ուր մտնում է` այրում է: Առավել ևս ա՛յս է օգտակար, որ մարդ իր վաստակածից ողորմություն անի, և սրբերի աղոթքը օգնական կլինի նրան, և այսպես կօրհնվի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․